Մարտի 28-ին,ժամը 19.30-ից մինչեւ 21.15-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Չինարին: Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գնդակները խոցել են տների պատուհաններ,մտել տների հատակներ: Այդ բնակարաններում ապրող երեխաները վախ են ապրել: Չինարիի գյուղապետն ասաց, որ հայ սահմանապահներն արժանի հակահարված են տվել ազերիներին: Այդ պահին Սաղոյանի կողքին հարեւան Չորաթանի գյուղապետ,ազատամարտի տարիներին Չորաթանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանն էր: Չինարիի գյուղապետն ասաց, որ Վ. Բաղմանյանը եկել է տեսնելու իրավիճակը, նաեւ ոգեւորելու չինարեցիներին:
Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ մարտի 28-ի երեկոյան մոտ մի ժամ, ընդհատումներով ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղը, վնասներ չկան: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց , որ մարտի 27-ի գնդակոծությունից ծակվել են գյուղի տների տանիքներ: Նրա խոսքերով՝ մարտի 28-ի երեկոյան գնդակոծության վնասները պարզ կդառնան մարտի 29-ի ցերեկը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ մարտի 28-ի ժամը 17-ից հետ մի քանի ժամ գնդակոծություն է եղել, հատուկենտ կրակոցները դեռ շարունակվում են: «Բեզարել եմ կրակոցներից եւ լրատվամիջոցներից: Լրագրողները զանգում են, հարցնում, թե խի են կրակում, գնդակները ո՞ր ուղղությամբ են..»,-ասաց Ա. Այդինյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ