Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՄ երկրներ արտահանված ապրանքի վրա կիրառվելու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ». Դավիթ Սարգսյան

Մարտ 29,2014 18:07

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր ՀՀԿ երկրորդ «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող տնտեսական համաժողովի ժամանակ իր զեկույցում անդրադարձավ Մաքսային միության անդամակցության դեպքում հարկային եւ մաքսային ոլորտներում հնարավորություններին եւ խնդիրներին:

Անդրադառնալով մաքսային դաշտում փոփոխություններին՝ նախարարն առանձնացրեց մաքսային ձեւակերպումները եւ թե ինչպե՞ս պետք է դրանք իրականացնել. «Մենք պարտավոր կլինենք ապահովել մաքսային ձեւակերպումների ընթացքում մեկ պատուհանի համակարգով աշխատանքը»:

Դավիթ Սարգսյանը նաեւ նշեց, որ մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց որոշումների գործողությունների բողոքարկման համակարգը տարբերվելու է այն համակարգից, որն այսօր գոյություն ունի Հայաստանում. «Մաքսային միության կանոններով ցանկացած շահագրգռված անձ կարող է դիմել բողոքարկման եւ բողոքարկել ցանկացած գործընթաց»:

Մաքսային միության տարածքի ներսում ներմուծման եւ արտահանման համար անուղղակի հարկման մասին խոսելիս՝ նախարարն իր զեկույցում ասաց, որ այս դեպքում որոշակի առանձնահատկություններ են ի հայտ գալիս. «Մասնավորապես՝ եթե Ռուսաստան, Բելառուսիա եւ Ղազախաստան ապրանքների ներմուծումից հետո՝ տասն օրվա ընթացքում, պետք է վճարվեն անուղղակի հարկեր, ապա ՄՄ օրենքով այդ հարկերը պետք է վճարվեն ընդհանուր սկզբունքներով՝ հարկային մարմիններում, ոչ թե մաքսային մարմիններում, եւ այդ վճարումը պետք է իրականացվի ներմուծման հաջորդ ամսվա մինչեւ 20-ը, այսինքն՝ խոսքը գնում է ոչ թե 10 օրվա մասին, այլ ավելի երկար ժամանակահատվածի մասին»:

Նա նաեւ հավելեց, որ այն բոլոր ապրանքները, որոնք արտահանվելու են ՄՄ երկրներ դրանց վրա կիրառվելու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

Նախարարը անդրադարձավ նաեւ մի քանի խնդիրների, որոնք լուծման կարիք ունեն. «Եվրամիության երկրների հետ առեւտրում ունենք GSP + առեւտրի ռեժիմ, ինչը նշանակում է, որ 11 հազար ապրանքատեսակների ԵՄ արտահանումը զրոյական մաքսատուրքով է իրականացվում»:

Պարոն Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանը ավելի քիչ ապրանք է արտահանում Եվրոպա, քան ՄՄ երկրներ, մինչդեռ ՄՄ երկրներ արտահանում նման առեւտրի ռեժիմ չունի:

Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ մաքսային ամբողջ ենթակառուցվածքի սուբյեկտները համապատասխան լիցենզիա ստանալու եւ գործունեություն ծավալելու համար ՄՄ-ում կանգնում են արգելքների առաջ. «Բավականին խիստ մուտքի կանոններ են, ինչը նշանակում է, որ մեր ավելի փոքր տնտեսվարողները կարող են դժվարություններ ունենալ լիցենզիա ստանալու համար»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31