«Երբ ես մեկ-մեկ ասում եմ, որ մարդ արարածին չեմ սիրում, ինձ հարցնում են՝ ո՞նց, ասում եմ՝ երեխաներին եմ սիրում և կենդանիներին, որովհետև մարդը մեծանալով գազան է դառնում: Մեծ հումանիստ Սարոյանն ասում էր, թե առանձին-առանձին վերցրած՝ ես սիրում եմ մարդկանց, անհատին, որովհետև մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»:
ՀՀ ժողովրդական արտիստ, Նիկոլայ Ծատուրյանի մտորումներն են, որոնցով նա այսօր կիսվեց լրագրողների հետ:
Անվանի թատերական գործիչը սարսռում է Ֆեյսբուքում տեղադրված նկարներից ու տեսանյութերից, որոնք պատկերում են Քեսաբի բնակչության հանդեպ իրականացվող վայրագությունները. «Բոլորդ էլ տեսել եք, թե ինչպես է հայրը՝ սառած, ապշած հայացքով, բռնել իր երեխայի անգլուխ մարմինը, ինչպես է կտրված գլուխը դրված մարմնի վրա, ինչպես են կրակում ծնկաչոք քրիստոնյաների վրա… Իսկապես, այդ ամբոխ կոչեցյալը՝ տգետ, ագրեսիվ, սարսափելի բան է»,- ասում է Ն. Ծատուրյանը:
«Գիտեք, ես պատուհանից նայում եմ Երևանին, լեռներ են երևում, շենքեր, մարդիկ և այլն, ու մտածում եմ՝ ախր, նույն բանը Քեսաբում էր (ես եղել եմ Քեսաբում մի քանի անգամ), և ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ որևէ վատ բան կարող է տեղի ունենալ: Հիմա, որ նայում եմ Երևանին, ասում եմ՝ բոլորիս հետ էլ կարող է այդ բանը տեղի ունենալ: Հանկարծակի ինչ-որ հարձակում, ու ամեն ինչ խառնվելու է իրար, մեր դժվարին, բայց խաղաղ կյանքը կարող է վերածվել դժոխքի: Եվ զարմանում եմ, թե մենք ինչո՞ւ ենք այսքան անտարբեր մեր քեսաբահայերի նկատմամբ: Ինչո՞ւ պիտի մենք այնքան քոսոտ լինենք, այնքան խեղճուկրակ, որ չգնանք, չուղարկենք այնտեղ մեր զորքը և պաշտպանենք այն հողերը, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում: Ճիշտ է, դրանք մեր հողերը չեն, Սիրիայինն են, բայց դա ի՞նչ կապ ունի. չէ՞ որ հայեր են այնտեղ ապրում»,- ասում է պարոն Ծատուրյանը:
Կարդացեք նաև
Նա ուրախ է, որ կան անհատներ, որոնք առաջարկում են փոքր ջոկատներ կազմել և գնալ պաշտպանելու քեսաբահայերին, բայց նրան մտահոգում է, որ դա պետական մասշտաբով չի արվում: «Մեր այս խեղճությունը շատ հարցերում է երևում՝ թե´ ռուսների քացու տակ ընկնելը, թե´ ամեն հարցում սպասելով՝ մեր մեծ եղբայրն ինչ կասի: Լավ, ինչքա՞ն կարելի է,- զարմանում է Ն. Ծատուրյանը:- Ես առանձնապես չեմ պնդում, թե Եվրամիությանը միանանք, լավ կլինի, չէ´, դա էլ մի բան չէ: Բայց, ախր, ինչո՞ւ միանանք, ինչո՞ւ չենք կարող ունենալ մի երկիր, որը կկարողանա ինքն իր դիրքերը պաշտպանել, ինքն իր խոսքն ասել աշխարհում: Շատ տխուր վիճակ է»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ուղղակի աբսուրդ: Ի՞նչ է նշանակում ջոկատներ ուղարկել, պետական մասշտաբով չի արվում: Պատկերացնու՞մ եք ինչ տեղի կունենար պետական մասշտաբով նման գործողությունների դիմելու դեպքում: