Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն այն մասին, թե ինչու են տարբերվում «Ժառանգության» անդամների կարծիքները ՄԱԿ-ում ՀՀ քվեարկության շուրջ

Մարտ 28,2014 21:33

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքից հետո Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իրականում ինչո՞ւ գնաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ բանակցության` ակնկալելով իշխանափոխություն մի կուսակցության հետ, որը թե խորհրդարանական, թե Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցությունների ու «Ժառանգության» պնդմամբ` ընտրակաշառք է բաժանել: Ի պատասխան մեր հարցի, պարոն Հովհաննիսյանն ասաց.«Ժամանակի ընթացքում մեզ քննադատել են, պիտակներ են կպցրել, նաեւ այդ ուժերը, որի մասին դուք նշեցիք, իշխանական ուժերը, բայց դա ինձ չի հուզում, ինձ հուզում է, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջն իրականացվի, եւ այդ պահանջը` արտահերթ իշխանափոխությունն է` վերից վար: Դա կարող են անել միմիայն այն դեպքում,երբ հասարակական եւ քաղաքական ուժերը միացան, մնացածը գործի հարց է: Իմ կոչը այն է, որ միասին այդ գործն անենք: Այսօր այստեղ միացան տարբեր ուժեր, այստեղ համատեղ հրավիրված համահավաք կլինի ապրիլի 9-ին, հիմա երկիրը փրկելու խնդիր ունենք, ժողովուրդը հասկացել է մի շատ պարզ բանաձեւ, բոլոր նրանք ովքեր, որ իրենց համարում են արտահերթ իշխանափոխության դրոշակակիր, ինքը պետք է միանա այս հրապարակում, ոչ թե կուսակցական դրոշի ներքո, այլ եռագույնի: Հույս ունեմ հաջորդ հավաքը կլինի համատեղ»:

Լրագրողների դիտարկմանը, որ Դաշնակցությունը, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն չեն պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ դուք  վերից վար իշխանափոխության մասին եք խոսում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես ակնկալում եմ, որ մեր հանդիպումների ընթացքում եւ առաջիկա աշխատանքներն էլ բերեն նրան, որպեսզի իրենք նույնպես կգան այն եզրակացության, որ առանց ամբողջական իշխանափոխության, անհնար է որեւէ բան փոխել երկրում: Ես հավատում եմ, որ այդ համարձակությունը կլինի բոլոր ուժերի մոտ»:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին քննադատեց ՄԱԿ-ի ասամբլեայում Հայաստանի քվեարկությունը, ըստ որի Հայաստանը դեմ է,որ Ղրիմի հանրահավաքը անօրինական է:

Aravot.am-ի այն հարցին, թե «Ժառանգության» անդամ Ռուբեն Հակոբյանն այդ քվեարկության վերաբերյալ կարծիք էր հայտնել,թե Հայաստանը պետական շահով է առաջնորդվել, ինչո՞ւ է տարբերվում կուսակիցների կարծիքներն այս հարցում, պարոն Հովհաննիսյանն ասաց. ««Ժառանգության» ուժը հենց դրանում է, ու մենք հրապարակային ենք, ունենք տարբեր մոտեցումներ, ունենք բանավեճ, մեր պաշտոնական տեսակետը, որը անհատական տեսակետներով հանդերձ, այն է, որ կարեւորը մեզ համար Հայաստանի սահմանադրականություն է, ժողովրդավարությունն ու ազգային շահը: Դրանից պիտի բխեցնենք մեր մոտեցումները` թե Արցախի, Ուկրաինայի, միջազգային կամ ներքին հարցերին: Ներկա դրությամբ մենք համաձայն չենք ներկա իշխանության քվեարկության եւ համարում ենք, որ նվազագույնը Չինաստանի, Ղազախստանի նման ձեռնպահ պիտի քվեարկեինք, սա մեր նախնական մոտեցումն է»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ապրիլի 9-ի հանրահավաքին ինքը հանդես կգա հայտարարությամբ, նա նաեւ նշեց, որ այսօրվա իշխանությունների կողմից ընդունված որոշումները թե ՄԱքսային միության եւ թե այլ հարցերում անշրջելի չեն, եւ ամեն ինչ կարելի է քննարկել, օրինավոր իշխանության դեպքում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31