Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի մոտավոր հաշվարկներով, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին 5-55.000 տոննա ծիրան է կորցրել:
«Կորուստների մասին դեռ շուտ է խոսել, պետք է հաշվարկներ անել շաբաթվա վերջին, այս պահին տեղերում աշխատանք ենք դեռ տանում, բայց խոսքը գնում է 20-25 միլիոն դոլարի մասին, որ գյուղացին կորցրեց՝ հիմնականում ծիրանի, նշի, բալենու վնասներն են»,- Aravot.am-ին ասաց պարոն Բերբերյանը:
Նրա խոսքով, գյուղացու մեծ կորուստներից խուճապի պետք չէ մատնվել. «Ծիրանով գյուղատնտեսությունը չի վերջանում, չպետք է մոռանալ, որ ամեն հինգ տարին մենք միշտ ծիրանի բերքի կորուստ ենք ունենում, իհարկե, գյուղացին այսօր վատ վիճակում է, բայց դրանից աժիոտաժ սարքել, պետք չէ»:
Հրաչ Բերբերյանի խոսքով, չէր էլ կարող արդյունք տալ, որովհետեւ այն տեխնոլոգիաները, որոնք մեր հանրապետությունն է առաջարկում գյուղացուն, դա թեթեւացնում է ցրտահարությունը, բայց չի կարող ոչինչ փրկել:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունը իրենից ինչ պահանջվում էր արեց ցրտահարությունից բերքը փրկելու համար, բայց ցրտահարության դեմ պայքարի այն ծրագիրը, որը գյուղատնտեսության նախարարությունը օդերեւութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել ու ներկայացրել էր գյուղացիներին, չէր էլ կարող աշխատել. «Ծխահարելու ու ոռոգման հորդորները ընդամենը երկու աստիճանով կարող էին մեղմացնել: Այս օրերին բավականին ակտիվ էին ու իրենցից հասածն արեցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ