Հովհաննես Թոքմաջյանը բարեփոխումներ է սկսել
Մարտի 27-ին ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ժողով էր հրավիրել, որին ի թիվս այլոց, մասնակցում էին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ծնողները եւ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանը:
«Կրթությունը ազգային անվտանգության հիմնահարց է, իսկ դպրոցն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է այս շենքը՝ մասնագետ-քաղաքացի»,- նշել էր պարոն Թոքմաջյանը եւ հավելել, որ Պոլիտեխնիկի դպրոցում երկփեղկված վիճակ է. մի կողմից դպրոցն ունի կրթության բարձր որակ, մյուս կողմից՝ այստեղ առկա են երեւույթներ, որոնք հարիր չեն անվճար կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցին:
Ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց, որ վճարովի բոլոր պարապմունքները այսուհետեւ դադարեցվում են դպրոցում, անկախ նրանից՝ ծնողները 7000-ական դրամներ վճարել են հոժարակա՞մ, թե՞ պարտադրաբար:
Ի դեպ, տարիներ ի վեր այդ 7000-ական դրամների հանրագումարում ամսական երկու միլիոնից ավելի դրամ գումար է մտնում Պոլիտեխնիկի բյուջե: «Ինձ համար անընդունելի է ցանկացած դրամահավաք, մեր համալսարանն ի զորու է որակյալ կրթություն ապահովել իր միջոցների հաշվին… Վաղվանից ցանկացած դրամահավաք, լինի գումարի տեսքով, թե թանկարժեք ծաղկեփնջի, կդիտարկվի որպես էթիկայի կոպտագույն խախտում: Պարոն Մարտիրոսյանը եւս խստագույնս զգուշացված է… Ոչ մի ուսուցիչ իրավունք չունի պարտադրել, որ գան իր մոտ վճարովի պարապելու: Եթե համալսարանում մուտքեր լինեն ձեր կողմից, վերադարձնելու ենք»,- ասաց պարոն Թոքմաջյանը:
Կարդացեք նաև
Ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց, թե ուսուցիչների հավելավճարները կպահպանվեն, բայց ոչ թե ծնողների, այլ Պոլիտեխնիկի հաշվին, սակայն ուսուցիչները պետք է լրացուցիչ անվճար պարապմունքներ անցկացնեն: Կոնսուլտացիաներն անվճար կլինեն 10-11-12-րդ դասարանների համար:
Ռեկտորի պաշտոնակատարի հավաստմամբ, մյուս տարվանից Պոլիտեխնիկը կանցնի զարգացման ծրագրերի, միջոցներ կձեռնարկվեն դպրոցի եւ ընդհանրապես Պոլիտեխնիկի շենքի պայմանների բարելավման ուղղությամբ:
Խմբակներն էլ ոչ միայն չեն կրճատվի, այլեւ կընդլայնվեն, սակայն ավելի շատ զարկ կտրվի ինժեներական ուղղություններին, դպրոցի սաներն էլ կօգտվեն Պոլիտեխնիկի լաբորատորիաներից եւ բազաներից:
Պարոն Թոքմաջյանը ծնողներին հորդորեց դպրոց ուղարկելուց առաջ հետեւել նրանց հագուկապին, ստուգել՝ արդյոք դպրոց չե՞ն բերում ծակող, կտրող առարկաներ: «Չի կարելի թույլ տալ, որ տղան բանտիկ կապի, կամ, օրինակ, ականջօղ կրի: Սա ինժեներական ինտելիգենցիայի օրրան է, եւ մենք պետք է ունենանք նորմալ տղամարդիկ»,-հայտարարեց նա՝ շեշտելով, որ երեւույթը համատարած չէ, բայց, այնուամենայնիվ, կան առանձին դեպքեր:
Նրա խոսքով, «սայլը տեղից չի շարժվի», բարեփոխումները հաջողությամբ չեն պսակվի, եթե չլինի ծնողական համայնքի աջակցությունը:
Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, սեպտեմբերից կլինեն լրացուցիչ ծրագրեր, դպրոցում երեխաների համար կապահովվի ավելի բարձր մակարդակով կրթություն, իսկ բուհ գնալիս նրանք կարող են որոշակի կրեդիտներ տանել իրենց հետ: «Անցել է թղթի վրա սովորելու ժամանակը… Երեխան մինչեւ մոդել, ինքնաթիռ, ռոբոտ չպատրաստի, չի կարող լավ ինժեներ դառնալ»,- ասաց պարոն Թոքմաջյանը:
Խոսելով դպրոցի զարգացման ծրագրի ու խնդիրների մասին՝ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ պետք է բարելավվեն դպրոցի պայմանները, ընդլայնվի լաբորատոր բազան՝ օգտագործելով համալսարանի լաբորատորիաները:
Հովհաննես Թոքմաջյանը փաստեց, որ երեխաների գերակշիռ մասը ընտրում է IT եւ տնտեսագիտական ուղղություններ, մինչդեռ ինժեներական ուղղությունների մեծ պահանջարկ կա Հայաստանում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Խորհուրդ լրաԳՐՈՂԻԿԻՆ..Երրորդ անգամ հրապարակեք նույն հոդվածը,միգուցե ստացվի…………
Գեղամ, փաղաքշական իկ մասնիկից ես չեմ նեղվում, ես հանդես եմ գալիս իմ նկարով, իսկական անուն-ազգանունով, իմ ստորագրույամբ, ի տարբերություն ձեզ, որը փորձում է վիրավորել ԾԱԾԿԱՆՈՒՆՈՎ :))) Հոգու խաղաղություն եմ մաղթում
Ես երբեք իմ մեջ չարություն չեմ ունեցել մարդկանց նկատմամբ, բայց հիմա եմ հասկանում, թե ինչ է ատելությունը:Շնորհավորում եմ Ձեզ,Դուք առաջինն եք,ով իմ մեջ չարություն ծնեց: