Ինտեգրացիոն համագործակցության թեման այսօր ակտիվորեն քննարկվում է մեր երկրներում: Փոխշահավետ համագործակցության, մեր տնտեսությունների զարգացման և ժողովուրդների բարօրության ապահովման օպտիմալ ուղիների որոնումը մեր ժամանակների գլխավոր միտումն է:
Ինչպես արդեն նշվել է, ինտեգրացիոն գործընթացները խորքային էվոլյուցիոն հիմք ունեն: Ժամանակակից եվրասիականության կարևոր բնորոշիչ հատկանիշն այն է, որ վերջինս վերաբերում է բացառապես անկախ մասնակիցների միավորմանը՝ կամավոր որոշման , շահերի ընդհանրության և իրավահավասարության հիման վրա: Դա թույլ է տալիս խուսափել բոլոր կայսրություններին բնորոշ հիմնական սխալներից և ստեղծել հարաբերությունների այնպիսի համակարգ, որը զարգացնում և հարստացնում է նրա մեջ մտնող ժողովուրդներին: Խոսելով այսօր եվրասիական ինտեգրացիայի մասին՝ պետք է հստակորեն գիտակցել մի շարք հիմնարար սկզբունքներ: Դրանցից առաջինը տնտեսական պրագմատիզմն է. Եվրասիական ինտեգրումը , մեր կարծիքով , պետք է հիմնված լինի փոխշահավետ տնտեսական սկզբունքների և մոտեցումների վրա ՝ բացառելով վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսները: Տնտեսությունը պետք է լինի այդ կարեւոր գործընթացների հիմքում :
Մեր պատմության մեջ եղել է ժամանակահատված, երբ քաղաքական հարցերի լուծումը դրվել է տնտեսական խնդիրներից առաջ: Բոլորս գիտենք, որ դա լավ ավարտ չունեցավ:
Մեկ այլ սկզբունք ՝ եվրասիական ինտեգրացումը պետք է կառուցվի իր անդամների կամավոր մասնակցության հիման վրա: Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա և տեսնի այդ գործընթացներին մասնակցելու ուղղակի օգուտներն իր համար:
Իհարկե, ինտեգրացվող երկրները պետք է միավորվեն իրավահավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի պայմաններում, այսինքն՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի հիման վրա:
Կարդացեք նաև
Երկխոսություն, կողմերի դիրքորոշումների վերաբերյալ հարգալից վերաբերմունք, նրանց շահերի հիման վրա կայացած փոխշահավետ կոմպրոմիս՝ սրանք են եվրասիական շինարարության հիմնական գործիքները:
Հենց այս սկզբունքների պահպանումը որպես անկյունաքար՝ հանդիսանում է ինչպես Մաքսային միության, այնպես էլ այսօր արդեն ակտիվորեն ձևավորվող Միասնական տնտեսական տարածքի հաջողության գլխավոր նախադրյալը:
Հարգելի՛ գործընկերներ, շատ կարևոր է, որ այս սկզբունքները հետագայում ևս լինեն մեր գլխավոր ուղենիշը՝ արդեն եվրասիական տնտեսական միության ստեղծման նախապատրաստական աշխատանքների ընթացքում:
Անկասկած, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հաջող և արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը համապատասխան իրավական բազայի ստեղծումն է: Հետագա առաջընթացը շատ դժվար կընթանա՝ առանց տնտեսական գործունեության օրենսդրական հիմքերի ներդաշնակեցման: Սա մեր երկրների խորհրդարանների առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է և գերխնդիրն ու պատասխանատվությունը: Մենք պետք է հզոր խթան հաղորդենք օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը՝ ուղղված ազգային օրենսդրությունների կոնվերգենցիային և ներդաշնակեցմանը, ինչպես նաև՝ Միասնական տնտեսական տարածքի ձևաչափով ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման համար անհրաժեշտ իրավական բազայի ստեղծմանը:
Հիրավի, ինտեգրացման օրենսդրական հիմքերի ստեղծմանը նպատակաուղղված խորհրդարանի գործունեությունը հիմնավոր կերպով կարելի է համարել ինտեգրացման արդյունավետ խորացման կարևորագույն գործոն: Մենք գիտակցում ենք, որ իրավունքի տարբեր ոլորտներում հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակումը հանդիսանում է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի իրավաօրենսդրական դաշտի ապահովման գլխավոր գործիք: Ինտեգրացիոն միավորման ընդհանուր իրավական դաշտը , որպես կանոն, հիմնված է նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման և ազգային ու վերազգային հարթությունների համաձայնեցման վրա: Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի , ՀՀ կառավարության եւ մեր երկրի ճյուղային նախարարությունների կողմից քրտնաջան աշխատանք է տարվում հաստատված ճանապարհային քարտեզի հիման վրա, մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավանորմատիվային բազայի շրջանակները և բովանդակությունը ձևավորելու ու մշակելու, ինչպես նաև, եվրասիական տնտեսական միության ստեղծման իրավական հիմքերի վերաբերյալ առաջարկությունների մշակման ուղղությամբ:
Կարևոր է նաև, որ այդ գործընթացում ներգրավված են գիտական հանրությունը, գործարար ու պրոֆեսիոնալ համայնքները: Այդ առումով այսօրվա համաժողովը նույնպես մի լավ հնարավորություն է հետագա ինտեգրացման վերաբերյալ տեսակետների քննարկման համար: Ես խոսում եմ ինտեգրացիայի հետագա զարգացման մասին, քանի որ խորապես համոզված եմ, որ ինտեգրմանը այլընտրանք չկա , հատկապես հաշվի առնելով ժամանակակից տնտեսության միտումները, որոնց բնորոշ է ինտեգրացիոն գործընթացների խորացումը՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:
Խորհրդարանը իր նշանակալի ներդրումն ունի միասնական տնտեսական տարածքի ձևավորման, եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացում՝ վավերացնելով միջազգային համաձայնագրերը, ապահովելով ինտեգրացիոն գործընթացների իրավական բազան և նրա օրենսդրական բովանդակությունը, հետևաբար և՝ արդյունավետությունը: Ելնելով դրանից՝ կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք և կատարելագործենք միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմները՝ ինչպես երկկողմ շփումները Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի խորհրդարանականների հետ, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության վեհաժողովի հարթակը՝ ապահովելով խորհրդարանականների համար փորձի փոխանակման, համատեղ քննարկումների և կոորդինացված օրինաստեղծ աշխատանքի դաշտը : Դա կբերի ազգային օրենսդրության ներդաշնակեցման և նույնականացման գործընթացի ակտիվացմանը, ինչպես նաև, կնքված միջազգային պայմանագրերը վավերացնելու համար ներպետական արարողակարգերի ժամկետների կրճատմանը:
Մենք ձեռնամուխ ենք լինում իրականացնելու Մաքսային միության օրենսդրության ընդունման ծավալուն աշխատանքը: Առաջին հերթին՝ պետք է ընդունվի մաքսային օրենսգիրքը, ինչպես նաև ավելի քան երկու տասնյակ օրենքներ, որոնց մի մասը պետք է ընդունվի մինչև Մաքսային միությանը միանալու պայմանագրի ստորագրումը, ինչպես օրինակ՝ ստանդարտիզացման մասին, լիցենզավորման մասին, հավատարմագրման մասին, տեխնիկական կարգավորման մասին, ազատ տնտեսական գոտիների, ֆիտոսանիտարիայի, սննդի արտադրանքի անվտանգության, անասնաբուժության, ապրանքային նշանների, գնումների մասին օրենքները: Այդ օրենսդրական և կարգավորման աշխատանքները կատարելիս պետք է հաշվի առնել, որ կան Հայաստանի տնտեսությանը բնորոշ մի շարք հատուկ հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ այն, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը զգալիորեն տարբերվում է Եվրասիական միության անդամ երկրների տնտեսություններից, որ Մաքսային միության անդամ պետությունները լինելով բնական պաշարներով հարուստ երկրներ, հետխորհրդային շրջանում վարել են ազգային արտադրողին պաշտպանելու քաղաքականություն՝ հիմնականում համեմատաբար բարձր մաքսատուրքերի ներդրման միջոցով: Ի հակադրություն դրան՝ բնական ռեսուրսների սակավության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկիրը շրջափակելու և Վրաստանից լոգիստիկ բարձր կախվածության պատճառով՝ Հայաստանն այդ նույն ժամանակահատվածում ստիպված է եղել ապահովել իր տնտեսության կենսունակությունը հիմնականում ազատականացման ճանապարհով: Մաքսատուրքերի մակարդակը Մաքսային միությունում բավական բարձր է, քան Հայաստանում կիրառվողները:
Հայաստանի հանրապետության խորհրդարանի անունից կուզենայի ընդգծել, որ խորհրդարանը պատրաստ է այդ դժվարին և պատասխանատու աշխատանքին: Ինչպես գիտենք, արդեն հաստատված է ճանապարհային քարտեզը, ստեղծված են 22 աշխատանքային խմբերը և պարզ է թե՛ գործադիրի և թե° օրենսդրի կողմից կատարվելիք աշխատանքների ծավալն ու բովանդակությունը: Եվ քանի դեռ ընթանում են աշխատանքները, կցանկանայի, որ մենք կենտրոնանայինք Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ռազմավարական, հայեցակարգային տեսլականի վրա:
Մեզ պետք է արդյունավետ կազմակերպություն, որը կլինի կայուն և ամուր, որի նպատակն է ժողովուրդների կենսամակարդակի և բարօրության բարձրացումը և մեր երկրների տնտեսական աճը:
Մասնակցել որևէ միավորման , նշանակում է ,առաջին հերթին, համագործակցության մեջ փոխզիջման պատրաստակամություն ցուցաբերել:
Պարզ է, որ յուրաքանչյուր պետություն իր ազգային շահերն ունի: Ժամանակակից քաղաքակիրթ ինտեգրացիայի կատարյալ օրինակն, այն է` երբ պետությունների ազգային շահերը համընկնում են միավորման ընդհանուր շահերի հետ:
Անշուշտ, մեր երկրները միասին հսկայական ներուժ ունեն: Նաև ունենք ընդհանուր մենթալիտետ և ձևավորված տնտեսական կապեր, ավանդույթներ, մարդասիրական ընդհանուր արժեքներ, որոնք համագործակցության կապակցող հիմնական տարրերն են: Միասին մենք կարող ենք ստեղծել արդյունավետ կառուցվածք, որը մեզ ավելի ուժեղ և հաջողակ կդարձնի: