Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նիստը:
Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ամփոփեց «Դինամո» մարզադահլիճում իրար հաջորդած Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունները՝ դրանք, ընդհանուր առմամբ, գնահատելով բավարար: Սակայն ֆեդերացիայի նախագահը դիտողություններ ուներ նախ մարզիչներին ու մարտավկաներին, ապա նաեւ՝ մրցավարներին: Պարոն Գեւորգյանի գնահատմամբ, առաջնություններում մրցավարների որոշումից դժգոհ որոշ մարզիչներ ու մարտավկաներ ուսուցչին ոչ վայել պահվածքով վատ օրինակ ծառայեցին իրենց սաներին, ինչը բացասաբար անդրադարձավ հենց բռնցքամարտիկների վրա: Մասնավորապես, մի քանի բռնցքամարտիկներ, հետեւելով իրենց մարզիչներին, չներկայացան պարգեւատրմանը, որի համար նրանք պատժվել են: Ֆեդերացիայի նախագահը, որ երեք առաջնությունների ընթացքում գտնվել է մարզադահլիճում, դիտողություններ ուներ նաեւ մրցավարների հասցեին, որոնք, երբեմն, կորցնում էին զգոնությունը: Այնուհետեւ, ֆեդերացիայի նախագահը հրապարակեց Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք համալրվել են ազգային առաջնությունների արդյունքներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ