Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի փուչիկը մի հատ էլ պայթեց. «Ժամանակ»

Մարտ 29,2014 10:16

Երեկ Սերժ Սարգսյանը Էներգետիկայի նախարարություն է այցելել, որտեղ հայտարարություն է արել գազի գնի հնարավոր թանկացման մասին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական գազի գինը կապված է Ռուսաստանի ներքին գներին, և եթե Հայաստանում գազը առաջիկա հինգ տարում թանկանա, ապա` առավելագույնը 5 տոկոսով:

Հիշեցնենք, որ վերջին օրերին լրագրողները այս մասին հարցեր էին ուղղել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը սակայն հայտարարել էր, թե չգիտի՝ կթանկանա գազը, թե ոչ: Բանն այն է, որ Ռուսաստանը պատրաստվում է այս տարվա հունիսի 1-ից թանկացնել գազը իր ներքին շուկայում` մոտ 5 տոկոսով: Լրագրողների հարցերին ի պատասխան, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գազը կթանկանա նաև Հայաստանում` Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ չգիտի՝ պետք է, որ չթանկանա:

Եվ ահա, մեկ օր հետո Սերժ Սարգսյանն այցելում է Էներգետիկայի նախարարություն և հայտարարում, որ կթանկանա, բայց առավելագույնը 5 տոկոս: Այսինքն` Սերժ Սարգսյանն ըստ էության խմբագրում է իր նախարարին, որն ասել էր, թե պետք է, որ չթանկանա:

Այս իրավիճակը շատ խորհրդանշական է Հայաստանի կառավարման համակարգի համար, որտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Եվ սրա պատճառն այն է, որ Հայաստանի կառավարման համակարգը վաղուց դադարել է որոշումներ կայացնել Հայաստանի համար, և նման` այսպես ասած իրարից անտեղյակության պատճառը հենց այն է, որ համակարգն առաջնորդվում է դրսից՝ Մոսկվայից թելադրվող որոշումներով, ոչ թե ինքն է կայացնում դրանք:

Սակայն սա, իհարկե, խնդրի մի կողմն է միայն, իսկ մյուսն այն է, որ փաստորեն դեռ մի քանի ամիս չանցած Հայաստանում գազը կրկին թանկանալու է: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Մաքսային միություն մտնելու շնորհիվ գազն էժանանալու է: Այսինքն` բացահայտվում է քարոզչական հերթական փուչիկը, որ պայթում է իրականության հետ մի թեթև հպումից:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31