Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է հեշթեգը կեղծ լուրեր տարածելու գործիք դառնում. #SaveKessab-ի դեպքը. media.am

Մարտ 31,2014 17:28

media.am. «Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը »

#SaveKessab անունով տեղեկատվական արշավը աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին:

Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին Քեսաբ, տեղի հայերը լքել էին բնակավայրը եւ տեղափոխվել էին Լաթաքիա: Քեսաբահայերը դեռ հույս ունեն վերադառնալ իրենց տները: Աշխարհը հետեւում է Սիրիայի այդ հատվածում իրադարձությունների զարգացմանը: #SaveKessab հեշթեգը, կարծես թե, այդ իրադարձությունների՝ հայությանը վերաբերվող կողմի վրա ուշադրություն դարձնելու նպատակ պետք է ունենար:

#SaveKessab արշավը թափ էր առնում աստիճանաբար: Հիմնական հարթակներն էին Twitter-ը, Facebook-ը եւ Instagram-ը: Արշավին միացել են հայտնի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը: Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի անձնավորություններից մեկը՝ Քիմ Քարդաշյանը Twitter-ում #SaveKessab գրառումներ կատարեց:

Քեսաբում բնակվող հայերը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակներում են արտագաղթել Սիրիա: 1915-ի դեպքերի հետ զուգահեռները եւ այն, որ ըստ տարբեր աղբյուրների սիրիացի ապստամբները Քեսաբը գրավել են Թուրքիայի կողմից առիթ հանդիսացան, որ #SaveKessab հեշթեգի կողքին օգտագործվի նաեւ #ArmenianGenocide հեշթեգը: Ավելին, այդ զուգահեռները սոցիալական մեդիա արշավում  դոմինանտ դեր են կատարում:  Ու ստացվում է, որ 1915թ.-ի ցեղասպանության ու Քեսաբում հայզգի զոհերի մասին կեղծ լուրերի միջեւ հավասարության նշան է դրվում: Ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանը շատ դիպուկ գրառում էր կատարել այս թեմայով իր Twitter-ում:

Լիանան ճիշտ է նկատել՝ #SaveKessab հեշթեգով հատկապես կեղծ տեսանյութերը տարածվում են արագ եւ մեծ համառությամբ: Մասայական գնդակահարության տեսարաններ, որ Քեսաբի հետ ոչ մի կապ չունեն (կեղծ տեսանյութը տարածել էր ռուսական LifeNews-ը, սակայն սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել էր մարտի 20-ին, մինչեւ Քեսաբի գրավումը), խաղարկային ֆիլմերից կտրված կադրերով պատրաստված տեսանյութեր:

Այս տեսակի կեղծ տեղեկատվությունը տարածողները հաճախ հասարակ օգտատերեր են, որ ուղղակի ուզում են սոցիալական մեդիան օգտագործել իրենց հայրենասիրությունը ցույց տալու կամ ուղղակի քեսաբահայերի խնդրի լուծմանը իրենց կարողացածի չափով օգնելու համար:

Խնդիրն այն է, որ տեղեկատվությունը Քեսաբից որպես այդպիսին շատ սուղ է: Առաջին աղբյուրից տեղեկատվությունը գրեթե բացակայում է: Իսկ երբ տեղեկատվություն չկա, շատ հեշտ է այն փոխարինել ապատեղեկատվությամբ:

Առաջինն «Ապարեզ»-ն էր, որ գրեց 80 զոհերի մասին, առանց տեղեկատվությանը որեւէ հղում անելու: Նրանց ազգության մասին տեղեկատվություն նույնպես չկար: Հայ զոհերի մասին տեղեկատվություն ընդհանրապես պաշտոնապես չի հաստատվել: Նույն սոցիալական մեդիայի օգնությամբ Քեսաբում հայազգի զոհերի մասին լուրերը հերքվել են:

Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը: Եւ #SaveKessab-ը այստեղ բացառություն չէ:

Խնդրի լուծումը լրագրողների համար սոցիալական մեդիայից նորությունների ստուգման մեխանիզմների կիրառումն է: Արդեն համապատասխան ձեռնարկն էլ հասանելի է ցանցում:  Այն կիրառելի է նաեւ հասարակ օգտատերերի համար, եթե նրանք share, like կամ retweet կոճակը սեղմելուց առաջ մի քանի րոպե ծախսեն իրենց կողմից տարածվող տեղեկատվությունը ստուգելու համար:

Գեղամ Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31