Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, հայ պատգամավորներն ավելի հումանիստ են, քան միջազգային փորձն է

Մարտ 31,2014 12:42

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հարցի հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծն իրենից ներկայացնում է երկու հիմնական հարցադրում՝ առաջինը լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններն են, որոնք վիրավորական, զրպարտչական բնույթի են, երկրորդն էլ՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումներն են:

Անդրադառնալով լրատվական նյութի տակ տեղ գտած վիրավորական, զրպարտչական մեկնաբանություններին, Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ մեկնաբանությունների հետ կապված կարգավորումը նախատեսելու առիթը եղել է «Դելֆին» ընդդեմ էստոնիայի» գործի հետ կապված որոշումը: Ըստ նրա՝ իրենց կողմից առաջարկած կարգավորումը ավելի մեղմ է, քան գործի որոշումը: «Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսել էինք: «Դելֆին» ընդդեմ էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել վիրավորական մեկնաբանությունները նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ չհեռացնելու համար: Մենք առաջարկում էինք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- նշեց նա:

Անդրադառնալով նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների միջազգային փորձին՝ բանախոսը նշեց, որ միջազգային պրակտիկայում առկա կարգավորումները ամփոփելով կարելի է առանձնացել մի քանի կոնցեպտ: Առաջինն առավել խիստ պատասխանատվության մոդելն է, երբ համացանցային միջնորդները, ԶԼՄ-ն, պարտավոր են ակտիվ վերահսկողություն իրականացնել լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների համար, որը առաջ է բերում բավական խիստ պատասխանատվություն, ԶԼՄ-ն պատասխանատվություն է կրում մեկնաբանությունների համար: Նման խիստ կոնցեպտը, նրա խոսքով, գործում է Չինաստանում, Վիետնամում և այլն:

Երկրորդը ապահով ապաստարանի ռեժիմն է, որն ընդունված է ԵՄ տարածքում, որի հիմնական շեշտադրումը «ծանուցել և հանել» սկզբունքն է, որը ընկած է նաև ներկայացվող նախագծի կարգավորումների հիմքում: «ԵՄ անդամ երկրները պետք է երաշխավորեն, որ ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չկրի ծառայություններ ստացողի խնդրանքով պահպանվող տեղեկատվության համար: Այս մոտեցումն ամրագրված է մի շարք այլ երկրներում ևս: Մեծ Բրիտանիայի Զրպարտչական օրենքը նման է այս օրենքին, ըստ որի՝ յուրաքանչյուր մանր գործով չարժե դատարան դիմել: Երբ կայքի օպերատորի մոտ առկա են զրպարտչական կամ վիրավորական բնույթի տվյալներ, իսկ կայքի համար պաշտպանական միջոց է, որ դրանք ինքը չի տեղադրել: Կայքը պարտվում է, եթե հայցվորը բողոք է ներկայացրել, օպերատորն էլ չի պատասխանել դրան սահմանված կարգի համաձայն: Այսինքն՝ անձը պետք է սահմանված բողոք ներկայացնի՝ նշելով, թե ինչո՞ւ է համարում, որ մեկնաբանությունը վիրավորական կամ զրպարտչական բնույթի է: Հայցվորը կայքից կարող է պահանջել իրեն տրամադրել այդ տեղեկությունը տարածած անձի կոնտակտային տվյալները, պահանջել գրառման հեռացում՝ հիմնավորելով ինչու: Սա Մեծ Բրիտանիայի օրենքն է, ամրագրված է ԵՄ տարածքում»,- նշեց նա:

Իսկ երրորդ կոնցեպտը վերաբերում է այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար ամբողջովին պաշտպանվածությանը, որը գործում է ԱՄՆ-ում, Չիլլիում:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՄՆ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ լրատվամիջոցը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտում այդ նյութին: «Չնայած այս ընդհանուր մոտեցմանը, ԱՄՆ-ում ամրագրվել են նաև հետաքրքիր մոտեցումներ: 2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ Վիրջինիայի դաշնային վերաքննիչ դատարանը փոփոխել է ստորադաս դատարանի որոշումը և ֆեյսբուքում «լայք» նշանը համարել է իսկական խոսք: Այսինքն՝ «լայք» անելը ինտերնետում նույնն է, ինչ քաղաքական պաստառ բացես մեկի տան դիմաց: Սոցցանցերում որոշակի դիրքորոշում արտահայտելը նույնացվում է իրական կյանքում արտահայտած դիրքորոշման հետ»,- հավելեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31