Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի դուստրն ու խնամին իրենց համարում են «Առավոտի» «մեղադրանքների հասցեատերեր»

Մարտ 31,2014 13:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել ՀՀ վարչապետի դուստրը՝ Նարինե Տիգրանի Սարգսյանը, խնամին՝ Հրանտ Ռաֆիկի Սուվարյանը:

Aravot.am-ում այս տարվա փետրվարի 7-ին հրապարակվել է «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հոդվածը: Այդ հոդվածում պատասխանող ճանաչված Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը Aravot.am- ին հայտնել են, թե ինչպես են ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը «ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»:

Այս գործով երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ն: Հայցվորների ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սարգսյանը, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթը» դեռեւս ներկայացուցիչ չունի: Այս գործով դատավորն է Սիմիզար Հովսեփյանը:

Այսօր Aravot.am էր ուղարկվել դատավորի՝ նախնական դատական նիստ հրավիրելու մասին 20.03.2014թ. որոշումը, համաձայն որի՝ հայցվորների պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստը նշանակվել է ապրիլի 18-ին, ժամը 14.30-ին:

Ի դեպ, դատարանը նաեւ տեղեկացրել է, որ պատասխանողներ Սուսաննա Դավթյանի եւ Լեմբերիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխանը: Հայցվորներն իրենց համարում են www.aravot.am փետրվարի 7-ի եւ «Առավոտ» օրաթերթի փետրվարի 8-ի հրապարակումների «մեղադրանքների հասցեատերեր»:

Ըստ հայցվորների՝ «նշված հոդվածներում քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը օրաթերթին տված հարցազրույցում հրապարակել են որոշակի փաստական տվյալներ, այն է՝ ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իր ունեցվածքին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը ապօրինաբար տիրացել են իրենց քարե շինությանը: Նշված փաստերը զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը»:

Հայցվորների տեղեկացմամբ, պատասխանողներն այդ տվյալները ներկայացրել են հրապարակային, «Առավոտ» օրաթերթի եւ կայքէջի միջոցով: «Նշված փաստացի տվյալները սուտ են, չունեն որեւէ հիմք, ոչ հավաստի են: Եվ այդ տվյալները արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, քանի որ նրանց մեղադրում են հակաիրավական արարքի, ուրիշի գույքին ապօրինի տիրանալու մեջ»,- ասվում է հայցադիմումում:

Հայցվորները հղում են անում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասին, համաձայն որի՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել կամ իր պատասխանը, կամ հերքումը եւ կամ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում: Հայցվորները պահանջում են օրաթերթում եւ կայքէջում հերքել ապատեղեկատվությունը՝ դատավարության ընթացքում ներկայացված հերքման տեքստը օրաթերթում հրապարակելու միջոցով, պարտավորեցնել պատասխանողներին՝ վճարել փոխհատուցում զրպարտության համար՝ յուրաքանչյուր հայցվորին 300.000 դրամ, իսկ դատական ներկայացուցչության համար փաստաբանին՝ մինչեւ կնքված պայմանագրի հիման վրա կատարված վճարումները՝ յուրաքանչյուր պայմանագրով 250.000 ՀՀ դրամ:

Ի դեպ, երրորդ անձ ճանաչված «Առավոտը» դիմել էր նաեւ  Հրանտ Սուվարյանին, որն էլ Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր, թե կապ ունի «Առավոտին» դիմած քաղաքացիներ Խաչատրյանի քարե շինության հետ. «Այդ հողը ընդհանրապես մեզ հետ կապ չունի, հարեւանի հողն է, մենք կապ չունենք: Այդ հողատարածքի կողքի տունը տղայիս տունն է, իսկ Լեմբրիկ Խաչատրյանի կառուցած  քարե շինությունը՝ ավտոտնակը, գտնվում է  նրա հարեւանի՝ Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք իրար հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում: Հիմա չգիտեմ՝ ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են: Մենք կապ չունենք»: Ասել է թե՝ «Առավոտում» հնարավորություն է ստեղծվել լսել նաեւ երկրորդ կողմին եւ ճշտել, թե իրականում ով է մեղադրանքի հասցեատերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Համարելով հո չի?????

    Ես էլ համարում եմ, որ Սերժ Սարգսյանը լավ նախագահ չի, Տիգրան Սարգսյանը լավ վարչապետ չի…. ու ընդհանրապես` Երկիրը երկիր չի…Ինչու դատ չեն բացում??????????

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31