Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբը՝ Վաշինգտոնի և Մոսկվայի ուշադրության կենտրոնում. Azatutyun.am

Մարտ 29,2014 22:18

«Ազատություն». Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումն արդեն վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, Սիրիայի Քեսաբ բնակավայրի և վերջին օրերին քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ են արել ինչպես պաշտոնական Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան:

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը՝ դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից, – ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը՝ շարունակելով, – այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:

«Ինչպես հավանաբար արդեն տեղյակ եք, այս հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապ֊ը, այլ հարցերի թվում անդրադառնալով նաև Սիրիայի փոքրամասնությունների՝ հատկապես քրիստոնյաների ծանր դրությանը», – ասել է Հարֆը:

Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցրել է գրոհայինների տարածած մի շարք հաղորդագրությունների մասին, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն հանդիսանում:

«Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ Միացյալ Նահանգներն էլ կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը», – ասել է Մարի Հարֆը:

Պետդեպարտամենտի խոսնակի այս հայտարարությունից հետո մի քանի ուշագրավ հարցեր են հնչել:

«Թուրքիայից ստացվող հաղորդումների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ծրագրել էր Սիրիայում սադրանք իրականացնել, որպեսզի Թուրքիան Սիրիա ներխուժելու պատրվակ ունենա: Ինչպե՞ս կմեկնաբանեիք սա», – այս հարցին Պետդեպարտամենտի խոսնակը արձագանքել է․ – «Դուք նկատի ունեք ենթադրյալ հեռախոսազրո՞ւյցը», և դրական պատասխան ստանալով՝ նշել․ – «Ինչպես երեկ ասացի, ես թուրք պաշտոնյաների ենթադրյալ խոսակցությունների մասին ասելու բան չունեմ»: «Բայց [Թուրքիայի արտգործնախարար] պարոն [Ահմեթ] Դավութօղլուն ասել էր, որ տեսաերիզն իրական է», – այս հարցադրմանն էլ Մարի Հարֆը արձագանքել է․ – «Դարձյալ նշեմ՝ ես այնտեղի մեղադրանքները չեմ մեկնաբանում»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, ուրբաթ օրը տարածած հայտարարությունում մտահոգություն հայտնելով Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել հենց Թուրքիայի տարածքից:

«Ծայրահեղականների կողմից Քեսաբի գրավումը և խաղաղ բնակիչների տեղահանումն արդեն իսկ դատապարտել է ողջ աշխարհի հայ հանրությունը, Երևանում տեղի են ունեցել ցույցեր ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև՝ Սիրիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները դադարեցնելուն միտված գործողությունների պահանջով: Միաժամանակ, Հայաստանի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել սիրիական իշխանություններին՝ հայ բնակչությանը պաշտպանելու համար», – արձանագրում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունն ու ամփոփում․ – «Տպավորություն է ստեղծվում, որ ծայրահեղականների գործողություններն ուղղված են միջսիրիական բանակցությունների վերսկսումը թույլ չտալուն և Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացը խափանելուն:  Այդպիսի սցենարն անթույլատրելի է»:

 Տիգրան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31