«Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը շատ կարեւոր է: Մարտի 1-ի հանցագործությունը չբացահայտելը անպատժելիության երաշխիքն է հանդիսանում: Քանի դեռ Մարտի 1-ի հանցագործությունը ամբողջական, համակողմանի իրական գնահատական չի ստացել, անպատժելիությունը կմնա երաշխավորված ՀՀ-ում,որովհետեւ Մարտի 1-ի հանցագործության մեջ ներգրավված են այսօրվա գործող պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ, որոնք շարունակում են պաշտոնավարել եւ որոնց շահերից է բխում հանցագործությունը չբացահայտելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես մեկնաբանեց ԵՄ-ի նոր զեկույցով Հայաստանին ուղղված առաջարկը՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված:
Խոսքը «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցի» մասին է, որտեղ առաջարկվում է ՀՀ իշխանություններին լիարժեք հետաքննել 2008-ի մարտի 1-ին ընդհարումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը եւ ոստիկանական կալանքում վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները:
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք Մարտի 1-ի մասնակիցների ցուցակ են հրապարակել եւ շուտով նոր ցուցակ են տարածելու. «Այդ ցուցակի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ առաջիկա օրերին այդ ցուցակի համալրված տարբերակը կտարածենք»: Մենք հետաքրքրվեցինք, թե նոր ցուցակում բացահայտումնե՞ր կան: Արթուր Սաքունցը պատասխանեց. «Բացահայտումներ շատ կան, տեղեկություններ կան, որոնց հիման վրա լրացվել է Մարտի 1-ի ցուցակը, այն անձանց, որոնք այս պահին ներգրավված չեն: Ինքը հիմնական գործիքն է լինելու, որը պետք է օրակարգում դրվի որպես պահանջ իշխանությունների առջեւ, որ այդ ուղղությամբ քննությունը կատարեն: Ուզում է Սերժը լինի, ուզում է Պողոսը, Կիրակոսը եւ այլն, նման մասշտաբային հանցագործությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի դեռ բացահայտված չէ, մենք կլինենք խոցելի: Ուղղակի ասեմ, որ այդ հանցագործության մեջ ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները՝ առնվազն փորձագետների կարգավիճակով: ԵՄ-ի զեկույցը ընդամենը գալիս է օրակարգում ամրագրելու այն հարցերը, որոնց ուղղությամբ ՀՀ-ն պետք է աշխատի: ԵՄ-ն տեսնում է այն հարցերը, որը պետք է գտնվի Հայաստան-ԵՄ արշավանքի շրջանակներում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էտ ԵՄ-ն ուր էր 2008-ի մարտի 1-ից մինչև 2013-ի սեպտեմբեր: