Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Այժմ, ավելի, քան երբեւէ մեր երկրում հավաքների եւ խոսքի ազատություն է»

Մարտ 31,2014 20:05

ԵՄ-ն հրապարակել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցը», որտեղ գնահատականներ կան 2013-ի ընտրությունների, քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունների, զինակոչիկների նկատմամբ ոտնձգությունների մասին:

Այդ գնահատականների հետ կապված Aravot.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

Զեկույցում ասվում է, որ 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները լուրջ խնդիրներ են արձանագրվել քվեարկության ընթացքի եւ ձայների հաշվարկի մասով եւ անհանգստություն է եղել ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ. «Չնայած ընտրական գործընթացում առաջընթաց է գրանցվել՝ խախտումները շարունակվում են: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը նշել է պետական կառավարման կողմից անկողմնակալության բացակայությունը, վարչական ռեսուրսների չարաշահումը եւ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նույնպես նշել են վարչական ռեսուրսների չարաշահման հանգամանքը, ընտրակաշառք բաժանելու փաստերը, ընտրական ցուցակներում անճշտությունները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը: Քվեարկության և ձայների հաշվարկի հետ կապված լուրջ խնդիրներ են գրանցվել և ընտրական գործընթացի ամբողջականությունը մտահոգության առարկա է դարձել»:

Մարգարիտ Եսայանը, մեր հարցին՝ համաձա՞յն եք զեկույցի այդ գնահատականների հետ, պատասխանեց. «Եթե դուք ինձ ասեք որեւէ միջազգային կառույցի զեկույցի մասին, որում այս կամ այն երկրում տեղի ունեցած ընտրությունները գնահատվում են բացարձակապես անթերի, ես անմիջապես կփորձեմ գտնել այդ երկրի տեղը գլոբուսի վրա: Ասելիքս այն է, որ չկա երկիր, չկա պետություն, որտեղ տեղի են ունեցել, կամ` երբեւէ տեղի են ունենալու բացարձակապես անթերի ընտրություններ: Համաձայնեք, որ ամեն ինչ, իհարկե, համեմատության մեջ է հասկանալի: Չեմ վիճում, եթե մեր երկրում տեղի ունեցած որեւէ ընտրություն փորձենք համեմատել օրինակ Ֆրանսիայում կամ Բելգիայում տեղի ունեցող ընտրությունների հետ, մենք բավական հետ ենք: Բայց մյուս կողմից հիշեք, թե ինչ կատարվեց 2008-ի ընտրություններից հետո եւ անմիջապես համեմատեք այն 2013-ի հետ, տարբերություններն ակնհայտ են,առաջընթացը` տեսանելի:

Զեկույցում հավաքների հետ կապված կա այսպիսի գնահատական. «ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքը սահմանում են հավաքների ազատությունը: Սակայն, 2013-ի զեկույցներում աճել է քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ բռնությունների, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոտնձգությունների եւ չափից ավելի ճնշումների վերաբերյալ արձանագրությունների թիվը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է Ոստիկանության կողմից իրականացված խախտումները, սակայն ոչ մի իրավախախտող դեռեւս դատական պատասխանատվության չի ենթարկվել: Նախագահական ընտրությունների արշավի ընթացքում զեկուցվել է, որ տեղական իշխանությունները թույլ չեն տալիս քաղծառայողներին այցելել ընդդիմության հանրահավաքները՝ միևնույն ժամանակ նպաստելով իրենց մասնակցությունը իշխանամետ հանրահավաքներին»:

Մարգարիտ Եսայանը չհամաձայնեց. «Իրականում այլ բան է տեղի ունեցել` անցած տարվա ընթացքում,նախորդ տարիների համեմատ, մեծացել է խաղաղ հանրահավաքների, քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող միջոցառումների, ակտիվիստների ակտիվությունը: Այժմ, ավելի, քան երբեւէ մեր երկրում հավաքների եւ խոսքի ազատություն է եւ եթե ինչ-որ թվեր մի քիչ ավելի բարձր են, դա հենց նշածս պատճառով է նաեւ: Ինչ խոսք, այստեղ եւս անելիքներ կան, բայց եւ մենք երբեք չպետք է համաձայնենք, որ մեզ եւ մեր երկիրը դիտարկեն որպես փորձաճագար եւ ամեն անգամ մեզ մատնացույց անեն: Ոչ մի երկրում ժողովրդավարությունը երկնքից ընկած մանանա չի եղել, երկրներն ու պետություններն այն ձեռք են բերել, դրան հասել են երկար տարիներ դժվարին եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ: Մենք , այո, դեռ ճանապարհ ունենք անցնելու,ընթացքը կա, գնում ենք եւ կհասնենք տրամաբանական եւ դեմոկրատական ափ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nvard says:

    Յա~ա, ընկեր Մարգոն անցել է ,,գլոբալ,, թեմաների….
    Բա ինչու այս ,, մարգարտաշար փայլատակումները ,, այլ լրատվամիջոցներով չի սփռում, ժողովուրդը կարդա`լուսավորվի….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31