Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ ԵՄ գործընկերներին. «Այդ աղվեսն իրենց միջից էլ չի հեռացել»

Մարտ 31,2014 20:21

«Բանակը մեր ընտանիքն է, մենք հայավարի ենք դողում մեր բանակի համար եւ նրանում որեւէ բացթողում մեր բոլորի ցավն է: Բայց լավ կլիներ, որ մեր եվրոպացի գործընկերները ուզեին տեսնել նաեւ այն հսկայական աշխատանքը, որը առկա է եւ անվիճելի փաստ մեր բանակում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսպես մեկնաբանեց «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցը», որտեղ մտահոգիչ գնահատականներ կան զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված:

Զեկույցում նշվում է, որ «Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահվան դեպքերը, ինչպես նաեւ ծաղրուծանակի եւ զինակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը մտահոգություն են առաջացնում»:

Այդ զեկույցում դժգոհություն կա նաեւ կոռուպցիայի բարձր մակարդակի հետ կապված: Մասնավորապես ասվում է՝ «Հայկական հասարակության մեջ քաղաքական ուժերի եւ տնտեսական շահերի սերտաճում է նկատվում, ինչը հանգեցնում է որոշումների կայացման անթափանցիկությանը: Շատ քիչ գործողություններ են ձեռնարկվել բարձր ատյաններում կոռուպցիայի դեմ պայքարի համար: Էթիկայի հանձնաժողովը դեռ արդյունավետ չի գործում եւ ուժեղացման կարիք ունի»:

Մարգարիտ Եսայանի մեկնաբանությամբ՝ «Իսկ ո՞վ է ասում, թե կոռուպցիան արդեն սեւ աղվես է դարձել: Այո, այն կա, բայց կա նաեւ դրա դեմ իրականացվող աշխատանքը: Եվ եթե ԵՄ մեր գործընկերները իրենց շուրջը լավ նայեն, կտեսնեն, որ այդ աղվեսը իրենց միջից էլ չի հեռացել»:

Զեկույցում ԼՂՀ հարցի հետ կապված նշված է, որ «սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաեւ դեպի Լեռնային Ղարաբաղ հնարավոր թռիչքների շուրջ լարումները խոչընդոտել են կառուցողական մթնոլորտի ձեւավորմանը»:

Ըստ Մարգարիտ Եսայանի, «Նորություն չէ, որ ԵՄ-ն վաղուց է ձգտում միջամտել եւ մասնակից լինել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին եւ նույնքան վաղուց էլ գիտի մեր արձագանքը` մեզ բավարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը հարցի կարգավորման գործընթացում: Իսկ սպառազինությունների մասին ԵՄ-ն ճիշտ կանի խոսի ոչ թե մեզ հետ, այլ` մեր ռազմատենչ հարեւանի: ԵՄ որոշ պաշտոնյաներ շատ լավ գիտեն ռազմատենչի տեղը»:

Որպես հանձնարարություն՝ ԵՄ-ն 2014-ի համար իշխանությանն առաջարկում է՝ «Լիարժեք հետաքննել 2008թ. մարտի ընդհարումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը եւ ոստիկանական կալանքում վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները: Մեր հարցին՝ ինչքանո՞վ են իշխանություններն այսօր պատրաստ գնալ այս քայլին եւ բացահայտել Մարտի 1-ի սպանությունները՝ Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «ԵՄ-ն կառաջարկի թե ոչ, Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը մեր բոլորի գործն է, մեր ցավը եւ ամոթն է, որ այդ սպանությունները դեռ չեն բացահայտվել: Այնպես որ, մենք իհարկե զգացված ենք բարեկամական այս դիտարկումների համար, բայց մեզնից լավ եւ մեզնից սրտացավ ոչ ոք չի կարող լինել մեր խնդիրները լուծելու հանձնառության մեջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31