Լրահոս
Օրվա լրահոսը

«OLD BAND-ը շոու բիզնես չի մտնի». OLD BAND-ի անդամ

Մարտ 29,2014 15:18

CinYou-ն, որը մշակութային երկխոսության և զարգացման, կինոարվեստի առաջընթացի և նոր անունների բացահայտման նախագիծ է, ներկայացնում է OLD BAND էթնիկ խմբի համերգ-ներկայացումը, որը բարեգործական բնույթ ունի, և ողջ հասույթը տրամադրվելու է CinYou նախագծի պաշտոնական կայքի ստեղծմանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց CinYou նախագծի ներկայացուցիչ Անուշ Քոչարյանը՝ տեղեկացնելով նաև, որ համերգի պատվավոր հյուրերից է լինելու ուկրաինահայ աշխարհահռչակ ռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանը։

Ներկայացնելով OLD BAND-ը՝ բեմադրող ռեժիսոր Սամվել Թադևոսյանն ասաց, որ այն ընդամենը երեք ամսվա պատմություն ունի: «Առաջին համերգը տվել ենք փետրվարին՝ Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոնում, իսկ ահա ապրիլի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնի դահլիճում կլինի երկրորդ համերգը, որի շրջանակներում կհնչեն հայկական ֆոլկլորային երգերի բազմաձայն մշակումներ, իսկ համերգի ողջ ընթացքը կբեմադրվի հատուկ էֆեկտներով»,- ասաց Ս. Թադևոսյանը և հավելեց, որ եթե սկզբնական շրջանում իրենք կատարել են «Հայ ֆոլկ»-ի կամ Մլքեյանի մշակումները, ապա այսօր արդեն՝ երեք ամիս անց, ունեն իրենց սեփական մշակումները. «Շղթայական ռեակցիա է՝ սերը ծնում է սեր, երգը ծնում է երգ»,- ասաց բեմադրող ռեժիսորը:

OLD BAND-ի անդամ, երաժշտագետ Լիլիթ Հարությունյանն էլ ասաց, որ համերգների երգերն ընտրում են հայկական ֆոլկլորային երաժշտության գանձարանից, որը մեր երախտավորների շնորհիվ հասել է մեզ. «Կոմիտասի, Ս. Մելիքյանի, Կարա-Մուրզայի, Եկմալյանի և էլի շատ ուրիշների շնորհիվ մենք ունենք ահռելի գրադարան, հազարավոր ժողովրդական երգեր, որոնց պարտավոր ենք ծանոթանալ»,- համոզված է երաժշտագետը:

Ինչ վերաբերում է շոու բիզնես մուտք գործելուն, խմբի անդամներից Արամ Հարությունյանն ասաց, որ այդպիսի նպատակ բոլորովին չունեն. «Մենք ուղղակի անում ենք այն, ինչ սիրում ենք, և ինչը որ ընդունում է մեծամասնությունը: Մեզ համար ավելի հաճելի կլինի, եթե կարողանանք արտասահմանում նույնպես հանդես գալ, որպեսզի ճանաչելի դառնանք նաև դրսի հանդիսատեսին, քան մտնենք շոու բիզնես, որն այս ժանրի համար ոչ միայն ռեալ չէ, այլև նպատակահարմար էլ չէ»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31