Հայաստանում օրական ավելի քան 3500 անբուժելի հիվանդություն ունեցող մարդ տառապում է ցավից ու ենթարկվում անմարդկային տանջանքների: Չնայած պետությունը պարտավորություն ունի այս հիվանդներին տրամադրել ուժեղ ցավազրկողներ, սակայն դրանք ստանալու գործընթացն այնքան բարդ ու երկար է, որ հաճախ հիվանդներն ուղղակի մահանում են՝ այդպես էլ չստանալով անհրաժեշտ պալիատիվ (ամոքիչ) բուժօգնություն:
Ուժեղ ցավազրկողների՝ օպիոիդների կարիք Հայաստանում ունի տարեկան մոտ 18 հազար մարդ, որոնց ավելի քան 70 տոկոսի սարսափելի ցավերը մեղմելու և նրանց կյանքի մայրամուտն արժանավայել դարձնելու համար անհրաժեշտ է ամենօրյա պալիատիվ խնամք:
Մինչդեռ, ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ջատագովության հարցերով փորձագետ Հովհաննես Մադոյանի, «Ցավազրկման կարիք ունեցող յուրաքանչյուր 10 մարդուց ինը պատշաճ ցավազրկում չի ստանում»:
Մադոյանն այստեղ քաղաքական կամքի բացակայություն է տեսնում, ասում է՝ պետությունը միանշանակ թերանում է այս հարցում, և սա այն դեպքում, երբ ուժեղ օպիոիդների, մասնավորապես, մորֆինի տրամադրումը մեծ ֆինանսական ռեսուրսներ չի պահանջում։
«Յուրաքանչյուր երկիրը ամեն տարի Թմրամիջոցների վերահսկման միջազգային կոմիտեին օրինական ներմուծվող թմրամիջոցների չափաքանակ (քվոտա) է ներկայացնում։ Հայաստանի քվոտան տարեկան 4500 գրամ է, իսկ մեր բժիշկների ամենասիրած դոզան օրական 50 մգ-ն է։ Եթե բաժանենք տարվա օրերի քանակին, տեսնում ենք, որ մեր երկրի քվոտան յուրաքանչյուր օրվա կտրվածքով մոտ 250 հիվանդի համար է, մինչդեռ Հայաստանում առնվազն 2500 հոգի յուրաքանչյուր օր կարիք ունի ցավազրկման»։
Ըստ փորձագետի՝ շատ հաճախ, մինչև բժիշկը որոշում է կայացնում հիվանդին մորֆի նշանակելու, երկու ամիս է անցում, իսկ այդ հիվանդներից շատերը հենց այդքան կյանք են ունենում։
Մեր երկրում այժմ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի «Գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ 2011 թվականից պալիատիվ խնամքի չորս փորձնական ծրագիր է իրականացվում։ Գործում է նաև մեկ վճարովի կենտրոն, մի քանի կենտրոն էլ՝ բարեգործական հիմունքներով, սակայն նման խնամքի կարիք ունեցող տարեկան մոտ 18 հազար հիվանդների տասը տոկոսն էլ հնարավորություն չունի՝ առանց ցավի և հոգեկան տառապանքի ապրելու։
Չնայած ողջ աշխարհում լայնորեն կիրառվում է պալիատիվ բուժօգնությունը՝ անհամեմատ մեղմելով ոչ միայն հիվանդի, այլև նրա հարազատների ապրումներն ու տանջանքները, սակայն Հայաստանում այս առումով առաջընթացը շատ դանդաղ է:
Այս տարի հերթական անգամ ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հունվարի 23-ի բանաձևը բոլոր կառավարություններին կոչ արեց «ապահովել ցավազրկողների հասանելիությունը», քանի որ «կառավարությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել՝ իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքից պաշտպանելու ուղղությամբ»:
Սակայն այս պարտավորությունը, ինչպես բազում այլ պարտավորություններ, մնացել են թղթի վրա՝ անտեսելով մարդկանց առանց ցավի ապրելու ամենատարրական իրավունքը:
Այժմ Հայաստանում «Պալիատիվ խնամքի փորձարկման» պիլոտային ծրագիր իրականացվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Մուրացանի հիվանդանոցում, Արարատի և Վանաձորի բժշկական կենտրոններում։ Ծրագրում ընդգրկված բուժանձնակազմը հիմնականում մոբիլ (տնային) խնամք է իրականացնում 150-ից ավելի մարդու նկատմամբ։
Ծրագրի համակարգող Ջուլիետա Բաբայանի ասելով՝ պալիատիվ խնամք ստացող հիվանդների 65 տոկոսից ավելին քաղցկեղային հիվանդություններով են տառապում, մնացածն ունեն տարբեր խրոնիկ հիվանդություններ:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը արդեն մի քանի տարի շարունակ աշխատում է Հայաստանի իշխանությունների հետ՝ պալիատիվ բուժօգնության ոլորտում առաջընթաց գրանցելու, օրենսդրական բացերը լրացնելու ուղղությամբ։
Մասնագետները պալիատիվ բուժօգնության կայացման ոլորտում երեք հիմնական խնդիր են տեսնում՝ օրենսդրական բացթողնումները, պետական ֆինանսավորման և մասնագետների բացակայությունը (ցավամոքիչ խնամքը դեռևս չի ճանաչվել որպես մասնագիտացում կամ ենթամասնագիտացում)։
ԲՀՀ-Հայաստանի հանրային առողջապահության ծրագրերի համակարգող Անահիտ Պապիկյանն ասում է, որ օրենսդրական բացերի պատճառով բժիշկներն իրենց պաշտպանված չեն զգում և խուսափում են օպիոիդներ դուրս գրել, մորֆին նշանակելուց էլ շատ փոքր դեղաչափերով են դուրս գրում, ինչի պատճառով հիվանդների հարազատները ստիպված են 3 օրը մեկ, լավագույն դեպքում շաբաթը մեկ կրկին թակել պոլիկլինիկաների դռները։
«Տվյալներ ունենք, որ վերջերս Երևանում մորֆի ստացողների թիվը բավականին պակասել է, և դա նշանակում է, որ պահանջարկը իջել է։ Մենք այստեղ խնդիր ենք տեսնում։ Եթե քաղցկեղով հիվանդությունների թիվը աճել է (20 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը կրկնապատկվել է), ինչպե՞ս կարող է պակասել մորֆիի պահանջարկը։ Սա նշանակում է, որ միջանկյալ խնդիր կա, որը հնարավորություն չի տալիս բժիշկներին դուրս գրել մորֆին և հիվանդներին՝ հետամուտ լինել դեղը ստանալուն»,- ասում է Ա. Պապիկյանը։
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչը ցավազրկող ստանալու մասին ասում է՝ «մեծ արարողություն է դարձել»:
«Ընտանիքի մի անդամ շաբաթվա երկու օրը պետք է նվիրի այդ գործընթացին: Թմրամիջոց ստանալը պարզապես գնալ- ստանալ չէ, դա մի քանի ստորագրություններ, մի քանի սենյակներ մտնել է նշանակում։ Սա լավագույն դեպքում, եթե մարդը բնակվում է Երևանում, կամ այնպիսի քաղաքում, որտեղ կա դեղատուն, որը ունի թմրամիջոցներ վաճառելու կամ դուրս գրելու արտոնագիր։ Հայաստանի բնակավայրերի մեծ մասում նման դեղատուն չկա, և մարդը, օրինակ, Ախթալայից պետք է գա, հասնի Վանաձոր դա ստանալու համար, ինչը հավելյալ ֆինանսական դժվարություններ է ստեղծում»,- ասում է Մադոյանը։
Մյուս խնդիրն էլ, այն է, որ օրենսդրությամբ ցավազրկողները նշանակվում են միայն օնկոլոգների կողմից և միայն քաղցկեղով հիվանդներին, մինչդեռ տարեկան 18000 հիվանդներից 40 տոկոսն ունի ուռուցք:
«Այսինքն՝ հիվանդների մոտ 60 տոկոսն ուղղակի դատապարտված է տառապանքի, քանի որ խրոնիկ, անբուժելի և սահմանափակ կյանքի տևողությամբ հիվանդները զրկված են ցավազրկող դեղեր ստանալուց»,- ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող պալիատիվ ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ընդունում է, որ Հայաստանում օպիոիդների հասանելիության խնդիր կա։
«Մենք հիմա օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը արդեն պատրաստ է, իսկ դա թույլ կտա ավելի դյուրին դարձնել բժշկի համար թմրամիջոցների նշանակումը, կհստակեցվեն մեխանիզմները, որպեսզի բժիշկները չվախենան նշանակումը կատարել»,- ասում է Քրմոյանը՝ հույս հայտնելով, որ օրենսդրական փոփոխությունը շուտով կընդունվի Ազգային Ժողովի կողմից։
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Վիոլետա Զոփունյանը, ով պալիատիվ խնամքի ոլորտում հետազոտություն է իրականացրել, կարծում է, որ օրենսդրական խնդիրների կարգավորմանը կարող էր շատ օգնել նաև պարզապես առողջապահության նախարարի կողմից մշակված թմրամիջոցների նշանակման կլինիկան հստակ ստանդարտների՝ չափորոշիչների մշակումը։
«Այս դեպքում ևս բժիշկները ապահովված կլինեն, կունենան այդ փաստաթուղթը, որի հիման վրա, ըստ սանդղակի, կորոշեն հիվանդի ցավը և կնշանակեն ուժեղ ցավազրկողը»,- ասում է իրավաբանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող պալիատիվ ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանը խիստ կարևորում է հաբերի տեսքով մորֆիի ներմուծումը, որը այժմ չի իրականացվում Հայաստանում, թեև տարիներ շարունակ այս հարցը բարձրաձայնվում է։
«Նախևառաջ ամեն տանը չէ, որ սրսկող կա, իսկ հաբով մորֆի ստանալու համար ընդամենը մեկ բաժակ ջուր տվող է պետք։ Բացի այդ, ներարկվող մորֆիի կողմնակի ազդեցություններն ավելի շատ են և դա հավելյալ ցավ է հիվանդի համար»,- ասում է բժիշկը։
Ս. Քրմոյանն ասում է՝ աշխատում են այդ ուղղությամբ.- «Հուսով ենք, որ հաբերի տեսքով մորֆին 2015-ին ներառված կլինի գնումների ցանկում»։
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այս ոլորտում խնդիրների մեծ մասի պատճառն այն է, որ պալիատիվ խնամքը՝ որպես բուժօգնության տեսակ, Հայաստանում նախկինում սահմանված չի եղել և գրեթե չի իրականացվել։ Նախարարությունը ԲՀՀ-Հայաստանի օգնությամբ փորձում է օրենսդրորեն ամրապնդել պալիատիվ բուժօգնության կիրառումը Հայաստանում՝ որպես ցավից և տառապանքից զերծ մնալու մարդու իրավունքի ապահովման միջոց։
«Պալիատիվ բուժօգնության՝ օրենքում ամրագրման տարբերակն արդեն Ազգային ժողովում է, հուսով ենք շուտով կհաստատվի։ Բայց կառավարության որոշմամբ՝ արդեն իսկ ամրագրել ենք դա և սահմանել դրա համար լիցենզավորման պարտադիր պահանջներ և պայմաններ, որը թույլ է տալիս կազմակերպություններին լիցենզավորվել և նման ծառայություն մատուցել»,- ասում է պաշտոնյան։
ԲՀՀ-Հայաստանի ներկայացուցիչը, սակայն, մտահոգված է, ասում է՝ թեև Հայաստանը միջազգային մի քանի կոնվենցիաներով, համաձայնագրերով պարտավորվել է ապահովել անբուժելի հիվանդություններ ունեցող մարդկանց պալիատիվ խնամքը, սակայն ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում. այս խնդրի լուծումը, առողջապահության նախարարության ունեցած հրատապ լուծման կարոտ այլ խնդիրների առկայությանը զուգահեռ, ձգձգվում է։
Առավել մտահոգիչ է նաև այն, որ այս տարեվերջին ավարտվում է «Գլոբալ հիմնադրամի» տրամադրած ֆինանսավորումը, և 2015–ին արդեն պետությունը պետք է իր վրա վերցնի փորձնական ծրագրերի իրականացման շարունակականությունը։ Այժմ կազմակերպությունը և նախարարությունը ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն են հաշվարկում, և, Ս. Քրմոյանի հաղորդմամբ՝ «ամեն ինչ կանեն, որ պետբյուջեով նախատեսվեն այդ ծախսերը»։
Բժիշկ Կարապետյանը, ով, ինչպես ասացինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող վճարովի ստացիոնար և մոբիլ ծառայության ղեկավարն է, ասում է՝ չորս մոբիլ թիմի փոխարեն Հայաստանին անհրաժեշտ է 90 նման թիմ։
Ստացիոնար կենտրոնը 10 մահճակալ ունի, գործունեության մեկ տարվա ընթացքում սպասարկել է 70 հիվանդի, շարժական խմբով ամսական սպասարկում է 15-20 հիվանդի։ Այստեղ մեկ օրվա բուժումն արժե 20 հազար դրամ կամ 50 դոլար։ Կարապետյանն ասում է՝ նույն գինը նաև հարևան Վրաստանում է գործում, սակայն այնտեղ պետությունը փոխհատուցում է գումարի 70 տոկոսը։
Բժիշկը ցավով է նկատում, որ դեռ 354 թվականից եկեղեցիներին կից անօթևանների, հիվանդների համար կառուցված վանատներ ունեցող հայերը 21-րդ դարում պալիատիվ խնամքի ոլորտում դեռ առաջին քայլերն են անում։ Նա կարծում է, որ պետությունը պետք է պարտադիր ֆինանսավորի պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդկանց ծախսերը։
«Վերջիվերջո այս մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում աշխատել են, հարկեր են վճարել պետությանը։ Վերջին հաշվով պետության դերը ո՞րն է՝ անվտանգություն ապահովել և նեղ պահին քաղաքացուն հասնել։ Եթե պետությունը մարդուն տեր չի կանգնում կյանքի ամենադժվար պահին, էլ ինչի՞ն է պետք»,- հարցնում է բժիշկը։
Սիրանույշ Գևորգյան
Լուսանկարը՝ www.mdanderson.org-ի
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm