Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայոց աշխարհ». ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է մեր պետական, ազգային շահերից

Մարտ 29,2014 10:32

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւը եւ ապօրինի ճանաչեց Ղրիմում անցկացված հանրաքվեն: Քվեարկության պատկերը վերստին փաստեց արեւմտյան երկակի չափանիշների քաղաքականության մասին. հիշեցնենք, որ բանաձեւին կողմ քվեարկած 100 երկրները ժամանակին կողմ էին քվեարկել Կոսովոյի անկախությանը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը կատարեց պետության շահերից բխող արժանապատիվ քվեարկություն:
Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

-Հայաստանը «դեմ» քվեարկությունից բացի մեկ այլ դիրքորոշում չէր կարող ունենալ, որովհետեւ այս քվեարկությունը բխում է մեր պետության, ազգային անվտանգության շահերից: Ի վերջո, պետք է նաեւ նկատի ունենալ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները:
Ղրիմում տեղի ունեցավ ինքնորոշման հանրաքվե, արդյունքները փաստեցին, որ Ղրիմի ժողովուրդը, որի 70 տոկոսը ռուսներ են, մեծ ցանկություն ունի միանալու մայր հայրենիքին` Ռուսաստանին: Այս առումով Ղրիմում եւ Արցախում իրականացված ինքնորոշման գործընթացները նույնն են:
Երկուսի դեպքում էլ կան հարցեր, որոնք անհերքելի են. դա ժողովրդի ազատ կամքի դրսեւորումն է, ինքնորոշման իրավունքի իրացումը:
   -Իհարկե: Ղրիմի հանրաքվեին դեմ արտահայտվողներն ասում են, թե այն կարճ ժամանակում տեղի ունեցավ: Հարց եմ տալիս. իսկ որքա՞ն պետք է այն ձգձգվեր, որ իրենց կողմից բնութագրվեր «կարճ», միջազգային օրենսդրությամբ ինչ-որ ժամկետներ նշվո՞ւմ են։ Իհարկե ոչ, ուրեմն ինչո՞ւ են հեքիաթներ պատմում:
Կամ ասում են, հանրաքվեի ընթացքում Ղրիմում ինքնապաշտպանական ջոկատներ են եղել։ Դարձյալ հարց եմ տալիս՝ եթե չլինեին, արդյոք գաղութատեր երկիրը թույլ կտա՞ր, որ հանգիստ կազմակերպվեր հանրաքվեն, արդյոք չէ՞ր խանգարի: Հիշենք, որ նույն իրողությունը Արցախում էր:
Եվ վերջապես, Ղարաբաղի ու Ղրիմի հակամարտությունները մեզ ժառանգություն են մնացել Խորհրդային Միությունից։ Այս իմաստով դարձյալ Ղրիմն ու Արցախը նման են իրար, հետեւաբար Արցախի ու Ղրիմի հանրաքվեները բացարձակ նույնական են: Ուրեմն ինչպե՞ս կարող էինք այս հանգամանքն անտեսելով՝ կողմ քվեարկել այդ հանրաքվեն չճանաչող բանաձեւին: Ի՞նչ է, Հայաստանը պետք է միանար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մերժող երկրների՞ն, դե՞մ քվեարկեր իր համար կարեւոր սկզբունքին: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում այս տրամաբանությունը:
Արեւմտամետները, սակայն, Հայաստանի շահերից խոսելու փոխարեն, մատնացույց են անում անլուրջ փաստարկներ, թե՝ տեսեք, 100 երկիր դեմ է քվեարկել բանաձեւին, իսկ կողմ քվեարկողների մեջ բռնապետական վարչակազմերով հայտնի երկրներն են:
-Էդ ովքե՞ր են որոշողները, թե ո՞ր երկիրն է բռնապետականը, որը` ոչ: Եթե արեւմտյան որեւէ կառույց ու երկիր պաշտպանում է Թուրքիային ու հանդուրժում նրա ոճիրները, ուրեմն ոչ մի իրավունք չունի խոսելու արդարության անունից, իրավունք չունի այլ երկրներին բռնապետական բնութագրելու: Եթե եվրոպացին հանդուրժում է թուրքին, ուրեմն պետք է հանդուրժի նաեւ հյուսիսային կորեացուն:
Երկրորդ՝ ի՞նչ նշանակություն ունի, թե քանի՞ երկիր եւ ինչպե՞ս է քվեարկել, ի վերջո, ճշմարտությունը շատի կամ քչի մեջ չէ: Մեզ համար ճշմարտությունը մեր ազգային, պետական շահն է: Մենք ինչպե՞ս կարող ենք միանալ այն երկրներին, որոնք չեն ճանաչում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Շահարկվում է նաեւ այն միտքը, թե չնայած ավելի վաղ ԱԳ նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որ Հայաստանը «ձեռնպահ» կքվեարկի հիշյալ բանաձեւին, բայց իրականում «դեմ» քվեարկեց:
-Գործ ունենք քաղաքական մանիպուլյացիայի հետ: Իրականում կատարվել է հետեւյալը: Չորս օր առաջ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Հայաստանը նախօրոք իր քվեարկությունները երբեք չի համաձայնեցնում եւ նախօրոք չի հայտնում այդ մասին:
Մինչդեռ զարմանալիորեն «Ազատություն» ռադիոկայանը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի, իբրեւ թե ԱԳՆ-ն ասել է` ձեռնպահ է քվեարկելու: Այդ որտեղի՞ց եզրակացրին: Եվ այսօր քաղաքական մանիպուլյացիայով զբաղվողները, մի կողմ թողնելով Հայաստանի արտաքին գերատեսչության պատասխանը, հղում են անում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրությանը:
Ի՞նչ է ստացվում. որ այս ռադիոկայանը կանխավ սարքեց հայկական տեսակետ, մատուցեց այն որպես պաշտոնական: Սա արդեն «սառը պատերազմի» գործելաոճ է, գործ ունենք քաղաքականության մեջ հակառակորդ ուժի կողմից հաճախ կիրառվող սկզբունքի հետ` «նախադրյալների խեղաթյուրում` ցանկալի արդյունք ստանալու համար»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվահամարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31