Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ինչպե՞ս կարող է ինքնորոշման դեմ լինի». «Ժամանակ»

Մարտ 29,2014 11:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, նախօրեին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Ղրիմի հանրաքվեն ապօրինի որակող բանաձևին դեմ քվեարկեց: Այսօրինակ քվեարկությունը ռուսական կողմի ճնշումների հետևա՞նք է:

– Անկեղծ ասած, ես ինքս չեմ մասնակցել որոշում ընդունելիս, դե հիմա, Հայաստանն այդպես է որոշել քվեարկել, այդպես է քվեարկել, ի՞նչն է այստեղ հարցը… Ես ոչ ուզում եմ արդարացնել, ոչ էլ դեմ խոսել, Հայաստանի համապատասխան իշխանություններ կան, որ այդպես են որոշել: Կարելի է քննարկել՝  իմաստ ունե՞ր այդպես անել, թե՞ ոչ, բայց հիմա արդեն քվեարկել են, ու վերջացել է, ինչի՞ մասին է խոսքը:

– Խոսքն այն մասին է, որ Հայաստանը հայտնվում է աշխարհի կողմից մեկուսացված երկրների կողքին: Այն դեպքում, երբ Ադրբեջանն է կողմ քվեարկում այս նախագծին, ի՞նչ վտանգներ կարող են լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված:

– Բնական է, որ Ադրբեջանը պետք է կողմ քվեարկի, Ադրբեջանի համար այս հարցում կողմ քվեարկելը նույնն է, ինչ որ քվեարկեր Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն լուծելուն: Դուք հաշվի առեք, որ անկախ նրանից` Ռուսաստանն է, թե ով, հարց է դրվում` այսպիսի ինքնորոշման միջոցով կարելի՞ է հարցեր լուծել, թե՞ ոչ: Հայաստանն ինչպե՞ս կարող է ինքնորոշման դեմ լինի:

– Այսինքն` ըստ Ձեզ, Հայաստանը զուտ ինքնորոշմանը կողմ լինելու համար է այդպես քվեարկել:

– Ես կարծում եմ` այստեղ ինքնորոշման գաղափարն է եղել, այն 58 երկիրը, որոնք ձեռնպահ են քվեարկել` նրանք կողմ չեն, բայց իրենք չեն քվեարկել, որովհետև ինքնորոշման հարցը շատ նուրբ հարց է: Կան ուժեր, որոնք ինքնորոշման միջոցով ուզում են իրենց հարցերը լուծել, բայց պետությունների  մեծ մասի մեջ խնդիր կա՝ իրենք միշտ դրան դեմ են եղել:

– Պարոն Մանուկյան, արդյո՞ք սա Ռուսաստանին ևս մեկ անգամ հավատարմություն ցույց տալու, հաճոյանալու համար չարվեց:

– Ո՛չ, ես այստեղ ավելի շատ երկու հարց եմ տեսնում: Առաջին՝ այն է, որ դրված է եղել ինքնորոշման հարց, և Հայաստանի դիրքորոշումն այդ տեսակետից շատ հստակ է Ղարաբաղից հետո: Եվ կա երկրորդ հարցը՝ եթե դու դաշինք ունես մի երկրի՝ Ռուսաստանի հետ, Մաքսային և ռազմական, ապա ինչ-որ տեղ դու պարտավորվածություն ունես քվեարկել այնպես, ինչպես իր շահն է պահանջում: Դա պարտադրանք չէ, դա բնական է: Եվրամիության անդամ շատ երկրներ դեմ են ԱՄՆ-ի սանկցիաներին, բայց իրենք կողմ են քվեարկում, որովհետև բոլորը նույն նավի մեջ են: Բա դուք ի՞նչ եք ուզում՝ ունենանք ռազմական, տնտեսական դաշինք մեկի հետ, բայց քվեարկենք ի վնաս իրե՞ն, այդպես չի լինում:

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31