Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր ծնողների նկատմամբ»

Մարտ 31,2014 12:28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը,  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական լսարաններից մեկն է, որտեղ երբևէ կարելի է հանդիպում ունենալ:

Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը` բարձրագույն կրթության ոլորտում և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը: Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: “Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք  գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ,  և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է  պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է:  Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով`  արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր  վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր  ծնողների նկատմամբ:  Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն` նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ:  Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք  ապահովում եք ձեր  բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել:

Երկրորդ`  ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված,  և այն նաև իմիջային հարց է: Սակայն  սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել:

Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինքն, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն  Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ  ճանապարհ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը,  համառության պարագայում անպայման բացելու են  հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ “,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել:

Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի  ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ  նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: “Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են  ձևական բույթ, որովհետև չունենք պատշաճ  կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ  բերեց միասական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: “Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած  հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է  ներմուծել այդ  ստանդարտները` միջազգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը”,-նշել է նախարարը:

Ուսանողներին հետաքրքրել է նաև 12-ամյա կրթության անցումը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ այս պարագայում ևս կա միջազգային ստանդարտ: Նախարարը վստահեցրել է, որ կրթության ոլորտում կայացված որոշումները հիմնականում ճիշտ են եղել, որոշակի խոչընդոտներ առաջացել են` դրանց իրականացման գործընթացում:

Նախարարին հարցեր են ուղղվել նաև  բուհերում քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի,  ուսխորհուրդների քաղաքականացված լինելու, վերջին շրջանում բուհերից մեկում ուսանողների մասնակցությամբ արձանագրված տհաճ միջադեպի վերաբերյալ, որոնց կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր դիտարկումները և լուծման ուղիները:

Ուսանողներին հետաքրքրել է նաև  նախարարի կարծիքը Ղրիմում կայացած հանրաքվեի և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջնորդվել է միմիայն իր ազգային շահերով:

Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև բուհերի խոշորացման, նախարարի պաշտոնի, ինչպես նաև արտագաղթի և դրանով պայմանավորված` որակյալ կադրերի արտահոսքի վտանգի հետ կապված:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nvard says:

    Դրա’ համար ես ամայացնում կթական համակարգը…..????

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31