ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի (1998թ. փետրվարի 3) մեջ: 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի ուշագրավ բացահայտում արեց առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը, երբ խոսքի ընթացքում հիշեց ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին գաղտնալսված և Youtube-ում հրապարակված այդ հեռախոսազրույցի ժամանակ Նուլանդը հայհոյել էր Եվրամիությանը (անգլերեն բառացի ասել էր` «f*ck the EU» ), որից հետո ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրելու: «ԱՄՆ-ը յուրահատուկ մոտեցումներ ունի (աշխարհաքաղաքական հարցերում,- Ա.Ս.): Լավագույն դեպքում Եվրոպայի հետ է խորհրդակցում, բայց պարզվեց, որ Եվրոպան էլ իր հոգը չէ: Ի՞նչ ասաց այդ պետքարտուղարի տեղակալը` Վիկտորիա Նուլանդը, ի՞նչ բառ գործածեց եվրոպացիների մասին,- հիշեց ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում բնակվող Ժիրայր Լիպարիտյանը, ով մի քանի օրով եկել էր Երևան: «Իրականում դա շատ ահավոր բան է: Նուլանդը հին դեմք է:
Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան: Վիկտորիա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ: ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի»,- պատմեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ դա իր անձնական մեկնաբանությունն է:
Ժիրայր Լիպարիտյանի խոսքերով` ամերիկացիներին Հայաստանում անհրաժեշտ էր մարդ, ով անկախ չէր մտածում և իրենց պարտք էր, իսկ Տեր-Պետրոսյանն իրենց պարտք չէր: «Ամերիկացիները նյարդայնանում էին, երբ Հայաստանն ինքնուրույն որոշումներ էր կայացնում` ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի նախագահների ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքի: Հայաստանում այդ ժամանակվա ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնը շատ մեծ աշխատանք տարավ տկարացնելու համար Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև պետականությունն ու ներքին քաղաքական կայունությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Վիկտորիա Նուլանդը եկավ Հարվարդի համալսարան ելույթ ունենալու, ուր ինձ էլ էին հրավիրել: Վերջում Նուլանդը մոտեցավ, ասաց. «Դու բան չասացիր»: «Մանրամասները չգիտեմ, չեմ կարող կարծիք հայտնել»,- պատասխանեցի, բայց հավելեցի. «Տպավորություն ստացա, որ շատ ուրախ եք այս փոփոխությամբ»: «Այո»,- ասաց նա: Հարցրեցի`«Կարո՞ղ եք բացատրել»: Ասաց` «Դե, Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ մարդ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել:
Կարդացեք նաև
Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է և պիտի խաղաղություն հաստատի, խոստացել է»: Ես ասացի. «Եկեք պայմանավորվենք հետևյալը` Ռոբերտ Քոչարյանն առնվազն 10 տարի պետք է լինի նախագահ, բանակցություններում ոչ մի գործնական քայլ առաջ չենք գնալու, որովհետև նա դա չի ուզում: Եթե սխալ եմ, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ, իսկ եթե ոչ, Դուք ինձ կզանգեք և կասեք, որ ամերիկյան քաղաքականությունը սխալ էր»,- պատմեց Ժ. Լիպարիտյանը:
Պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը ներկայացրեց իր մեկնաբանությունն այն մասին, թե ինչ դերակատարություն են ունեցել գերտերությունները, մասնավորապես` ամերիկյան դիվանագետները Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի` իշխանության գալու գործում: «Երբ Տեր-Պետրոսյանն արդեն նախագահ չէր, իսկ Քոչարյանը դեռևս վարչապետ էր և պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, իր մոտ է հրավիրել ԱՄՆ-ի վերոհիշյալ դեսպանին և ասել, թե ծրագրում է իր թեկնածությունը դնել, արդյո՞ք դեսպանը կամ ԱՄՆ-ը հարց ունեն այս կապակցությամբ: Սահմանադրությամբ Քոչարյանը դրա իրավունքը չուներ, և Թոմսոնը դա շատ լավ գիտեր: Քոչարյանն իր համար ապահովում էր մեծ տերությունների օժանդակությունը, որ առարկություն չանեն իր` նախագահ դառնալուն: Այդ պետություններից մեկն էլ Ամերիկան էր: Փիթեր Թոմսոնը, ով խառնվում էր ցանկացած ներքին հարցի, պատասխանել է, թե ԱՄՆ-ը այլ երկրների ներքին գործերին չի խառնվում, բայց անմիջապես խնդրել է իր օգնականին, որ մնացյալ խոսակցությունն այլևս գրի չառնի»,- նշեց Ժիրայր Լիպարիտյանը:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
:)) ))) А еще говорят “свободные выборы, демократия, справедливость, европейские ценности…”! И сегодня все повторяется! Наши раффики, алики, степики и Ко не вылезают из посольств! А СМИ пишут только то,что диктуют ! В основном антироссийскую истерию !