Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ներդրումը կհետաձգվի՞

Մարտ 31,2014 15:04

«Հարգարժան վարչապետն ասած «հանունի համար աշխատելու» գաղափարը իրագործելու տեսանկյունից  հնարավո՞ր է մեկ-երկու տարով հետաձգել այս համակարգը, որ իրավական մեխանիզմներն ավելի կատարելագործվեն, քանի որ Դուք էլ անկեղծ ասացիք, որ իրավական տեսանկյունից ունենք թերացումներ»-ՍԴ-ում ընթացող գործի քննության ընթացքում, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը` այսպիսի հարց հնչեցրեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա հարցը հնչեցրեց «կառավարության քաջության» ֆոնի ներքո:

Հարցին պատասխանելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սկսեց այնտեղից, թե ինչ է կենսաթոշակը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց, թե «հարցին կոնկրետ պատասխանեք»: Նախարարը նշեց. «Մենք արդեն ուշացրել ենք, և ինչ-որ ժամանակահատված հետո դա շատ ավելի ծանր երևույթների ու իրավիճակի կբերի: Այս առումով կարծում եմ՝ ունենք հնարավոր պատուհան, որը պիտի օգտագործենք իրագործելու այս բարեփոխումները»:

ՍԴ անդամի մյուս հարցադրմանը, չե՞ք կարծում, որ 6-13 տոկոսի շեմը բարձր է, գուցե սկզբից ցածր ստացողների համար երկո՞ւ տոկոս սահմանեիք, որ ընդվզման մակարդակը նման չլիներ, կամ ինչո՞ւ եք քառասուն տարի մարդու վրա դնում, գուցե վերջին 10-15 տարվա վրա՞ դնեք պարտադիրը:

Այնուհետև շեշտեց. «Իմ` կենսաթոշակ ստանալու իրավունքը իրագործում եմ շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը: Իսկ դու ինձ քառասուն տարի առաջ ասում ես, չէ…Դու ինձ ասում ես` ախպեր, քառասուն տարի մուծի, հետո արի քառասուն տարուց ասա` հրաժարվում եմ: Ինչո՞ւ չեք թողնում քաղաքացուն  իր իրավունքն իրագործի, համ էլ  կթեթևանա նաև Ձեր` պոզիտիվ պարտականությունը»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Տոկոսի շեմի հետ կապված առնվազն քսան-քսանհինգ տարի վճարում պիտի կատարվի, տասը տոկոսի չափով, որ նախանշված փոխանցման գործակիցը ապահովենք: Հակառակ դեպքում կունենանք իրավիճակ, որ տրամադրված կենսաթոշակն իր գործառույթը չի կատարի: Իսկ քաղաքացիներն ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն  ունի պարտականություն իր բոլոր քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքներն իրականացնելու»:

ՍԴ նիստի ընդմիջման ժամանակ Aravot.am-ը Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` հետաձգվելու մասին հարցադրմանը իր պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ հնարավոր է օրենքի կիրառումը հետաձգվի՞, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես կարծիք հայտնեցի` ելնելով այն իրողություններից, ինչ որ ձևավորվել է և ինչի համար էլ իրականացվում են կենսաթոշակային բարեփոխումները: Մենք այդ առումով որքան ուշացնենք, այնքան շատ ավելի դժվար է լինելու անցումը: Հետաձգվել-չհետաձգվելու մասին ես կարծիքներ չեմ կարող հայտնել ՍԴ-ի կողմից ընդունվելիք որոշման հետ կապված»:

Նախարարի այն դիտարկումը, թե արդեն շատ ենք ուշացրել, դա արդյոք ճնշում չէ՞ր կառավարության ներկայացուցչի կողմից ՍԴ-ի որոշման վրա, գուցե թույլ տային, որ ՍԴ-ն որոշում կայացներ, պարոն Ասատրյանն այսպես արձագանքեց. «Ձեր կարծիքով մենք այստեղ ի՞նչ ենք ներկայացնում: Մենք` որպես կողմ, ներկայացնում ենք այն փաստարկներն  ու մոտեցումները, որոնք հիմք են հանդիսանում այս բարեփոխումն իրականացնելու համար: Հետևաբար մենք ներկայացնում ենք մեր կարծիքը, և ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է բացառապես Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ»:

Նշենք, որ ՍԴ վճիռը ամենայն հավանականությամբ պարզ կլինի այսօր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31