Եվ այսպես, ի՞նչ էր ասում վարչապետը ՀՀԿ տնտեսական «հույժ կարեւոր» համաժողովում։ Նա եկել էր ասելու, որ ոչ ներմուծողները, ոչ սպառողները հույս չդնեն, որ Հայաստանը կարող է իրավիճակ թելադրել Մաքսային միությունում՝ մեր սպառողական շուկայում «ամենազգայուն» որոշ ապրանքատեսակների նկատմամբ գոնե մաքսատուրքերի վերանայման մասով։ Խոսքը, իհարկե, ոչ միայն ներմուծվող առաջին անհրաժեշտության պարենամթերքին է վերաբերում։
Մեզ համար պարենամթերքին հավասար «զգայուն» ապրանքատեսակ են նաեւ դեղորայքը եւ գուցե նաեւ էլի որոշ ապրանքատեսակներ։ Մինչդեռ վարչապետը կենտրոնանում է հատկապես միս-մսամթերքի վրա եւ ահա թե ինչու։ ՄՄ անդամ երկրները, տեղական արտադրությունը պաշտպանելու նպատակով, այս ապրանքատեսակի առանձին խմբերի վրա սահմանել են 15-25% մաքսատուրք, ինչը ենթադրում է, որ մեզ մոտ միս-մսամթերքի թանկացումներն անխուսափելի են։ Իսկ այն, որ ներմուծվող միս-մսամթերքի պահանջարկը մեր շուկայում շատ ավելի մեծ է, քան տեղական արտադրանքի պահանջարկը, պայմանավորված է միմիայն ցածր գներով։ 2013թ., օրինակ, Հայաստան է ներմուծվել 31,7 հազ. տ ընտանի թռչնի միս եւ մսամթերք, որի մաքսային արժեքը 1 կգ-ի համար կազմել է 1,5 դոլար։ Ներմուծվել է նաեւ 8,1 հազ. տ խոզի եւ 5,5 հազ. տ խոշոր եղջերավոր անասունի միս՝ երկուսի դեպքում էլ կիլոգրամը շուրջ 2,5 դոլար մաքսային արժեքով։ Հիմա այս նույն մթերքի մաքսային արժեքը, հետեւաբար եւ վերջնական սպառման գինը, կբարձրանա մինչեւ 15%:
Բնականաբար, սպասվող թանկացման դեմն առնել չկարողանալով, վարչապետ Տիգրան Սարգսյանը համաժողովում հայտարարում է. «…էժան մսամթերքի ներմուծումը հնարավորություն չի տալիս գյուղացիական տնտեսություններին իրացնել իրենց մսամթերքը, եւ նրանք ստիպված են լինում մրցակցել էժան բրազիլական, հնդկական եւ ամերիկյան մսամթերքների հետ եւ այդ մրցակցությանը չեն դիմանալու»։ Այդ բոլորը ճիշտ է, բայց ինչո՞ւ միայն այժմ հիշվեց տեղական արտադրողը, որը գուցեեւ շահեկան դիրքում կհայտնվի՝ ի հաշիվ սպառողի գրպանի։
Եվ հետո՝ խնդիրը մի՞թե միայն միս-մսամթերքն է։ Այնքան պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակներ կան, որոնց արտադրությունը Հայաստանում կազմակերպել հնարավոր չէ, բայց որոնք նույնպես անխուսափելիորեն թանկանալու են։ Ահա թե ինչ է ասում վարչապետն այս մասով. «Կան բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք մենք չենք արտադրում, այլ ներմուծում ենք երրորդ երկրներից։ Այս առումով միասնական մաքսատուրքերը մեգ համար ստեղծելու են որոշակի բարդություններ, եւ մենք պետք է ուղղվածությունը փոխենք դեպի Մաքսային միության շուկաներ եւ նախապատվությունը տանք հենց Մաքսային միության երկրների կողմից արտադրված ապրանքներին եւ ծառայություններին»։ Այս բոլորը պարզ է ինքնըստինքյան՝ այլընտրանք չունենալու փաստին դեմ-հանդիման։ Սակայն ո՞ւր մնացին «մեր տնտեսության համար զգայուն» այն 900 անուն ապրանքատեսակների մասով բանակցությունները, որոնց մասին վարչապետն անորոշ հիշատակում, սակայն, ըստ էության, ոչինչ չի ասում։ Սա չի՞ նշանակում, որ մեր իշխանություններին ՄՄ-ից առայժմ գոնե, նախնական խոստումների տեսքով, ոչինչ կորզել չի հաջողվել։
Կարդացեք նաև
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում