Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր Աուրա Պաուլ Հեյլվեյլը նշեց, որ «աուտիզմ» հիվանդության պատճառները դեռևս մնում են անհայտ:
Դոկտոր Հեյլվեյլը ասում է, որ նույնիսկ փորձառու մասնագետները չեն կարողանում հասկանալ, արդյոք այն ունի՞ ժառանգական բնույթ, թե՝ ոչ: «Մենք միայն գիտենք, որ աուտիզմով տառապող երեխաների ուղեղն աշխատում է այլ ձեւով եւ չենք կարող ասել, թե՝ ինչու: Տարիներ շարունակ կատարել են ուսումնասիրություններ, սակայն, ցավոք սրտի, դրանք ոչ մի հստակ պատասխան չեն տվել: Իսկ դրա բնույթը ժառանգական է, թե՝ ոչ, մինչ այսօր պարզ չէ»:
Դոկտոր Հեյլվեյլը հավելեց նաեւ, որ այս հարցը շատ հակասական է, քանի որ այն ընտանիքներում, որտեղ ծնված երեխաներից մեկն արդեն ունի աուտիզմ, հավանականությունը մեծ է, որ մյուս երեխան նույնպես կունենա այդ հիվանդությունը: Այդ իսկ պատճառով աուտիզմը, միգուցե, ժառանգական է:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո ք պատվաստումները աուտիզմի պատճառ կարող են հանդիսանալ, նույնպես մնում է անհայտ, քանի որ երեխաների մեծամասնությունը ձեռք է բերում աուտիզմ 18 ամսականում, որը համընկնում է պատվաստումների շրջանի հետ:
Իսկ «Աուտիզմ. Հաղթահարում» հ/կ-ի նախագահ Հասմիկ Մարգարյանն ասաց, քանի որ հնարավոր չէ ապահովագրվել աուտիզմից եւ հատուկ դեղեր էլ չկան, ապա հիվանդությունը թեթևացնելու համար միակ միջոցը մնում է կրթական մոտեցումը:
Հայաստանում 2012 թվականից ի վեր գործում է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որն ապրիլի 2-ին ժամը 13:00-ին կազմակերպում է քայլարշավ՝ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված: Քայլարշավը կսկսվի Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
Այնուհետև Ազատության հրապարակում տեղի կունենա աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես:
Նույն օրը՝ գիշերը «Light It Up Blue» («Կապույտ լույս վառենք») նախաձեռնության շրջանակներում Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների եւ երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք կյանք:
Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ