«Մենք» երիտասարդական շարժման անդամներն այսօր հայտարարեցին, որ իրենք միանում են նախօրեին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հորդորին` միասնական ուժերով արագ արձագանքման երիտասարդական շտաբ ստեղծելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պարոն Բաբայանն ասել էր, թե բոլոր այն հ/կ-ները, որոնք զբաղված չեն միայն գրանտակերությամբ, պետք է միավորվեն եւ միասնական ուժերով արագ արձագանքման երիտասարդական շտաբ ստեղծեն:
Շարժման նախագահ Րաֆֆի Գյոզալյանն այսօր «Երկու երես» ակումբում ասաց, որ մարտի 28-ին շտաբի առաջին ժողովն է եղել, եւ որոշել են. «Շտաբը աշխատելու է ներքին ժողովրդավարական սկզբունքներով, քննարկել ենք օրակարգ, եւ այն հ/կ-ները, որոնք կմիանան, իրականացնելու ենք բողոքի ակցիաներ, քայլերթեր, որոնց նպատակն է լինելու այդկերպ մեր բողոքը հայտնել կառավարությանը եւ ապրիլի 28-ին միասնաբար մեր անվստահությունն ենք հայտնելու գործող կառավարությանը»:
Նրա խոսքով, իրենց ակնկալած փոփոխությունների շեշտը երիտասարդության հարցի վրա է. «Այն երկրում, որտեղ կա արտագաղթի նման վիճակ, գործազրկության օրեցօր զարգացող մակարդակ, որտեղ չեն ընդունում այն օրինագիծը, որի համաձայն գործազուրկ մայրը կարող է ստանալ պետական նպաստ, մի երկիր, որտեղ պարտադիրի միջոցով կառավարությունը փորձում է հարստահարել առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող ժողովրդին, իմ կարծիքով, պետք է ձեւավորվի համաժողովրդական շարժ»:
Կարդացեք նաև
Շարժման փոխնախագահ Ռաֆայել Պողոսյանն էլ ասաց` միանում են Վահան Բաբայանի կոչին, որովհետեւ մտահոգված են երիտասարդների ապագայով. «Այսօր մեր պետության առջեւ ծառացած են շատ խնդիրներ, եւ մենք վճռական ենք այդ բոլոր խնդիրների հաղթահարման հարցում: Միայն միասնականության դեպքում կարող ենք ստեղծել այն երկիրը, որտեղ կուզենք վաղը ապրել: Մեր երկրում այսօր տիրում է ամենաթողություն, ձեւավորվել է գաղջ մթնոլորտ, մեր քաղաքացիները չեն կարողանում զբոսնել պարզ երեսով, որովհետեւ վստահ չեն վաղվա լավ օրվան»:
Ի դեպ, «Մենք» շարժման նախագահ Րաֆֆի Գյոզալյանը ԲՀԿ-ական է, ավագանու անդամ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ