Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հրավիրած մասնագետները, որոնք, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ճարտարապետների միության նախագահ» Մկրտիչ Մինասյանը, մեծ համբավ ունեն օդանավակայանները կառուցելու -վերակառուցելու գործում, շուտով կժամանեն Հայաստան` դիտարկելու տարբերակներ` «Զվարթնոցի» շենքը պահելու:
Նշենք, որ մարտի 28-ին Ճարտարապետության եւ քաղաքաշինության հարցերով հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հայտնել էր, որ օդանավակայանի հետագա զարգացման եւ հին շենքի պահպանման մասին համաձայնություն է ձեռք բերվել:
Մեզ հետ զրույցում, այդ աշխատանքներում ներգրավված Մկրտիչ Մինասյանն ասաց, որ արտերկրից ժամանած մասնագետներն իրենց տարբերակները կներկայացնեն, հայ ճարտարապետներն էլ իրենցը եւ կտեսնեն՝ ինչպես պահպանեն շենքը, որպեսզի միայն ֆունկցիոնալ առումով փոփոխություններ կատարվեն:
Պարոն Մինասյանի խոսքերով. «Մենք մեր առարկությունները հայտնեցինք, որ քանդելը դա լավագույն ճանապարհը չէ, լավագույն ճանապարհը շենքը պահպանելն է, առաջին պլանում այս խնդիրը դրեցինք: Քանդելով հարց չենք լուծում, քանդել, նշանակում է՝ մենք այնքան թույլ ենք մտածելակերպով, որ մենք չենք կարողանում մեր արժեքները պահել: Նման շենքը չի կարելի քանդել»:
Կարդացեք նաև
Մկրտիչ Մինասյանը, որպես ճարտարապետ, վստահ է, որ հնարավոր է շենքը պահպանել, եւ որ կոնցեսիոների մասնագետների հետ պետք է քննարկեն եւ գտնեն այն լավագույն տարբերակը, որը թույլ կտա եւ շենքը մնա տեղում, եւ կոնցեսիոները կարողանա իր հետագա ծրագրերն իրականացնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ձեր ինչին է օդկայանը,
Ամիսներ անց կկանգնի և ատոմակայանը,
Իմաստ չկա նստել տանը,
Անչափ բարդ է բութի բանը: