«Այս օրինագիծն այնքան է նեղացնում ինչ-որ սահմանումներ, որ կարող է ապագայում խնդիրներ առաջացնել, որովհետև կան հարցեր, որոնք պարզ չէ, թե ապագայում ինչպես են լուծվելու. մենք չունենք դատական լուրջ փորձ այս ոլորտում ու միանգամից փորձում ենք մտնել օրինական դաշտ»,- այսօր հայտնի «ֆեյքերի» մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա, լրատվամիջոցների սահմանումները հայաստանյան օրենսդրական դաշտում բավական հնացած են: Արդի աշխարհում լրատվամիջոց կարող են ընկալվել նաեւ Odnoklasnniki.ru-ի, facebook.com-ի պրոֆիլները: Անգամ կեղծերը, եթե այն հրապարակային է: «Եթե նույնիսկ ընկերների համար միայն լինի, պրոբլեմի առաջ եք կանգնում, որովհետև ես կարող եմ գրել միայն ընկերներիս համար, ընկերներիցս մեկը share անի ու դա դառնա հրապարակային: Ավելին, եթե ես dropbox-ում ֆայլ եմ դնում բոլորի համար, դա դառնում է լրատվամիջոց»,- նշեց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար. «Հիմա մի օգտատեր մեկի մասին վատ բան է գրում, ես էլ դա share եմ անում ու դառնում է լրատվամիջոց, պատասխանատու՝ դա տարածելու համար»:
Սամվել Մարտիրոսյանը ևս մի խնդրահարույց հարց բարձրացրեց լրատվամիջոցների youtube-յան ալիքների հետ կապված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք youtube-ում տեսանյութի տակ տեղադրված մեկնաբանությունը համարվո՞ւմ է լրատվամիջոցում տեղադրված մեկնաբանություն, որի պատասխանը, ըստ նրա, օրինագիծը չի տալիս:
Կարդացեք նաև
Ըստ մեդիա փորձագետի, դժվար կլինի նաեւ ապացուցել՝ արդյոք ծանուցում ստացե՞լ է մարդը, թե՞ ոչ:
Սամվել Մարտիրոսյանը առաջարկեց օրինագիծը դարձնել նախադեպ՝ ստեղծելու մի հարթակ ինտերնետի հետ կապված խնդիրները քննարկելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՅԱՆ