Ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվամիջոցներն են ստեղծում այն պատկերացումները, որոնց վրա հիմնվում է հասարակության յուրաքանչյուր անդամ, իսկ իրադարձությունները նշանակություն են ձեռք բերում լուսաբանման շնորհիվ: «Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, կարևորելով մեդիայի ազդեցությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մարտի 24-ից 30-ը իրականացնում է «Youth with media wings» ուսուցողական դասընթացը, որին մասնակցում են Իտալիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Հայաստանի, Ռումինիայի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի երիտասարդական հասարակական կազմակերպությունների մոտ 30 ներկայացուցիչներ:
«Youth with media wings» ծրագրի նպատակն է բացահայտել ԵՄ և գործընկեր պետությունների իրական արժեքները, բարձրացնել խտրականության և այլատյացության մասին իրազեկումը, քննարկել հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը: Մասնակիցները ծրագրի անցած օրերի ընթացքում հնարավորություն ունեցան հանդիպելու արտասահմանյան և հայաստանյան լավագույն փորձագետներին, քննարկելու կյանքի մասին իրենց տեսլականը: Այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր, ծանոթացան Հայաստանի հազարամյա պատմությանն ու ավանդույթներին:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը մասնակիցներին ծանոթացրեց զանգվածային լրատվամիջոցների առանձնահատկություններին, նշանակությանն ու լրագրության հիմնական սկզբունքներին, ոչ ֆորմալ կրթության միջոցով փոխանցեց գործնական հմտություններ՝ ընդգծելով մեդիայի դերը հասարակական կյանքում:
Կիրառելով ծրագրի ընթացքում ձեռքբերած լրագրողական հմտությունները՝ մասնակիցները նկարահանել 4 տեսանյութ` հանրությանն ուրույն հաղորդագրություն ուղղելով այլատյացության, խտրականության, հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի և մեդիան ի շահ իրենց օգտագործելու ցանկության մասին:
Կարդացեք նաև
«Հայկական Փի Ար ասոցիացիա»