Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունում է Կոնգրեսում Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի նամակը Քեսաբի վերաբերյալ

Մարտ 31,2014 10:47

ԱՄՆ Պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» քեսաբահայերի նկատմամբ հարձակման առնչությամբ

Վաշինգտոն- Այսօր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) ողջունեց Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնե կրտսերին և Մայքըլ Գրիմին, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցներ Դեյվիդ Վալադաոյին և Ադամ Շիֆին՝ Քեսաբի՝ վերջերս տեղի ունեցած պաշարման կապակցությամբ նախագահ Օբամային նամակ հղելու համար։ Մասնավորապես, նամակում ասվում է. «Մենք արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը այն հավաստի զեկույցների հետ կապված, որ անցած շաբաթվա վերջին իսլամիստ ապստամբները,մուտք գործելով Թուրքիայի տարածքից, հարձակումներ են իրականացրել Սիրիայի Լաթաքիայի շրջանում, մասնավորապես Քեսաբ քաղաքում, որը գերազանցապես հայերով բնակեցված տարածք է։ Այսպիսի գործողությունները հանցավոր են և պետք է խստորեն դատապարտվեն»։

Ի լրումն Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի նամակին, Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջեյմս Մաքգավերնը այդ հարձակումները դատապարտող խիստ հայտարարություն արեց և կոչ արեց հետաքննություն իրականացնել Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ։ «Ես խորապես մտահոգված եմ այն տեղեկություններով, որ այս հարձակումները ենթադրաբար ծագել են Թուրքիայում և պահանջում եմ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը այս պնդումների մանրակրկիտ ու համակողմանի հետաքննություն անցկացնի»,- ասաց Մաքգավերնը: Մինչդեռ երեկ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ կոնգրեսական Շիֆը ասաց. «Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկիչների դաժան հարձակումները Սիրիայի հյուսիսում գտնվող Քեսաբ քաղաքի հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ սարսափելի են»։

Կոնգրեսում Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի նամակը հաջորդում է Համագումարի՝ մարտի 24-ին նախագահ Օբամային ուղղված նամակին։ Վերջինում կոչ էր արվում. «Միացյալ Նահանգների վարչակազմին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ոչ միայն Քեսաբի քրիստոնյա հայ համայնքը պաշտպանելու, այլև բոլոր փոքրամասնությունների համայնքներին ՄԱԿ-ի հետ համատեղ պաշտպանելու ուղղությամբ: Ի լրումն, մենք կոչ ենք անում նախագահ Օբամային հրապարակավ հայտարարել, որ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի ՆԱՏՕ-ում իր դաշնակցի` ծայրահեղական խմբերին աջակցելու քաղաքականությունը»։ Մարտի 26-ին Համագումարը վճռականորեն դատապարտեց Սիրիայում հայերի վրա հարձակումը։ Համագումարի նամակն ուղարկելուց օրեր անց, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը հանդիպել են ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնյաների հետ՝ անմիջականորեն արտահայտելով ամերիկահայերի մտահոգությունները և ուրվագծելով այն քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող են ձեռնարկել քեսաբահայերին աջակցելու և պաշտպանելու ուղղությամբ։

Այսօր ԱՄՆ Պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցի ընթացքում մամլո խոսնակ Մարի Հարֆը հայտնեց. «Մենք խորապես մտահոգ ենք վերջերս տեղի ունեցող բախումների և բռնությունների կապակցությամբ, որոնք վտանգի են ենթարկում Քեսաբում հայ համայնքին և շատերին ստիպում փախուստի դիմել»։

Նա ասաց, թե. «Մենք որոշ հայտարարություններ ենք ստացել այն խմբերի կողմից, ովքեր կռվում են Քեսաբում, որոնցում կա պնդում թե նրանց թիրախը քաղաքացիները չեն և որ հարգելու են փոքրամասնություններին ու սրբավայրերը»։ Հարֆը հավելեց. «Մենք հույս ունենք, որ այս պարտավորությունները կվերահաստատվեն։ Միացյալ Նահանգները կշարունակեն իրենց անսասան աջակցությունը նրանց, ովքեր տուժել են Սիրիայի և ողջ տարածաշրջանում տեղի ունեցող բռնություններից, ներառյալ Սիրիայի հայերին։ Մենք վաղուց ենք մտահոգված վայրագ ծայրահեղականների կողմից իրականացրած սպառնալիքների կապակցությամբ, և Սիրիայում հայ համայնքին ուղղված այս վերջին սպառնալիքը միայն խորացրեց մեր մտահոգությունը»։

«Մենք ողջունում ենք Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի գործողությունը և կոնգրեսականներ Շիֆի և Մաքգավերնի հայտարարությունները»,- հայտնեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով. «Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ մենք պետք է շարունակենք պայքարը՝ վստահ լինելու, որ Սիրիայում քրիստոնյա հայ համայնքը պաշտպանված է»։

Ամերիկայի Հայկական Համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31