Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. «Ամեն անգամ, երբ բարձրաձայնում ենք խախտման դեպքերը, ՀՀԿ-ի կողմից վայնասուն է լինում»

Մարտ 31,2014 18:45

Օրերս հրապարակվել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցը», որտեղ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ խոշտանգումների, ոտնձգությունների մասին գնահատականներ կան:

Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ աճել է քաղաքական ակտիվիստների եւ իրավապաշտպանների դեմ բռնությունների, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոտնձգությունների եւ չափից ավելի ճնշումների  վերաբերյալ արձանագրությունների թիվը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է Ոստիկանության կողմից իրականացված խախտումները, սակայն ոչ մի իրավախախտող դեռեւս դատական պատասխանատվության չի ենթարկվել»: Զեկույցում նաեւ նշվում է, որ «Իրավապաշտպաններ, լրագրողներ եւ այլ անձինք, ովքեր փոքրամասնության տեսակետներ ունեն վիճահարույց խնդիրների շուրջ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ չարաշահումները զինված ուժերում, երբեմն ենթարկվում են ահաբեկումների, ոտնձգությունների, սպառնալիքների եւ բռնությունների»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցրեց, որ ԵՄ զեկույցն ամրագրում է այն բոլոր խնդիրները, որոնք կան մեր երկրում. «Մենք բազմաթիվ փաստեր ունենք՝ իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների մասին: 2013-ին նախագահական ընտրությունների եւ ավագանու ընտրությունների ժամանակ, երբ դիտորդական առաքելություն էինք իրականացնում, այդ ժամանակ դիտորդների նկատմամբ ոտնձգությունները կտրուկ ավելանում են: Հիշեք համայնքային ուղեւորավարձերի հետ կապված քաղաքացիական ակցիաների ժամանակ, մասնավորապես քաղաքապետարանի մոտ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունները, Թրանսփարենսի ինթերնեյշնլ կենտրոնի խորհրդի անդամ Սուրիկ Սաղաթելյանի նկատմամբ բռնությունը, Շանթ Հարությունյանի կողմից քաղաքացիական անհնազանդության մասնակիցների նկատմամբ բռնության փաստը, Սերժ Սարգսյանի ՄՄ անդամագրվելու որոշման դեմ բողոքի ակցիայի 110 մասնակիցների ակնհայտ ապօրինի ազատազրկումը, թեկուզ կարճաժամկետ, երբ ոստիկանական բաժանմունք էին բերման ենթարկել խաղաղ հավաքի ժամանակ եւ կասեցրել երթը: 2013-ի ավագանու ընտրություններին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նույնպես բռնություններ եղան: Միայն դեկտեմբերի 2-ի ակցիայի ժամանակ իշխանության կողմից կառավարվող եւ  նրանց ղեկավարությամբ գործող լրատվամիջոցներով իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հրապարակային ահաբեկումներ եղան, երբ նրանց անվանում էին ազգային դավաճաններ, կամ 5-րդ էշելոն, պետության անվտանգությունը խարխլողներ»:

Արթուր Սաքունցը հիշեցրեց նաեւ Խաչիկ Ասրյանի սպառնալիքները՝ ուղղված Զարուհի Փոստանջյանին. «Փոստանջյանի նկատմամբ հրապարակային սպառնալիք կար, որ պետք է այրել խարույկի վրա: Այդ գործը դատաքննության փուլում է: Քանի որ քրգործի հարուցումը մերժել էին, մենք դա բողոքարկում ենք դատարանում»: Արթուր Սաքունցը նկատեց, որ հիմա ոստիկանությունը քաղաքացիների վրա ճնշումների եւ բռնությունների իր մեթոդը փոխել է. «Եթե նախորդ տարիներին ոստիկանությունն ուղղակիորեն էր օգտագործվում՝ լրագրողների գործունեությունը սահմանափակելու համար, իրավապաշտպանների, ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների համար, Լեւոն Բարսեղյանին բերման էր ենթարկում, օրինակ, 2013-ին մի նոր երեւույթ եղավ: Արդեն օգտագործում էին կրիմինալ մարդկանց, որոնց միջոցով էին բռնություններ իրականացվում: Իբր հանցագործություն, բռնություն կատարած անձանց չեն կարողացել բացահայտել: Եվ բռնություններ կատարող ոստիկաններն են անպատիժ մնում, եւ բռնություններ կատարող քաղաքացիական անձինք, որոնք հովանավորվում են կամ հանդիսանում են քաղաքական իշխանության մերձավոր հարազատները կամ նրանց աջակիցները: Այսինքն, այստեղ անպատժելիության մթնոլորտ է: ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հայցադիմումների քանակը, որ նայենք, աճ է նկատվում դատական հայցերի: Այսինքն, պետության ներսում այն քաղաքականությունը կա, որ պատժենք խախտումների մասին ահազանգողներին: Ոստիկանական բաժիններում դեռ բռնությունները շարունակում են գործել որպես մեթոդ՝ ապացույցների ձեռքբերման համար: Ավելին, նաեւ բողոքները, որոնք վերաբերում են ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություններին, որպես կանոն, քրգործեր չեն հարուցվում: Եթե նույնիսկ հարուցվում են, ապացույցների բացակայության հիմքով կարճվում են: Ոստիկանները շարունակում են մնալ իշխանության ձեռքին գործիք:

Զեկույցում նշված է, որ «մտահոգություններ են առաջացնում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահվան դեպքերը, ինչպես նաեւ ծաղրուծանակի եւ զինակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը»: Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Ամեն անգամ, երբ մենք բարձրաձայնում ենք զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ վայնասուններ են լինում, այդ թվում նաեւ՝ ՀՀԿ խմբակցության անդամների կողմից՝ Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Կարեն Ավագյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31