Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Միայն հրոսակները չէին կարող գրավել Քեսաբը, եթե թուրքական բանակը չաջակցեր»

Ապրիլ 01,2014 10:47

«Եվ գիտական ոլորտից, եւ լրագրողներ եւ քաղաքական կուսակցություններից թող մարդիկ հավաքվեն եւ մեկնեն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» նման առաջարկ հնչեցրեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը Լաթաքիա մեկնած պատգամավորական խմբում էր: Պարոն Պողոսյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների այցը մասնավոր էր, ուստի պետք չէ այս իմաստով շահարկումներ անել, այլ պետք է նմանօրինակ նախաձեռնություններով հանդես գալ եւ հասարակական, եւ պետական մակարդակում: Պատգամավորը հորդորում է, որ այդ ամենն ի վերջո թող վերածվի «ազգային կոմունիկաբելնիության» եւ ի վերջո կարողանանք ձեւավորել հայի խնդիրների շուրջ միավորվելու մշակույթ:

Այն պահից, երբ Քեսաբն ազատագրված կլինի, ըստ Թեւան Պողոսյանի, նույն միահամուռ կերպով պետք է նրանց օգնենք`վերահաստատվելու իրենց բնակավայրում: «Վերջին հարյուրամյակի ընթացքում քեսաբցիները  չորս անգամ են տարհանվել այնպես անենք, որ այլեւս այդպես չլինի»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Պատգամավորական խմբի մեկ այլ անդամ`Էդմոն Մարուքյանն էլ մարդկանց հետ զրույցներից որոշ պատառիկներ պատմեց`նկատելով, որ դեպքը եղել է գիշերը, ժամը երեքի սահմաններում, մարդիկ, ովքեր սահմաններն էին հսկում, նկատել են, որ թուրք սահմանապահները ետ են քաշվում`ճանապարհ տալով հրոսակներին:

«Միայն հրոսակները չէին կարող գրավել Քեսաբը, եթե թուրքական բանակը չաջակցեր: Թուրքական բանակը երկու ինքնաթիռ`ռուսական ՄԻԳ է հանել երկինք, մեկին ինքն էլ տապալելով`թյուր տպավորություն ստեղծելու համար: Այս պարագայում սիրիական բանակը ոչ միայն անակնկալի է եկել, այլ ձեռքերը նաեւ կապված են եղել: Նրանք չեն մտածել, որ Թուրքիան իր տարածքը կտրամադրի հրոսակներին: Մի գերի ընկած պատմում էր, որ իրեն գերի վերցրածները արաբերեն չեն խոսում, ինքը մի կերպ է հասկացրել, որ քրիստոնյա է, հայ ու իրեն ասել են, որ գյավուր է ու պետք է սպանվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ 320 ընտանիք եկեղեցում օգտվում է օրական սննդից, տարհանված մարդկանց մի մասն էլ հարազատների կամ պարզապես հայերի ընտանիքներում հյուրընկալվել են ու սպասում են մինչեւ Քեսաբն ազատագրվի: Նա պատմեց, որ մարդիկ արդեն գիտակցում են, որ իրենց հարստությունը, փողը, ոսկին, թալանված է, տնտեսությունն ու տներն ավերված են, բայց մարդիկ չեն քննարկում չվերադառնալու տարբերակը:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց նաեւ, որ հակամարտությունը սկսվելուց առաջ տեղեկություն կար, որ զինյալներն օրական 400 դոլարով են ֆինանսավորվում, հիմա, ֆինանսավորում չկա`«ինչ թալանեք`ձերն է» սկզբունքն է գործում: Նա հիշեցրեց, որ Հալեպի հայկական գործարանները «բոլտ ու գայկայով» քանդել տեղափոխել են Թուրքիա:

«Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ այս ամենը վկայությունն է, որ ոչինչ չի փոխվել, մեթոդներն են միայն փոխվել»,- եզրափակեց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մինչ Հալեպի հայկական գործարանները «բոլտ ու գայկայով» քանդել տեղափոխել են Թուրքիա, Սերժ Սարգսյանը երիտասարդացման բջիջներ էր պատվաստում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930