«Բոլորս էլ տագնապով ենք լսում Քեսաբին վերաբերող լուրերը, և ահավորն այն է, որ, փաստորեն, գործնական օգնություն չենք կարող ցույց տալ մեր ժողովրդին: Ճիշտ է, միջազգային հանրությունը հանդես է եկել հայտարարություններով, բայց հայտարարությունը թուրքի համար ի՞նչ է: Ոչինչ»:
«Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն այսպես արտահայտեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Նկարիչը գտնում է, որ մեր ժողովուրդը պիտի բողոքի ձևով, միջազգային կազմակերպություններին դիմելով պարտադրի, որ գործնական միջամտություն լինի այս հարցում. «Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ առանց որևէ իրավունքի, թուրքերը միջամտեն այդ երկրի, այդ մարդկանց կյանքին, մանավանդ որ հարվածը, առաջին հերթին, մեր ժողովրդին է ուղղված: Կարծում եմ՝ հասարակական վերաբերմունքը նման դեպքերում ավելի է ազդում, քան պետական: Մենք ինքներս պետք է ակտիվանանք»,- ասում է բանախոսը:
Նա գտնում է, որ այս առումով կարևոր դեր կարող են խաղալ Ամերիկայի և Եվրոպայի հայկական համայնքները:
Կարդացեք նաև
Հ. Շահումյանը չի բացառում, որ Քեսաբի վրա հարձակումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտության արդյունքն է. «Այլապես, թուրքերը հազիվ թե այդքան համարձակություն ունենային մտնելու օտար տարածքներ,- ասում է նա,- և եթե Թուրքիայի քիթը հիմա չտրորվի, մի քանի տարի հետո անկառավարելի կարող է դառնալ, որովհետև գնալով զարգանում է այդ երկիրը, և, հատկապես, նրա տնտեսությունը»:
Պարոն Շահումյանը ենթադրում է, որ Քեսաբի վրա հարձակումը Թուրքիայի կողմից դիվանագիտական քայլ է. «Ցավալին այն է, որ Եղեռնի հարյուրամյակի նախաշեմին թուրքերը, կարծես, կրակի վրա յուղ լցնելու փորձեր են անում: Նրանք լավ դիվանագետներ են, երևի ինչ-որ բան են մտադրվել, թե չէ, հազիվ թե մտածեին, որ մարդկությունը դա չի նկատի և աղմուկ չի բարձրացնի: Մանավանդ, ինչո՞ւ են որպես նշանակետ ընտրել հենց Քեսաբը, որտեղ հայեր են կենտրոնացած»,- հարցնում նկարիչը:
Արդյոք սա «լավ» առիթ չէ՞, որ մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք:
«Սփյուռքը մեր կորուստը և հարստությունն է միաժամանակ,- ասում է պարոն Շահումյանը:- Այսօր սփյուռքի դերը Հայաստանի կյանքում ահռելի է, և պե՞տք է, որ մենք կորցնենք այդ հրաշալի գաղութը: Մյուս կողմից, արդյո՞ք մենք այսօր, թեկուզ տնտեսապես, ի վիճակի ենք սատարելու մեր սիրիահայ եղբայրներին: Կարծում եմ՝ ոչ: Եվ, վերջապես, մենք ինքներս էլ պետք է հասկանանք, որ տարբեր մշակույթների կրողներ ենք և կարող ենք իրար չհասկանալ»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ