«Երեխա ունենալը կնոջ ամենաերանելի պարգեւն է, բայց կարծում եմ, որ վաղուց մեր իրականությունից դուրս է մղվել այն կարծատիպը, թե կինը միայն տնային տնտեսուհի է եւ երեխաներ դաստիարակող»,-ասում է 24-ամյա մայրը՝ Կարինե Պետրոսյանը: Նրա որդին 3 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում, նրան խնամում է տատիկը, որպեսզի մայրը կարողանա գնալ աշխատանքի: Կարինեն այսօր հայաստանյան հաշվապահական ընկերություններից մեկում է աշխատում: Մինչ ամուսնությունը չի աշխատել, խոստովանում է՝ այսօր աշխատանքն իր համար առավել կարեւոր է հասարակական ակտիվություն ցուցաբերելու առումով:
Շատ կանայք ամուսնությունից եւ հատկապես ծննդաբերությունից հետո բախվում են կարիերան, ուսումն ու աշխատանքը շարունակելու խնդրի հետ: Մասնագիտություն ունեցող կանայք աշխատելու մեծ ձգտում են զգում, իսկ ոմանք էլ նախընտրում են վայելել երեխայի առաջին բառը լսելու, առաջին քայլը տեսնելու րոպեներն ու տարիներ շարունակ գերազանց խնամք ապահովել իրենց երեխայի համար: Կան նաեւ կանայք, ովքեր միայն անհրաժեշտությունից դրդված են իրենց փոքրիկի խնամքը հանձնել հարազատներին կամ վարձել վստահելի մեկին, որպեսզի գնան աշխատանքի կամ շարունակեն ուսումը:
Զրուցակիցներիցս մեկն էլ 30-ամյա Մարինե Հարությունյանն է, ով աշխատում է 8 ժամ: Նրա խոսքով, շատ է կարոտում եւ անհանգստանում փոքրիկի համար: «Երբ երեխաս առավոտվանից երեկո ուրիշի ձեռքերում է, անընդհատ նրա մասին եմ մտածում: Էլ չեմ ասում ամենօրյա վազքի մասին՝ առավոտյան երեխայիս տանում եմ մանկապարտեզ, հետո գալիս եմ մանկապարտեզից տուն եմ տանում եւ այլն,- ասում է նա եւ հավելում,- ես շատ կցանկանայի երեխայիս համար ավելի շատ ազատ ժամեր ունենալ, որ գայի, խաղայի նրա հետ, տանեի բակ կամ զբոսանքի: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ինչ է եղել որ, մինչեւ 18.00-ն ես աշխատում, էլ չեն մտածում, որ մինչեւ տուն ես գալիս, հաց ես ուտում, հանգստանում ես, ժամերն անցնում են, իսկ ընդհանրապես, երբ հոգնած ես լինում, չես կարողանում ինչ-որ բան անել»: Երեխա ունեցող կանայք հաճախ դժվարությունների են հանդիպում նաեւ աշխատանք փնտրելիս. ժամային գրաֆիկը չի համապատասխանում կամ տնօրենն է մերժում՝ հաշվի առնելով երեխայի հանգամանքը: «Հսկիչ-վաճառողուհու աշխատատեղի համար ինձ հարցազրույցի էին կանչել, բոլոր տվյալներս համապատասխանում էր, բայց երբ հարցրին ու իմացան, որ փոքրիկ ունեմ, ասացին, որ իրենց պետք է ավելի պատասխանատու մեկը, ով հաճախակի չի բացակայի երեխայի հիվանդության եւ այլնի պատճառով եւ ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի միայն առեւտրի մեջ, որպեսզի բիզնեսը չտուժի»,- պատմում է 1.5 տարեկան երեխայի մայրը՝ 22-ամյա Սիլվա Գրիգորյանը:
Դժվարությունների հանդիպում են նաեւ ուսանող մայրերը: Խնդիրներն ավելի են բարդանում փոքր երեխա ունենալու պարագայում, ում ավելի շատ է խնամք հարկավոր: 20-ամյա Վերգինե Անդրիասյանը միաժամանակ համատեղում է բալիկի խնամքը, ուսումը եւ աշխատանքը: Սովորում է Երեւանի պետական համալսարանում, իսկ աշխատում՝ որպես PR մենեջեր: Խոստովանում է՝ այդ ամենը համատեղելն այնքան էլ հեշտ չէ, սակայն նրա բախտը բերել է այն առումով, որ աշխատանքի մեծ մասը կարողանում է կատարել առանց տնից դուրս գալու՝ լինելով երեխայի կողքին. «Իմ աշխատանքն այնպիսին է, որ մարդկանց հետ հիմնականում շփվում եմ կապի միջոցներով (հեռախոսի եւ համացանցի միջոցով): Երբ ունես փոքր երեխա, հնարավոր չէ առավոտից երեկո աշխատել, բացի այդ, դժվար թե որեւէ գործատու նման պայմաններով ընդունի աշխատողի, հետեւաբար կարծում եմ, որ ազատ գրաֆիկով աշխատանքն ամենաօպտիմալ տարբերական է այն կանանց համար, ովքեր ունեն փոքրիկ բալիկ, բայց ցանկանում են աշխատել»:
Այնուամենայնիվ, երիտասարդ մոր խոսքով, երեխայի խնամքը, աշխատանքը եւ ուսումը համատեղելն այնքան էլ հեշտ չէ, դրանից տուժում է ուսման որակը: «Կան դասախոսներ, ովքեր ըմբռնումով են մոտենում եւ փորձում են ավելի մեղմ լինել քննական շրջանում, սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր ցանկացած դեպքում օբյեկտիվ են, անգամ երեխայի առկայությունը հաշվի չեն առնում»,- ասում է նա:
Երիտասարդ (եւ ոչ միայն) մայրերի հոգսը թեթեւացնելու համար պետությունը որոշակի քայլեր անում է: Օրինակ, ըստ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, աշխատող ծնողները ստանում են մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18. 000 դրամի չափով: Սակայն վերջերս գործադիրը քննարկում է սույն օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կտրամադրվի բոլոր երեխաներին՝ անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից, ավելին՝ զույգ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում առաջարկվել է նպաստը նշանակել մինչեւ երեխայի 2 տարեկան 6 ամսական հասակը՝ նկատի ունենալով, որ նրանց խնամքը համեմատաբար ավելի դժվար է: Չի բացառվում նաեւ, որ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրվի նաեւ ուսանող մայրերին: Ի դեպ, հայաստանյան մի շարք բուհերում այժմ զեղչվում են մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողների ուսման վարձերը: Այնուամենայնիվ, մեր հարցման մասնակիցները պնդում են, որ իրենց ավելի շատ են աջակցող ծրագրեր հարկավոր, այն էլ այն դեպքում, երբ իրենք կարոտի եւ անհանգստության գնով ամեն ինչ անում են՝ իրենց երեխային բարեկեցիկ կյանքով ապահովելու համար:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ