ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ամբողջությամբ համակարծիք է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ, որ «ֆեյքերի մասին» օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից: Պատգամավորը գտնում է, որ այս ոլորտում կարգավորման խնդիր չկա եւ, առհասարակ, դրանք այժմ Հայաստանի թիվ մեկ խնդիրները չեն:
«Սա պանդորայի արկղի հետ խաղալու առաջին քայլ է ու վտանգավոր զարգացումների կարող է բերել»,- այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նա:
Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ համացանցային ոլորտին «կպնելը» ստիպում է միջազգային իրավունքի ողջ կոնցեպտը վերանայել: Նա առաջարկում է առաջ չընկնել, սպասել ու տեսնել, թե միջազգային իրավունքի դաշտում ինչ կարգավորումներ են ստանում այդ խնդիրները, նոր քայլեր անել:
Հիշեցնելով քաղաքական իրողությունը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ՄՄ –ին, պատգամավորը մեջբերեց հայտնի խոսքը`«что рускому хорошо то немцу смерть»:
Կարդացեք նաև
Պատգամավորը գտնում է, որ այս նախաձեռնությունը «չի մարսվելու», քանի որ փորձ է արվում մտնել մի ոլորտ, որը գործնականում անհնար է վերահսկել: Նա նաեւ պատկերավոր օրինակ բերեց. «Պատկերացրեց որևէ կայքում մի չինացի կամ կորեացի քոմենթ է գրում`ասենք Սարիբեկ Կիրակոսյան պատգամավորը գիժ է: Հիմա մենք ո՞նց գտնենք էդ չինացուն»: Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը տեղից դիտողություն արեց Ալեքսանդր Արզումանյանին` մտեք Նյու-Յորք Times ու կտեսնեք, որ ինչքան հայերեն մեկնաբանություններ կան:
«Հասկացեք, որ սա էն գեղը չի, որ սրանից 200 տարի առաջ կար, գլոբալ աշխարհ է, որն առաջնորդվում է համամարդկային արժեքներով: Անիմաստ է սա: Հասկանում եմ, սաղիս էլ կարող են վիրավորել…մի կարդացեք քոմենթը»,- եզրափակեց պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ