Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիների սիրտը խառնում է, ստամոքսը ցավում է (Տեսանյութ)

Մարտ 31,2014 14:05

«Գյուղացիները հողամասը ջրելիս թանանման մածուկ է գալիս ջրի հետ, լցվում հողամասերը: Նրանց կարտոֆիլը չորանում է, երիտասարդները ասում են, որ նրանց ճնշումն է բարձրանում, ստամոքսն է ցավում եւ իրենց զգում են ծերացած»,-Մելիք գյուղում պոչամբարի կառուցման հանրային լսումների ժամանակ «Էկոլոգիական դաշինք» հ/կ-ին  դժգոհել են Մելիքի գյուղացիները: Այսօր «Ելակետ» ակումբում դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանը եւ Սիլվա Ադամյանը ներկայացրին այն օրինախախտումները, որոնք կատարում է Արագածոտնի մարզի Մելիք գյուղում ոսկու հանքարդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ Գոլդ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Մեգա գոլդ» ընկերությունը:

Ըստ Սիլվա Ադամյանի, «Մեգա գոլդը» երրորդ պոչամբարն է ցանկանում կառուցել, բայց այս ընկերության փաստաթղթերն էլ պատշաճ փորձաքննություն չեն անցել, գյուղացիները տեղեկացված չեն այդ մասին, մինչդեռ հանրային լսումները հենց նրա համար են նախատեսված եղել, որ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն՝ ուզում են, թե` ոչ:

Բնապահպանների հետ զրույցում գյուղացիները հայտնել են, որ իրենց ոչ ոք էլ չի տեղեկացրել սպասվող վտանգների մասին, եւ պահանջելով երկրորդ հանրային լսումը, որը տեղի է ունեցել մարտի 28-ին, բնապահպանները բացատրել են գյուղացիներին, թե ինչպիսի վտանգներ են սպասվում պոչամբարի շահագործման պարագայում:

Գրետա Գաբրիելյանի խոսքերով՝ հատկապես այդքան բարձր գոտում, որտեղ հավաքվում են ջրային պաշարներ, ուղղակի անթույլատրելի է վտանգավոր նյութերով պոչամբար կառուցել: Նրա խոսքի մանրամասները` տեսանյութում

Ըստ տիկին Գաբրիելյանի, չնայած գյուղում այդ ոսկու հանքը շահագործվում է 90-ականներից, բայց գյուղը աղքատության մեջ կորած է, ճանապարհները՝ անբարեկարգ:
Aravot.am-ի հարցին, թե հանքարդյունահանումից որոշ գումարներ ուղղվում են տվյալ համայնքի սոցիալական եւ բնապահպանական խնդիրներին, ի՞նչ է արվել Մելիք գյուղի համար, Գրետա Գաբրիելյանն ասաց, որ Մելիքի գյուղապետն ընդամենը մեկուկես տարի է, որ պաշտոնավարում է, իսկ նրանից առաջ ինչ էլ որ արվել է, այդ գումարները միայն թղթի վրա են եղել:

Նշենք, որ Մելիքի ոսկու հանքը, համաձայն պայմանագրի, պետք է 2005 թվականից հետո 6 տարի ժամկետով շահագործվեր փակ եղանակով, սակայն հանքի տերը խախտել է պայմանագիրը` այն օգտագործելով բաց եղանակով, ինչը, տիկին Ադամյանի խոսքերով, հսկայական վտանգներ է հասցնում մթնոլորտին:

Նոր պոչամբարի նախագծում նշված է, որ պոչամբարը, որ պետք է կառուցվի գյուղից 800 մետր հեռավորության վրա, բայց ինչպես գյուղացիներն են վստահեցրել, հեռավորությունը 200 մետր էլ չկա, իսկ մոտակայքով անցնում են Մելիք գյուղի խմելու ջրի խողովակները:
Սիլվա Ադամյանի խոսքերով, լցված պոչամբարը, եթե ուժեղ ձնհալ լինի, կարող է դուրս գալ հունից եւ լցվել դաշտերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31