Համո Սահյան-100
«Ճակատը համբուրելի ժողովուրդ է Սիսիանի ժողովուրդը: Եվ ես շնորհակալ եմ ճակատագրից, որ այդ ժողովրդի զավակն եմ և նրա երազաշատ ապրումների թարգման բանաստեղծը»;
Վաղատնիի ծիրանի այգում Համո Սահյան
Համո Սահյանը ծնվել է Լորում, սակայն քիչ է ապրել այնտեղ: Սովորելու ձգտումը նրան տարել է Բաքու,ուր և հայկական ուսումնական հաստատություններում ստացել է և միջնակարգ և բարձրագույն կրթություն: 30-ական թվականների վերջերին մի կարճ ժամանակաշրջան եկել է Սիսիան և աշխատել «Որոտան» շրջանային թերթում: Միայն 60-ական թվականների վերջերից և 70-ական թվականների սկզբներից նա ամբողջապես կապվեց հայրենի շրջանի հետ: Նրան Սիսիանի հետ կարողացավ կապել հրաշալի և հարգարժան մի մարդ՝ նրա համագյուղացի կուսշրջկոմի առաջին քարտուղար Կիմ Արմենակի Հովհաննիսյանը: 1971 թվականին կրկին Սիսիան էր եկել: Առաջին անգամ նրան հանդիպել եմ հենց այդ թվականին, երբ աշխատում էի ,,Որոտան,, շրջանային թերթում: Նա ապրում էր հենց Կիմ Հովհաննիսյանի կողքին՝ նույն շենքի մեկ սենյականոց բնակարաններից մեկում: Մի քանի շաբաթ այստեղ մնալուց հետո նա հասցրել էր բավականին նոր բանաստեղծություններ հանձնել թղթին և տվել իր համաձայնությունը դրանք շրջանային թերթում տպագրելու համար: Առավոտյան գնացի բանաստեղծությունների ետևից: Դուռը երկար թակելուց հետո բացեց և ներս հրավիրեց: Դեռ քնաթաթախ էր: Ասաց, որ գիշերն է աշխատել և լուսադեմին է հասցրել աչքը կպցնել: Գրել էր և թղթերը նետել ուր որ պատահի: Սկսեց հավաքել դրանք: Ես ևս օգնեցի նրան: Հաջորդ օրը նոր բանաստեղծությունների մի էջ լույս տեսան շրջանային թերթում, որոնց մեջ էր նաև այդ օրերին ողբերգաբար զոհված Պարույր Սևակին նվիրված բանաստեղծությունը: Դրանից հետո առավել հաճախակի դարձան նրա այցելությունները Սիսիան: Չեմ հիշում որևէ տարի, որ նա հայրենիք չգար: Մայրաքաղաքային կյանքից հոգնելուց հետո նա ժամանակին գրել է . «Գնամ մարդկանց մոտ իմ բնաշխարհի, որոնք դեռ հողում արմատներ ունեն, գնամ նրանց մոտ, խառնվեմ նրանց,… Այնքան խառնվեմ, որ ինձանից էլ մարդահոտ առնեմ: Դառնամ գոհ սրտով, անվրդով մեռնեմ»: Մի կողմից նրան այստեղ էր բերում հայրենիքի կարոտը, մյուս կողմից էլ՝ հենց նրա բնորոշմամբ՝ լցվելու և դատարկվելու տրամադրող մթնոլորտը:Սիսիանը նրա բանաստեղծական երևակայության համար անսպառ աղբյուր էր: Հանդիպումներից մեկի ժամանակ նա ուղղակիորեն նշեց, որ իր ստեղծագործության ակունքը հենց Սյունիքն է, աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր դիտակետը: Իսկ 1974 թվականին, երբ այստեղ նշվում էր նրա ծննդյան 60-ամյակը՝ իր ելույթում նա սիսիանցիներին բնութագրելով որպես առուծախից, խաբեությունից, կեղծիքից ու ամեն տեսակ ախտ ու վարակից զերծ մարդիկ, շնորհակալություն հայտնեց նրանց, որ հենց այդ շնորհներն է իրեն հնարավորություն տվել իրենց փոխարեն այդ մասին խոսել աշխարհների, ազգերի, սերունդների հետ: Հենց նույն հավաքի ժամանակ էր, երբ Սերո Խանզադյանը բնութագրելով Սահյանի պոեզիան, նշեց, որ եթե Զանգեզուրում տարին երաշտ լինի, Սիսիանը կկարողանա կերակրել ողջ լեռնաշխարհը, իսկ եթե հայոց պոեզիայի երկնակամարում 100 տարի երաշտ լինի, Համոյի պոեզիան կլցնի այդ բացը: Այստեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց նաև նրա ծննդյան 70-ամյակը: Բոլոր ելույթներն էլ հիշարժան էին: Իսկ Վահագն Դավթյանինը՝ առավել հակիրճ ու տիպական: «Համո Սահյանի տողերը հաճախ այնքան են սեղմ, զուսպ, անզարդ, զերծ ավելորդություններից, որ թվում է՝ քարի վրա գրելու համար են ստեղծված»,- նշեց նա:
Հանդիպման երեկոյից հետո «Որոտան» ռեստորանում մեծ ճաշկերույթ էր կազմակերպվել: Մինչ թամադան շարունակում էր կենացները, Վարպետը կնոջ և Կիմ Հովհաննիսյանի հետ /նա արդեն ընտրվել էր Արտաշատի կուսշրջկոմի առաջին քարտուղար/ սրահից կամացուկ դուրս եկավ: Ինքս նույնպես հետևեցի նրան: Կողքի սենյակում նստել էր բազմոցին ու ծանր շնչում էր: Շտապ օգնություն եկավ: Առաջարկեցին տուն գնալ ու հանգիստ պառկել:
-Չեմ կարող, կիսամեռ էլ՝ սեղան պիտի նստեմ, նստածների տրամադրությունը փչացնել չեմ ուզում,- ասաց նա ու քիչ հետո սրահ վերադարձավ:
Հաջորդ օրը Վարպետը եղավ Լորում, հանդիպեց իր համագյուղացիների հետ: Վերջում Շամբի այգում առատ սեղան էր բացվել: Թամադան Հրանտ Մաթևոսյանն էր:
Սկսած վաղ շրջանի իր բանաստեղծությունների ժողովածուներից վերջացրած մինչև «Ինձ բացակա չդնեք» վերջին ժողովածուն, բացարձակ արժեքների նրա ընկալումների համար հիմք են հանդիսացել նաև մեր բնաշխարհն ու նրա մարդիկ: Պատահական չէ, որ բանաստեղծ Վահագն Դավթյան նշում է, թե Սահյանը եկավ և Թումանյանի Լոռու, Իսահակյանի Շիրակի հարևանությամբ մեր պոեզիայի մեջ տեղադրեց իր Սիսական աշխարհը, որը սոսկ աշխարհագրական տարածք չէ, այլ՝ աշխարհի ընդհանրացված խորհրդանիշ ու կերպար:
Շատ էր սիրում իր հայրենիքը, հպարտանում էր նրանով: Ամառն այստեղ անցկացնելուց հետո 1989 թվականի սեպտեմբերին նրան Երևան էինք ճանապարհում: Հավաքին մասնակցում էին նաև նույն Կիմ Հովհաննիսյանը, որն արդեն նշանակվել էր Հայագրոարդի պետի տեղակալ, շրջխորհրդի նախագահ Միշա Աղաջանյանը, նրա տեղակալ Դորվարդ Աղայանը, երկրորդ քարտուղար Յուրիկ Գրիգորյանը, շրջդատախազ Մարսել Մաթևոսյանը, Սիսիաին սովխոզի տնօրեն Ռաֆիկ Ստեփանյանը, Դարբասի կոլվարչության նախագահ Եղիշե Աղաջանյանը: Բարձր էր Վարպետի տրամադրությունը:
Նա իրկենաց-խոսքում նշեց. «Հայաստանի հենց էս հատվածում պետք է 1990թ ծնվեի: Նույնիսկ Տաթևում էլ չէի ուզի ծնված լինել, թեև Տաթևը անունով ավելի ճանաչված է: Աշխարհի ապավենն էս է»:
1989 թվականի ապրիլին փորձեցինք նրա 75 ամյակը նշել Սիսիանում: «Չէ, համաձայն չեմ: Հանրապետությունը սգի մեջ է»: Ի նկատի ուներ երկրաշարժը: Ասացի, որ շրջանային թերթում էջ է պատրաստվում:
-Բոլոր թերթերին մերժել եմ: Մերժել եմ նաև «Խորհրդային Հայաստանին», բայց շրջանային թերթին մի բան կտամ,- ասաց ու ինձ մեկնեց ձեռագիր մի բանաստեղծություն:
-Ոչ մի տեղ չեմ տվել և չեմ տպելու,- ասաց նա: Այդ փոքրիկ բանաստեղծությունը եզրափակել էր հետևյալ տողերով.
Լուսնի վրա՝ տուն ու այգի,
Մարսի վրա գահ ունենա,
Ուր էլ մնա, ինչ էլ անի,
Համո Սահյանն իր Լորինն է:
Լորի հանդեպ մի ուրիշ սեր ուներ: Նա երբեք այդ մասին չէր բարձրաձայնում: Հայրական տան հետքը չկորելու համար կուսշրջկոմի առաջին քարտուղար Կիմ Հովհաննիսյանի պարտադրանքով նա անգամ նախաձեռնեց պապոնց տան վերակառուցումը, որը մնաց անավարտ: Բարեբախտաբար այն արդեն վերակառուցվել և վեր է ածվել տուն – թանգարանի: Ժամանակին, երբ տուն – թանգարանի մասին խոսք էր բացվում, նա միշտ հեգնանքով էր ընդունում և կատակով պատասխանում: 1986 թվականի օգոստոսի 28-ին՝ նոր ուսումնական տարվա նախօրյակին, կուսշրջկոմի նիստերի դահլիճում հանդիպում կազմակերպվեց դպրոցների տնօրենների և հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ: Վերջում հարցեր եղան: Գետաթաղի դպրոցի տնօրեն Գուրգեն Առուստամյանը հարցրեց, թե արդյոք Վարպետը մտադիր չէ տուն -թանգարան հիմնել: Նա քմծիծաղ տվեց և պատասխանեց.
-Լավ, ենթադրենք, թե հիմնեցի, հետո մեջն ինչ եք դնելու: Եթե շատ եք ուզում Լորում մի կիսակառույց ունեմ, երբ որ մեռնեմ, երկու կին ունեմ, կբերեք և մեջը կդնեք:
Այսօր էլ տուն-թանգարանը նրա անձնական իրերով համալրելու խնդիրը կա: Բայց Երևանի Աղայան փողոցի վրա գտնվող նրա երկու սենյականոց բնակարանում, որը կնոջ կողմից տարիներ առաջ վաճառվել է, բավականին իրեր կային: Կային և ննջասենյակում և հյուրասենյակում և թե խոհանոցում: Հարկավոր է փնտրել դրանք և բերել Լոր:
…Անգամ հյուրանոցի չորս պատերի ներսում նա մաշկով զգում և տեսնում էր ողջ լեռնաշխարհը, նրա յուրաքանչյուր ծալքը, ակոսը, կածանն ու թուփը, անգամ քարափի պռնկից կախված մասրենու կաթոցը:
Սիսիանը ճանաչում էր այնպես, ինչպես այգեպանը իր յուրաքանչյուր պտղատու ծառը: Խոսելով այդ մասին նա 1990 թվականի ապրիլի 13-ին սփյուռքահայ բանաստեղծ Վահրամ Հաճյանի «ճակատագիրը»բանաստեղծությունների ժողովածուի Սիսիանում քննարկման ժամանակ նշեց . «Սիսիանի ամեն քարը իմ կենսագրությունն է, իմ պատմությունն է, իմ հեր ու մերն է: Արարատյան դաշտավայրով, երբ գնում եմ, ննջում եմ վարորդի մոտ: Աչքս բացում եմ, նայում եմ ու թվում է, թե՝ նույն տեղում եմ: Բայց մեզ մոտ, եթե ասենք, մի քանի ժամ մեքենայում քնեմ ու աչքս բացեմ և աչքս ընկնի մի քարի, կիմանամ, թե որտեղ եմ գտնվում: Այսքան հարազատ է ու ճանաչելի»:
Բայց հետաքրքիր էր նրա՝ իր երևակայությունը թղթին հանձնելու կերպը: Այդքան լինելով նրա կողքին, երբեք չեմ տեսել գրիչը ձեռքին՝ բանաստեղծություններ գրելիս: Աշխարհից ստացած ընկալումները համակարգչային ճշգրտությամբ պահում էր իր բանաստեղծական երևակայության մեջ և հիմնականում առարկայացնում գիշերները , հյուրանոցի չորս պատերի մեջ: Մեղվաբույծները պնդում են, որ մեղուն նեկտարը մեղրի է վերածում գիշերները: Ըստ էության մեղվի այդ հրաշագործ բնական բնազդն իր արյան մեջ կրում էր նաև բնությանն այդքան ներաճած, բնությանն այդքան ձուլված բանաստեղծը: Նա հաճախ էր կրկնում, որ բանաստեղծությունը ոտանավոր չէ, որ անգիր սերտես: Այն պետք է դնես բարձիդ տակ և կարդաս այն ժամանակ, երբ դրա կարիքը զգում ես: Ամեն անգամ կարդալիս մի նոր բան ես գտնում նրա մեջ: Նա գալիս էր Սիսիան և Սիսիան էր փոխադրվում մի ողջ գրական – գեղարվեստական, մշակույթային աշխարհ: Նրան տեսության եկած գրողներն ու արվեստագետները՝ Վահագն Դավթյանը, Սերո Խանզադյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Մանսուրյանը,Հակոբ Հակոբյանը, Հակոբ Կարապենցը, Վահրամ Հաճյանը, Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջիվան Գասպարյանը և շատ ուրիշներ իրենց հանդիպում- կատարումներով ամբողջապես լցնում էին Սիսիանի հոգևոր աշխարհի բացը:
Իր պոեզիայի պես ինքնատիպ էր նաև նրա մարդկային խառնվածքը: Իր մեջ կրում էր մարդ արարածի ամենաթանկ արժեքները:Բնությունը նրա մեջ մարմնավորել էր մարդ արարածի կատարելատիպը, կամ հենց իր բնորոշմամբ , «Կատարյալ մարդու, մարգարեի, Աստծո հավակնորդը» լինելու շնորհը: Նա իր ժողովրդի խառնվածքի խտացված արտահայտությունն էր: 1986 թվականին, երբ տպագրության էի պատրաստել «Սիսիան» տեղեկատու-ուղեցույցը, շրջանի և նրա մարդկանց մասին խոսք էին ասել նաև Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը և մեր հայրենակից ակադեմիկոս Գրիգորի Ղարիբյանը: Խնդրեցինք, որ մի բան էլ Վարպետը գրի, գրքում զետեղելու համար: Հաջորդ առավոտյան ինձ հանձնեց 2 ձեռագիր էջ՝ վերնագրված այն «Շնորհակալ եմ ճակատագրից»: Նա իր հակիրճ խոսքի մեջ տվել էր սիսիանցիների խառնվածքի ճշմարիտ գնահատականը՝ իր ասելիքը եզրափակելով հետևյալ տողերով.»Սիրելի, սիրելի սիսիանցիներ, ինչքան բան ունի այս խառնիխուռն, այս ամբարտավան ժամանակների մարդը ձեզանից սովորելու: Ձեր չկորցրածը, ձեր պահպանածը նահապետականություն չէ, ծիսական խեղճություն չէ, հետամնացություն չէ, այլ՝ կատարյալ մարդկայնություն, որ մարդուն պետք է գալու ամենուր և ամեն օր, քանի կյանքը կա: Ճակատը համբուրելի ժողովուրդ է Սիսիանի ժողովուրդը: Եվ ես շնորհակալ եմ ճակատագրից, որ այդ ժողովրդի զավակն եմ և նրա երազաշատ ապրումների թարգման բանաստեղծը»:
Համոն այսօր էլ կա, մեր կողքին է, կա քանի որ կան նրա երգած Լորաձորը, Գյազբելն ու Սալվարդ սարը, Որոտանն ու ձորերի մեջ մխրճված ձորերը, սարերին թամբած սարերը, մեր ողջ բնությունը, նրա մարդիկ, նրա անզուգական պոեզիան, որը նաև Սիսիանի և սիսիանցիների միջոցով է նվաճել համամարդկային արժեքների բոլոր չափորոշիչները:
ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սիսիանի կուսշրջկոմի նախկին առաջին քարտուղար, հանրապետության
ժուռնալիստների միության անդամ