Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ անդամների կոշտ հարցադրումները վախեցնո՞ւմ են Արտեմ Ասատրյանին, որ կառավարությունը կպարտվի

Մարտ 31,2014 13:00

«Մենք պայքարում ենք պարտադիրի դեմ, եթե պարտադիրը չհանվի կամ օրենքը այլ կերպով ներդրվի, մենք մեր շարժումը շարունակելու ենք»,-Aravot.am-ի հարցին, եթե հանկարծ ստացվի այնպես, որ ՍԴ-ի վճռով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ներդրումը հետաձգվի, կամ ինչ որ առումով մեղմվի՝ «Դեմ եմ» նախաձեռնությունը կհամակերպվի՞, այսպես պատասխանեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը:

Նշենք, որ այժմ շարունակվում է` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը վիճարկվող գործի քննությունը:

Մեր հարցին՝ արդյոք ԱԺ ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի՝ դատական նիստին, մեղմ ասած, անպատրաստ ներկայանալը, այսօր արդեն ՀՀ կառավարության և ԿԲ ներկայացուցիչների ոչ հստակ պատասխաններ տալը (անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտում է, թե հստակ պատասխաններ է ակնկալում), չե՞ն վկայում այն մասին, որ սահմանադրական վեճին մատների արանքով են նայում, քանի որ արդեն որոշված է ՍԴ-ի վճիռը, Արտաշես Արաբաջյանը պատասխանեց. «Ինձ չի թվում, թե սահմանադրական վեճին մատների արանքով են նայում: Մյուս կողմից էլ, քանի որ օրենքն ի սկզբանե օրենսդրական բացեր ուներ, ես անտրամաբանական կհամարեի այն, որ ավելի պատշաճ կարողանային պաշտպանել»:

Մեր մյուս հարցին՝ հաշվի առնելով ՍԴ-ի կոշտ հարցադրումները, արդյոք հույս ունե՞ն, որ ՍԴ-ն օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական կհամարի, Արտաշես Արաբաջյանը պատասխանեց. «Ես հույսեր չեմ փայփայում: Տեսնենք՝ ինչ ելքեր կլինեն: Դատական պրոցես է, և հարցերը կոշտ պիտի լինեն»:

Aravot.am-ը զրուցեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթը ՍԴ-ում կառավարության գործը հեշտացրե՞ց, թե՞ ընդհակառակը, քանի որ կարծիքներ կային, որ նա անպատրաստ էր ներկայացել ՍԴ: Նախարարը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Կարծում եմ, որ Հակոբ Հակոբյանը հստակ ներկայացրեց այն մոտեցումները և այն քաղաքականությունը, որ ոլորտում իրականացվում է: Այս բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ժամանակին շատ մանրամասն քննարկվել են հենց սոցիալական հանձնաժողովում, ընդհուպ մինչև յոթ ժամ անընդմեջ քննարկումներ, և Հակոբյանը քաջատեղյակ է այդ ոլորտին»:

Մեր դիտարկմանը, թե ՍԴ անդամները կոնկրետ հարցադրումներ են հնչեցնում, սակայն կոնկրետ պատասխաններ չեն հնչում, մինչև անգամ Գագիկ Հարությունյանը ստիպված է լինում միջամտել, թե կոնկրետ պատասխաններ տվեք, միգուցե կառավարությունը չունի՞ այդ պատասխանները, կամ խուսափո՞ւմ է, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ, ուղղակի կարծում եմ, որ սոցիալական պաշտպանության համակարգը բարդ և բազմակողմանի համակարգ է, և կան բազմաթիվ մասնագիտական նրբություններ, որոնք շատ ավելի մասնագիտական մակարդակում են և դրա համար բոլոր շերտերը մանրամասն պիտի տեղեկացվեն, որ տրամաբանական շղթան ավելի ամբողջական և տրամաբանված լինի»:

Մեր մյուս հարցին՝ հաշվի առնելով ՍԴ անդամների կոշտ հարցադրումները, մտավախություն չունե՞ք, որ կառավարությունը սահմանադրական այս վեճում կպարտվի և պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական կճանաչվի, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ոչ պարտվելու, ոչ հաղթելու խնդիր մենք չենք տեսնում: Մենք քննում ենք մեր երկրի սոցիալական պաշտպանության համակարգի հետագա զարգացման տեսլականը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31