Լրահոս
Օրվա լրահոսը

66 երեխաներից մեկը կարող է ծնվել աուտիզմով

Մարտ 29,2014 17:13

 Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը։ Աուտիզմ ունեցող թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ աուտիզմը մեծ շառավիղ ունեցող խանգարում է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Այդ իսկ պատճառով վաղ ախտորոշումը շատ կարևոր է։ Աուտիզմի նշանները վաղ ճանաչելու շնորհիվ երեխան կարող է անհապաղ սկսել ստանալ բազմաթիվ մասնագիտացված բուժական միջամտություններ։ Այդ հարցի պարզաբանման համար «Առավոտը» զրուցեց, Կալիֆորնիայի համալսարանի(UCLA) բժշկության ֆակուլտետի կլինիկական հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Այրա Փոլ Հեյլվեյլի հետ: «Հայաստանում կան կենտրոններ,որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում աուտիզմով երեխաների համար: Հիմնականում՝ թերապիաների տեսքով է կատարվում: Անհատական աշխատանք է կատարվում յուրաքանչյուր երեխայի հետ և մեկ երեխային տրամադրվում է մեկ թերապևտ: Բոլոր երեխաների համար կազմվում են անհատական ծրագրեր և մասնագետները, ովքեր, որ թերապևտներ են, աշխատում են քայլ առ քայլ, սկսած՝ գիտելիքներից,հմտություններից, ինքնասպասարկման ոլորտից, որով էլ զարգացնում են երեխային: Անցկացվում են խաղային թերապիաներ,երաժշտական,անհատի ֆիզիկական կուլտուրայի թերապիաներ: Երեխաների հետ թերապիաների անցկացման պրոգրեսը շատ տարբեր է և այն կարող է նպաստել, որոշակի լավ վիճակի բերել երեխային, սակայն դա կարող է շատ փոքրիկ պրոգրես լինել»: Հեյլվեյլը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նաև, որ միայն ԱՄՆ-ում 66 երեխաներից մեկը կարող է ծնվել աուտիզմով:

Սյուզաննա Պետրոսյանը, ով Հայաստանի «Երեխաների զարգացման միջազգային» կենտրոնի աուտիզմով երեխաների խնդիրներով համակարգողն է, նշեց,որ աուտիզմով երեխաների մեջ կան այնպիսինները, որոնք նույնիսկ շնորհալի են.« Յուրաքանչյուր երեխա՝ լինի առողջ,թե աուտիզմով, ունի լուսավոր կետեր, շնորհք, որը կարելի է զարգացնել և բացահայտել երեխաներին: Մեր՝ «Սոցիալական ինտեգրում» ծրագիրը նպատակ ունի երեխաների մեջ բացահայտել դրականը,լուսավորը, որը զարգացնելով մենք կարող ենք օգնել նրանց ինքնահաստատվել, գտնել իրենց տեղը: Օրինակ, աուտիզմով երեխաները շատ են սիրում երաժշտություն: Ռաֆայելն այնքան շատ է սիրում լուսանկարվել, որի ժամանակ նա նույնիսկ մոռանում է իր աուտիզմը: Ունենք երեխաներ, որոնք համերգ են նույնիսկ ունեցել և դա եղել է պատուհան,որն իրենց ինտեգրել է հասարակությանը և իրենք դա, կարծես,զգում են,որովհետև տեսնում են,որ խտրականություն չկա»: Հայասատանում աուտիզմով երեխաների կենտրոնում կան մեկ ու կեսից մինչև տասնյոթ տարեկան երեխաներ: Տարիքային սահմանափակումներ չկան: Աուտիզմով երեխաների կենտրոնը գործում է 2006 թվականից :

Հեյլվելը հաղորդեց,որ սկզբնական շրջանում աուտիզմով երեխաները քիչ էին՝ թվով մեկ, երկու հոգի և աշխատում էին փոքր սենյակում, սակայն ներկա պահին նրանց թիվը բավական մեծ է,ուստի բացվել են կենտրոններ: Նշեց նաև,որ պետությունն այժմ աջակցում է իրենց, և իրենք արդեն իսկ ունեն նոր տարածք՝ Նորքի զանգվածում, որտեղ էլ կբացեն աուտիզմով երեխաների կենտրոն:

Հայաստանում գործող կենտրոններն անվճար են, որտեղ երեխաներին օգնում են հասարակության ինտեգրման հարցում: Սյուզաննա Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ աուտիզմով երեխաների համար կազմակերպվում են տարբեր ժամանցային ծրագրեր, օգնում են տարբեր խմբակներում.«Երեխաների համար անցկացնում ենք «Էկո» կենտրոնի յոգայի պարապմունքներ, որով փորձում ենք երեխաներին ուսուցանել յոգայի արվեստը և դա էլ նպաստում է նրանց զարգացնելու հարցում»: Հայաստանի աուտիզմով երեխաների կենտրոնում հիմնական մասը տղաներ են և ինչպես նշեց Սյուզաննան. «Երեխաներից չորսից մեկն է աղջիկ»: Նա հայտնեց հայ հասարակության հետ երեխաների կապի շնորհակալական վերաբերմունքը և նշեց, որ հայ հասարակությունը շատ պատրաստակամ է և միշտ հոգատարություն է դրսևորում աուտիզմով երեխաների նկատմամբ:

Սերգեյ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31