Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացվեց

Մարտ 31,2014 10:57

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները:

Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին:

Նշվեց, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում եւս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Տեղեկացվեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը: Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաեւ մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաեւ դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն:

Արտակարգ իրավիճակների եւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվեց սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական եւ կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը:

Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31