Այսօր տեղի ունեցած ՀՀԿ տնտեսական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթի շարունակությունում հայտնեց, որ Մաքսային Միությունում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն երեք անգամ գերազանցում է Հայաստանում նույն ցուցանիշին. «Մաքսային միությունում կենսամակարդակը ավելի բարձր է քան Հայաստանում, այսինքն՝ սա նպատակ ունի ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը , նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժման, որի շնորհիվ էլ կնվազեն արտագաղթի ռիսկերը» :
Պրն Սարգսյանը հայտնեց, մաքսային միության անդամ մյուս երկրների համեմատ մենք ունենք հարաբերական առավելություններ. «Դա, առաջին հերթին, ֆինանսական ամուր համակարգն է, որը ճգնաժամի ժամանակ ցույց տվեց իր հուսալիությունը: Ճգնաժամից հետո Հայաստանում ձեւավորվեց դիվերսիֆիկացված տնտեսություն՝ ավելի բարձր, քան ճգնաժամից առաջ: Նաեւ առավելություններից եմ համարում այն ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք մենք ձեւավորել ենք ՄՄ-ում: Ինչպես Մաքսային միության շրջանակներում, այնպես էլ՝ ԱՊՀ-ում Հայաստանն առաջատարն է»:
Խոսելով մարտահրավերներից, որոնց հետ Հայաստանը առնչվում է՝ անդամագրվելով ՄՄ-ին, նա առանձնացրեց այն հանգամանքը, որ, լինելով համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամ, Հայաստանն ունի մաքսատուրքերի ցածր մակարդակ, իսկ անդամակցելով Մաքսային միությանը՝ դրանք 3 անգամ ավելի բարձր կլինեն. «Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտների վրա, որոնք ներկրում են ապրանքներ եւ նաեւ մեր արտադրողների վրա, այն թողնելու է իր ազդեցությունը»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ