Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. Ապահովագրական համակարգը կերաշխավորի գյուղատնտեսությունում վնասների փոխհատուցումը

Մարտ 31,2014 12:26

Մարտի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Հադրութի շրջանի Տող և Տումի համայնքներ՝ տեղի բնակչության հետ հանդիպելու և համայնքապետերի գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու նպատակով:
Ըստ հաշվետվության՝ Տող գյուղն ունի հարմարավետ պայմաններով դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Այդ տեսանկյունից գլխավոր ձեռքբերումը նախորդ տարվա ընթացքում ջրատար համակարգի կառուցումն էր: Համայնքում գործում են գինու և մակարոնեղենի գործարաններ, որոնց արտադրանքը սպառվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին շոշափելի աշխատանքներ են կատարվել Տողում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու, ինչպես նաև համայնքի տնտեսական զարգացման ուղղությամբ: Նա գոհունակություն հայտնեց, որ համայնքում հացահատիկի բերքահավաքի արդյունքները բարձր են հանրապետական միջինից: Ա. Հարությունյանը կարևորեց Տողի մելիքական ապարանքի ընթացող վերականգնողական աշխատանքները, որոնք կխթանեն զբոսաշրջիկների հոսքը դեպի համայնք՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ: Վարչապետը ընդգծելով, որ համայնքային աշխատանքի բացակայություն է նկատվում հանրապետությունում, կոչ արեց բնակիչներին ավելի համախմբված լինել խնդիրների լուծման ճանապարհին: Այդ համատեքստում, ի պատասխան ներհամայնքային ճանապարհների բարեկարգման վերաբերյալ հարցին, նա խոստացավ նյութատեխնիկական համապատասխան միջոցներ տրամադրել՝ հորդորելով աշխատանքները կատարել համայնքային ուժերով:

Տումի գյուղում, ըստ համայնքի ղեկավարի հաշվետվության, բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ: Այստեղ ևս տարիներ շարունակ արձանագրվում են հացահատիկի բերքատվության միջինից բարձր ցուցանիշներ: Հիմնախնդիրներից առանձնացվեցին ջրամատակարարման համակարգի խարխլվածությունը և դպրոցի շենքի ոչ բարվոք վիճակը: Կառավարության ղեկավարը նշեց, որ ըստ նախագահի նախընտրական ծրագրի՝ մինչև 2017թ. կկառուցվի նաև Տումիի ջրամատակարարման համակարգը: Նա նաև այցելեց պետբյուջեի միջոցներով կառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակ՝ ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին:

Գյուղերում բնակիչները հարց բարձրացրին մսամթերքի գների վերաբերյալ՝ նշելով, որ անասունները էժան գներով են մթերվում վերավաճառների կողմից: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանը նշեց, որ գները ազատականացված են, և պետությունը միջամտելու իրավունք չունի: Փոխարենը նա խորհուրդ տվեց կիրառել կոոպերատիվ իրացման մեթոդը՝ խուսափելով վերավաճառների կողմից թելադրվող գներից:

Հակակարկտային կայանների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ կառավարության ղեկավարը թերահավատություն հայտնեց դրանց ցանկալի արդյունավետության նկատմամբ, որը, ըստ նրա, հիմնված է անհաջող դեպքերի վրա: Ա. Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ լուծումը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդնումն է, ինչը որոշակի չափով կերաշխավորի հողատերերի վնասների փոխհատուցումը:

Ա. Հարությունյանը այցելեց նաև Մարիամաձորի դաշտեր՝ ծանոթանալու պետական ծրագրով իրականացվող արտեզյան ջրհորների փորման աշխատանքներին: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31