Ինչպես տեղեկացրել ենք, Արթիկում խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ իրենց պատգամավորը` մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, հայոց խորհրդարանում պատգամավոր լինելուն զուգահեռ, բիզնես է անում նաև Անապայում: Ըստ արթիկցիների, նրա մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Անապայում, նույնիսկ այս քաղաքի բնակիչների ասելով, նա մի պահ ընտանիքով տեղափոխվել էր Անապա: Aravot.am-ը այս թեմայի շուրջ փորձել էր զրուցել պատգամավորի հետ, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի էին: Այսօր Մուշեղ Պետոյանը, արձագանքելով իր մասին տարածված խոսակցություններին, ասաց. «Անապայում ես էլ, եղբայրս էլ շատ ընկերներ ունենք, ես իմ ընտանիքով` կնոջս ու երեխաներիս հետ, կարծեմ հունվարի 6-ն էր, գնացել էինք մանկությանս ընկերոջ երեխայի հարսանիքին: Այդ հարսանիքին մասնակցում էր նաև 20-30 մարդ Արթիկից, այսինքն տեսել են, թե ես ինչ նպատակով եմ գնացել, չեմ հասկանում էլ ինչո՞ւ են նման խոսակցություններ տարածում:
Ես մի հատ բացակա չունեմ ԱԺ նիստերից, անգամ նիստերից հետո Արթիկ եմ վերադառնում, Երևանում չեմ մնում, որ ընտրողներիս հետ հանդիպեմ: Էս ի՞նչ խոսակցություններ են տարածում, ես իմ կյանքից, Աստծուց գոհ եմ, դրանք հերյուրանքներ են: Ես Անապայում բիզնես դնելու մտադրություն չունեմ: Իհարկե, մենք Ռուսաստանում ընտանեկան բիզնես ունենք, բայց այդ ամենի գլուխ կանգնած է հայրս: Հայրս Ռուսաստանում շուտվանից արտադրություն էլ ունի, խանութ էլ, բայց ես անձամբ բիզնեսով չեմ զբաղվում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ