Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ անդամները կոշտ հարցադրումներով հարցախեղդ են անում կառավարության և ԿԲ-ի ներկայացուցիչներին

Մարտ 31,2014 19:27

«Հունվարի 1-ի դրությամբ միայն 155 մարդ էր ընտրել պարտադիր կուտակային համակարգը՝ 250 հազարից: Սա  մտահոգիչ չէ՞ր այն դեպքում, երբ հենց ԿԲ-ում 1974-ից բարձր ծնվածների թիվը շատ ավելի շատ էր»,-այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին այսպիսի հարց հղեց ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննության ընթացքում:

Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ամբողջ համակարգի փորձը ամբողջ աշխարհում վկայում է այն մասին, որ համակարգը ներդնելիս ընտրողների քանակը լինում է սակավ: Սա պայմանավորված է համակարգի բարդությամբ և ֆինանսական գիտելիքների՝ նույնիսկ զարգացած երկրներում պակասով: Դրա համար էլ համակարգը նախատեսել էր լռելյայն ընտրության համակարգը, որ եթե մարդը որևէ գործողություն չի անում, ապա համակարգը իր փոխարեն ընտրություն է անում: Բոլորին էլ ժամանակ է պետք, մարդիկ կատարողականը իրենք իրենց գումարի վրա պետք է կարողանանք տեսնել և որոշումը ձևավորել»:

Գագիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ այսօրվա դրությամբ քանի՞ անձ է ֆոնդ և կառավարիչ ընտրել և քանի՞ անձի համար են կատարվել փոխանցումներ:

Ներսես Երիցյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ  5337 մարդ ընտրություն է կատարել: Հունվարի սկզբին օրական 400-500 մարդ ընտրություն էր կատարում, հետո նվազեց թիվը, վերջերս սկսեց աճել: Այն անձանց թիվը, որ գիտակցված ընտրել է չընտրելու տարբերակը այս պահի դրությամբ 10 հազար է:  2014-ի մարտի դրությամբ 127000 մասնակցի օգտին գործատուների կողմից կատարվել են փոխանցումներ:  Այդ անձանց անձնական նամակներով պետք է տեղեկատվություն ուղարկենք, որ ձեզ համար կատարվել է ընտրություն»:

Գագիկ Հարությունյանը, հիշատակելով Չիլիի փորձը, նշեց, թե անգամ Չիլին 2008-ին ստիպված է եղել որոշակի փոփոխություններ կատարել հիմնական խնդիրը չլուծելու համար՝ անգամ այն պարագայում, երբ այդ երկրում այդ համակարգը ներդրվեց տնտեսական բումի պայմաններում:  Արդյոք որո՞նք ենք Չիլիի դասերը և ռիսկերը գնահատվե՞լ են: Ներսես Երիցյանը պատասխանեց. «Խուսափելով Չիլիի սխալներից, հիմք է ընդունվել Էստոնիայի փորձը: Ինչ վերաբերում է Չիլիին, ապա Չիլին համակարգը ներդրեց, միայն երկրորդ հենասյունը չկար, չկար ինչ-որ սոցիալական բուֆեր: Չիլիում չունեին կենսաթոշակ, մեր պարագայում բազային կենսաթոշակի ներդրումը հարցի լուծումն է»:

ՍԴ անդամները հստակ հարցադրումներ էին կատարում. ի՞նչն է պատճառը, որ պարտադիրին տրվում է  առաջնահերթություն, բայց համակարգին կամավոր միանալու պարագայում խրախուսական համակարգը ներդրված չէ, կամ արդյոք չեն հաշվարկվել ռիսկերը, քանի որ օրենքի ներդրմամբ գործատուի հարկային ծանրաբեռնվածությունը թեթևացավ, աշխատողինը՝ ծանրացավ: Այս հարցերին սոցապ նախարարն այդպես էլ հստակ պատասխաններ չտվեց: ՍԴ անդամները շեշտադրում կատարեցին նաև քաղաքացու գումարները չվերադարձնելու դեպքում պատժամիջոցների համակարգի կիրառման մասին:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, հղում կատարելով երկրի բարձրագույն ղեկավարության այն հայտարարություններին, թե ժողովրդի 80 տոկոսը դեմ է, նշեց. «Հաշվարկե՞լ ենք արդյոք սոցիալական հնարավոր ռիսկերը, քանի որ ցանկացած բարեփոխում իր գինն ունի, կա որոշակի շեմ, որից հետո ժողովուրդը չի դիմանում»:  Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Այսպիսի բողոքը կանխատեսվել է: Սոցիալական ռիսկի խնդիրը հնարավորինս ամբողջական պարզաբանում տրամադրելն է: Մեր հասարակության մեծ մասը համակարգի վերաբերյալ դեմ է արտահայտվում՝  չունենալով համակարգի վերաբերյալ ամբողջական պատկերացում, դեմ է ավելի շատ անորոշությունից ելնելով»:

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննությունն ավարտվել է: ՍԴ վճիռը պարզ կլինի առաջիկա օրերին՝ սկսած վաղվանից:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31