Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիզմի նշանները վաղ ճանաչելու շնորհիվ երեխան կարող է անհապաղ սկսել ստանալ բազմաթիվ մասնագիտացված բուժական միջամտություններ

Մարտ 31,2014 14:53

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականին ապրիլի 2-ը միաձայն հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների կոնվենցիայի հաստատմամբ այդ օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Այդ օրվանից սկսած՝ աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպությունները համագործակցում են, որպեսզի ապրիլի 2-ին առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը: Ամեն տարի այդ օրը իրազեկման նպատակով կազմակերպվում են միջոցառումներ, տեղի են ունենում քննարկումներ:

Այդ ծրագրի շրջանակներում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր սեմինար՝ «Աուտիզմով երեխաների ինտեգրումը հանրակրթական դասարաններ» թեմայով: Սեմինարը վարելու նպատակով Հայաստան էր ժամանել «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր, Կալիֆոռնիայի համալսարանի բժշկության ֆակուլտետի կլինիկական հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Այրա Հեյլվեյլը:

«Կենտրոնը շուրջ ութ տարի կրթաթերապևտիկ ծառայություններ է մատուցում աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաներին: Կենտրոնը իրականացնում է վարքային թերապիա (ABA), սոցիալ-ադապտացիոն ծրագրեր, երեխաների մասնագիտական հմտությունների ձևավորման և զբաղվածության ապահովման ծրագրեր: Այն գործում է առաջատար, միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդներով: Կենտրոնի հիմնադիր-տնօրենը` Այրա Հեյլվեյլը, իրականացնում է թերապիստների անընդհատ վերապատրաստում ԱՄՆ-ի մասնագետների կողմից: Կենտրոնը միակն է Հայաստանում, որ մատուցում է շաբաթական մինչև 40 ժամ հատուկ թերապիա-դասընթացներ: Կենտրոնում արդեն շուրջ 85 երեխա ստանում է շարունակական, սոցիալ-աբիլիտացիոն ծառայություներ:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանն ասաց. «Այդ ամբողջ տարիների ընթացքում մեր կողքին են եղել մեր հովանավորները, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, Նանե Օսկանյանը և շատ բարի մարդիկ: Պետք է նշեմ նաև, որ 2012 թվականին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» և ծնողական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև պետական կառույցների աջակցությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»:

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված կազմակերպվում է երթ, որը կմեկնարկի ապրիլի 2-ին՝ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից՝ Վ.Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով: Ազատության հրապարակում կկազմակերպվի զվարճալի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաների և անձանց համար, որը կավարտվի երգի շնորհանդեսով:

Աուտիզմի նշանները վաղ ճանաչելու շնորհիվ երեխան կարող է անհապաղ սկսել ստանալ բազմաթիվ մասնագիտացված բուժական միջամտություններ։

Աուտիզմը հինգ զարգացման խանգարումներից մեկն է, որոնք խմբավորվում են «Զարգացման ընդհանուր խանգարում» (PDD) անվան տակ, որը նյարդաբանական խանգարումների այն կատեգորիան է, որը բնորոշվում է «դաժան և ծավալվող զարգացման խանգարում՝ զարգացման տարբեր բնագավառներում»:

Զարգացման ընդհանուր խանգարման (PDD) հինգ համախտանիշներն են.

1)Աուտիզմը ,

2)Ասպերգերի համախտանիշ,

3)Մանկական դեզինտեգրացիոն խանգարում (CDD),

4)Ռետտի համախտանիշ,

5)Զարգացման ընդհանուր խանգարում – ոչ անվանված խանգարումներ (PDD-NOS):

Այդ համախտանիշներից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ ախտաբանական չափորոշիչներ։ Չնայած աուտիզմի ախտորոշման հաճախականությունը հաստատուն է, բայց այն 4 անգամ ավելի շատ է հանդիպում տղաների մոտ, քան աղջիկների։ Հայաստանում գործող աուտիզմի կենտրոնում երեխաներից չորսից մեկն է աղջիկ:

Մի քանի նշաններ, որոնք նկատվում են աուտիկ երեխաների մոտ, դրանք են՝ խոսքի բացակայությունը կամ հապաղումը, խոսքի կամ շարժումների կրկնումը, հայացքի կարճատևությունը կամ բացակայությունը, իր հասակակիցների նկատմամբ անտարբերությունը, անհետաքրքրությունը, Սպոնտան կամ երևակայական խաղերի բացակայությունը և առանձին առարկաների կամ երևույթների ֆիքսացիան:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31