Այսօր ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ, որը կրում է «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր զեկույցում նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են կարեւորագույն խնդիրներ, որոնք ազդեցություն են թողնելու Հայաստանի ՄՄ անդամակցության վրա:
Իր զեկույցում առաջին կետը, որ առանձնացրեց վարչապետը այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տեղի ունեցան փոփոխություններ, որոնք բյուրեղացրեցին որոշ երեւույթներ եւ հարաբերություններ, որոնք մինչեւ ճգնաժամը ակնհայտ չէին. «Առաջին հերթին՝ դա ցույց տվեց Եվրամիության ուժեղ եւ թույլ կողմերը: Նաեւ այն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեւավորվեց Մաքսային միությունը, որը ցույց տվեց իր կենսունակությունը եւ արդյունավետությունը»:
Պրն Սարգսյանի խոսքով՝ ՄՄ տնտեսական տարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որն այնտեղ ձեւավորվում է, մոտ է Հայաստանի տնտեսական զարգացվածությանը. «Մեր ապրանքների եւ ծառայությունների մշակման աստիճանը իր զարգացվածությամբ մոտ է Մաքսային Միության զարգացվածության աստիճանին»:
Վարչապետը առաջ քաշեց նաեւ մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրը եւ հայտնեց, որ Եվրասիական միության հետ անդամակցությունն ունի ռազմաքաղաքական եւ անվտանգության բովանդակություն:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետը իր զեկույցում առաջ քաշեց նաեւ շատերին հուզող այն խնդիրը, որ արդյո՞ք Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, չի կորցնի իր ինքնիշխանությունը. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք հանդես ենք գալու որպես այդ միության իրավահավասար մասնակից, եւ մեր որոշումները ազդելու են այդ դաշտի շուկայի վրա»:
Անդրադառնալով Հայաստանի ՄՄ անդամակցությունից հետո բիզնեսի համար շահավետ կողմերին՝ պրն վարչապետը նշեց, որ «այդ անդամակցությունը բազմագործոն երեւույթ է, եւ մենք պարտավոր ենք վերլուծել բոլոր բացասական եւ դրական գործոնների ազդեցությունը: Կարեւորում ենք, այն հանգամանքը, որ ՄՄ անդամակցությունը ավելի շատ դրական ազդեցություն ունի տնտեսության վրա, քան բացասական»: Առաջին կարեւոր ազդեցությունը, որ առանձնացրեց վարչապետը, այն է, որ բիզնես տնտեսվարող սուբյեկտները շահելու են, քանի որ մուտք են գործում սպառողական մեծ շուկա: Երկրորդ գործոնը նա համարեց մաքսային գործոնների էական դյուրացումը. «Այս տեսակետից մեր ապրանքաշրջանառության 2/3-ը իրականացվում է միասնական տնտեսական տարածքում, որն էլ ավելի շահավետ բիզնես պայմաններ է ստեղծում»: Շուկայական պայմանների էական բարելավումը, տեխնիկական խոչընդոտների վերացումը եւ ներդրումների ներգրավման ընդլայնման հնարավորությունները նույնպես պրն վարչապետը կարեւորեց իր ելույթում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ