Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում «դեմ» քվեարկելու փաստարկները

Մարտ 29,2014 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը եւ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:

Արամ Աբրահամյան.– Քանի որ դուք, որքան հասկանում եմ, շատ հարցերում համակարծիք եք, ես բերեմ ձեր ընդդիմախոսների փաստարկները: Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մենք պետք է սատարենք նրան եւ չենք կարող մերժել որեւէ պարագայում: Փաստարկ թիվ 1:

Նարինե Մկրտչյան.– Հայաստանը արդեն տեւական ժամանակահատված է, ինչ իր շահերը ոչ թե համադրում է պաշտոնական Ռուսաստանի, այսինքն՝ Մոսկվայի շահերի հետ, այլ ածանցում է: Հայաստանի շահերը այսօր ստորադասվել են Ռուսաստանի Դաշնության շահերին, եւ այն որոշումները, որ կայացնում ենք, նկատի ունեմ պաշտոնական Երեւանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, չեն բխում հայ ժողովրդի շահերից: Այդ փաստարկները` Ռուսաստանը մեր դաշնակիցն է, քննադատության անգամ չեն դիմանում, որովհետեւ դրանք սնանկ փաստարկներ են, Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացնում եւ Հայաստանի հասարակության անունից հանդես է գալիս միջազգային բարձրագույն ատյաններում:

Արամ Աբրահամյան.- Ինչո՞ւ է սնանկ, Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ՞:

Ն. Մ.– Ռուսաստանը մեր դաշնակիցն է, միաժամանակ մենք չենք կարող մեր շահերը ստորադասել:

Արամ Աբրահամյան.– Եթե մենք մերժենք Ռուսաստանին, նա Ղարաբաղը կվերցնի, կտա Ադրբեջանին, գազը, ջուրը, լույսը կկտրի, հեռահաղորդակցությունները նույնպես կանջատի:

Զարուհի Հովհաննիսյան.- Ես ուզում եմ հիշեցնել, որ 4 անգամ ՄԱԿ-ը բանաձեւ է ընդունել հենց Ղարաբաղի մասով, եւ Ռուսաստանը քվեարկել է Հայաստանի դեմ, այսինքն՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը վերցրել է Հայաստանից եւ տվել Ադրբեջանին, այնպես որ՝ վախենալու ոչինչ չկար, Հայաստանը շատ հանգիստ կարող էր գոնե ձեռնպահ քվեարկել այդ բանաձեւին եւ միենույն ժամանակ չհայտնվել այդպիսի ավտորիտար ռեժիմների համադրության մեջ:

Ա. Ա.– Իսկ մնացածը` գազ, ջուր, հոսանք, մեզ կարո՞ղ է պատժել Ռուսաստանը, եթե մենք չլսենք նրա հրամանները:

Զ. Հ.– Ամեն րոպե կարող է պատժել, եւ դու հայտնվել ես խամաճիկի դերում եւ կորցրել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները, փաստորեն Հայաստանը ցույց է տալիս, որ կորցրել է իր ինքնիշխանությունը:

Ն. Մ.– Հայաստանը վերջին տարիներին թույլ է տվել, որ Ռուսաստանը իր տնտեսական լծակներով մխրճվի Հայաստանի տնտեսության մեջ, մարմնի մեջ եւ դառնա անքակտելի մասը: Տնտեսական լծակները փոխվեցին քաղաքական լծակներով, հիմա արդեն՝ ռազմաքաղաքական եւ որ ավելի վտանգավոր է` աշխարհաքաղաքական լծակներով: Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ աշխարհում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ:

Ա. Ա.– Ղրիմի հարցը, ասում են ձեր ընդդիմախոսները, ինքնորոշման խնդիր է, եւ բնական է, որ մենք ունենալով Ղարաբաղի խնդիր՝ պետք է լինենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը դեմ:

Զ. Հ.– Ես ընդհանրապես երբեք համադրելի չէի համարի Ղարաբաղյան խնդիրը եւ Ղրիմի հարցը, որովհետեւ տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից ագրեսիա՝ առաջին հերթին, հետո նոր կազմակերպվել է կասկածելի հանրաքվե, բացի դրանից՝ ոչ ոք չէր ստիպում Ռուսաստանին 1994թ. վավերացնել համաձայնագիր, որով նա ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ այստեղ տեղի է ունեցել նաեւ միջազգային իրավունքի խախտում:

Ա. Ա.– Համաձայն չե՞ք, որ ազգերի ինքնորոշման խնդիր է Ղրիմի խնդիրը, այսինքն՝ այնտեղ գերակշռում էր ռուս բնակչությունը, նա միշտ երազում էր վերամիավորվել Ռուսաստանի հետ, ի վերջո՝ քվեարկեց վերամիավորվելու համար:

Զ. Հ.- 1994թ.-ին չկա՞ր այդ ռուս ազգը, երբ Ռուսաստանը ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նրա միջուկային զենքի փոխարեն, այսինքն՝ կատարվել է գործարք, որի փոխարեն Ռուսաստանը արդեն համաձայնել է, որ Ղրիմը մաս է կազմում Ուկրաինային՝ այժմ, երբ Ուկրաինան փորձեց ազատագրվել Ռուսաստանի անմիջական ազդեցությունից եւ չընդունել նրա հետ նույն մաքսային գոտում գտնվելու առաջարկը:

Ա. Ա.– Իմ զրուցակիցները` ձեր ընդդիմախոսների շարքից, ասում են՝ Շոտլանդիա, Կատալոնիա, Կոսովո, Հյուսիսային Օսիա, Աբխազիա, այսինքն՝ նշում են մի շարք երկրներ եւ այդ շարքում նշում են նաեւ Ղրիմն ու Ղարաբաղը:

Ն. Մ.– Հայաստանի արտաքին քաղաքականությունը այնքան խոցելի է, այնքան իրավիճակային է, որ նույնիսկ նրանց բերած փաստարկները անիմաստ է քննարկել: Արդեն քանի օր է՝ աշխարհում միջազգայնագետները, տեսաբանները պնդում են, որ յուրաքանչյուր հակամարտություն տարբեր է, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Ղրիմի հանրաքվեին, վտանգավոր է այն համեմատել Ղարաբաղի հանրաքվեի հետ: Ղրիմի հանրաքվեն ռուսական զինուժի, դիպուկահարների հսկողության տակ է անցկացվել` խախտելով միջազգային իրավակարգի բոլոր չափանիշները, եւ անցկացվել է Ռուսաստանի պահանջով, բռնակցությամբ, այնտեղ Ղրիմի բնակչության պահանջը չէր, այդ իսկ պատճառով ուղղակի անիմաստ է համեմատել այս հանրաքվեները:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Даааааа…………….нам даже внешних врагов не надо(((((! Теперь уже понятно,почему наши СМИ в таком плачевном состоянии находятся. При таком председателе!! Маленькое замечание: не говорите от имени народа,этим правом пользуется только Президент.

  2. Hayk says:

    Г-жа Нарине! В США или ЕС Вас немедленно освободили бы от занимаемой должности!

  3. Էդվարդ says:

    Հայկ, երևի հայերեն գրելիս կոպիտ ուղղագրական սխալներ ես անում հայերենով գրելիս: Արմատներդ ղարաբաղից են, երևի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31