Aravot. am-ը Արցախի ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանից հետաքրքրվեց՝ Արցախում ինչպե՞ս են ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նախօրեին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելու քայլը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են բանաձեւին դեմ քվեարկելու հայաստանյան պատվիրակության քայլը:
«Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, պատգամավորների խումբը ողջունել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ ընդունելով այն որպես ազգերի ինքնորոշման իրավունք, որից օգտվել է Ղրիմում ապրող բնակչությունը: Մենք ինքնորոշման իրավունքն ենք ողջունել»,- ասաց պարոն Թովմասյանը:
Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ բանաձեւին դեմ քվեարկելով՝ Հայաստանը կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են, պարոն Թովմասյանն ասաց. « Այդպիսի մտավախություն չկա, մենք՝ Ղարաբաղում ապրող հայերս, ո՞նց կարող ենք ինքնորոշման ձգտողներին չողջունել: Ի՞նչ վատ բան կա այդտեղ»:
Կարդացեք նաև
Նա ողջունեց նաեւ ՀՀ նախագահի դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ եւ ասաց, որ Ղարաբաղի քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը կողմ էր այդ հայտարարությանը, բայց միաժամանակ նկատեց. «Արցախի հիմնախնդիրը լրիվությամբ տարբերվում է: Արցախն իր անկախությունը ձեռք բերեց արյան գնով: Իսկ Ղրիմում պատերազմ չկար, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմ արտահայտվեց եւ օգտվեցին ինքնորոշման իրավունքից: Հիմնախնդիրները լրիվ տարբեր են»:
Մեր հարցին, թե Ղրիմի հանրաքվեն ողջունող դիրքորոշումը ի՞նչ կտա Արցախին, արդյոք կնպաստի՞ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչմանը, մեր զրուցակիցն ասաց. «Ինքնորոշման ձգտող պետությունները շատ ոգեւորվում են, երբ այլ պետություններ ողջունում են հանրաքվեի արդյունքները եւ ինքնորոշումը»:
Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Արցախը կամ Հայաստանը չողջունեցին օրինակ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ինքնորոշման գործընթացները, փոխնախագահը չպատասխանեց, միայն ասաց. «Մենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ