Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի բողոքը ոստիկանապետին. «Ո՞նց կարող է սեփական խանութ լինել փողոցի ուղիղ կենտրոնում»

Մարտ 28,2014 21:25

Երեկ Գյումրու քաղաքապետարանում Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ խոսք ընկավ նաև փողոցային առևտրից: Գյումրու քաղաքապետարանի առևտրի բաժնի աշխատակիցներից մեկը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ են պայքարելու փողոցային առևտրի դեմ ու արժանացավ բավական կոպիտ պատասխանի: Ոստիկանապետը հասկացրեց, որ սոցիալապես անապահով, աշխատատեղերից զուրկ  քաղաքում քաղաքապետարանը ոչ թե պետք է մարդու հացը կտրի, այլ օգնի ապրելուն:

«Շատ ցավոտ հարց է, էդ հարցով մենք քաղաքապետի հետ խոսել ենք, մարտավարություն ենք մշակել, բոլորս շատ լավ գիտակցում ենք ժողովրդի սոցիալական վիճակը և պատկերացնում ենք, թե օրական էդ սեղանիկից 5-10 դրամ հայթայթող բազմանդամ ծնողը, որ տանում է տուն, նրա հետևից հանելով, բրթելով, էդ սեղանիկը չտրամադրելով, թե դրա հետևանքները ինչ են դառնալու… Բիրտ, կոպիտ, զուտ օրենքին համապատասխանող քայլերով էսօրվա դրությամբ, երբ որ առավել ևս ահազանգեր, որոշումներ ի կատար ածվում են  քաղաքապետարանի կողմից, մեր կողմից ձեռնամուխ լինելը էսպես ինքնաբուխ պրոցեսների շտկման կամ վերացման, դա բավականին լուրջ  հետևանքներ են ունենալու: Այսինքն` էսօր գանք մարդուն շատ կոպիտ ձևով ասենք ստեղից դուրս արի, գնա էնտեղ, կամ ոչ մի տեղ մի գնա, էդ 10 դրամից զրկենք, կարող է դուք գաք վաղը մեզ խնդրեք, ասեք` եկեք էսպես լուծենք էս հարցը: Դա շատ վիճահարույց է» , -ասաց ոստիկանապետը:

Ըստ նրա, այլ հարց է, եթե որևէ մեկը սեղանները հանել դրել է  այնպես, որ երթևեկությանն է խանգարում, հասարակական կարգին, ոստիկանությունը անմիջապես այդ ամենի լուծումը կտա: «Բայց ընդհանուր երևույթը, որ միասին գնանք սեղանիկը շուռ տանք, տանենք էս կողմ, էն կողմ, դա երևի քաջ գիտակցում եք ինչի կհանգեցնի: Հետևաբար` դա մտածելու, մարտավարություն մշակելու, մարդավարի օրենքով մոտեցումներ դրսևորվելու խնդիրն է»,- ասաց ոստիկանապետը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակեց այս թեման` բավական արտառոց մի փաստ հրապարակելով: Նա  իր խոսքը մասնավորեցրեց` օրինակ բերելով Շահումյան փողոցն ու այսպես ասած Լաչինի միջանցքը, որտեղ ակտիվ փողոցային առևտուր է ծավալվում: «Պիտի ասեմ, որ հենց փողոցի վրա, հենց փողոցի մեջտեղը կա սեփական խանութ, տեսե՞լ եք, ճիշտն ասած  վկայականը, որ բերեցին, ես նույնիսկ  ապշեցի…Ես հիմա հանել եմ սխեման էդ փողոցի, և  ինձ համար զարմանալի  է, թե ոնց կարող էր Մայակովսկու  փողոցի վրա սեփական խանութ լինել փողոցի ուղիղ կենտրոնում: Իհարկե, ես Երվանդ Զախարյանին տեղեկացրել եմ»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Ոստիկանապետ Նադարյանը ծիծաղելով արձագանքեց. «Ինչպես որ  Գյումրին երկրորդ  քաղաքապետարան ունի, այնպես էլ փողոցի մեջտեղում սեփական խանութ կունենա»:

Գյումրու քաղաքապետն ասաց, որ նման սեփականատերերի կողքին կան մարդիկ, որոնք ամբողջ օրը դրսում կանգնած հազիվ հացի փող են վաստակում, և որ Գյումրու քաղաքապետարանը փորձել է կանոնակարգել փողոցային առևտուրը, սակայն դժգոհություններ են հնչել, թե մեր հացն եք կտրում: Հետևաբար` և ըստ քաղաքապետի, անհրաժեշտ է գտնել խոշոր ներդրողի, ով ներդրումներ կկատարի կենտրոնական շուկայում, որպեսզի այս ձևով կարողանան ազատել ամենալայն փողոցը` Շահումյանը: Քաղաքապետը նաև ասաց, որ չեն կարող նույնիսկ գումարներ հավաքել բաց առևտուր անողներից:

Ոստիկանապետը, քաղաքապետի այս խոսքի վրա, շարունակելով թեման, ասաց, որ ոստիկաններին իր օրոք այլևս արգելված է հարկահավաքություն անել շուկայում: Նա խնդրեց նման դեպքերի մասին իրեն անմիջապես տեղյակ պահել և ինքը այդպիսի  «անպարկեշտ ու անդաստիարակ» ոստիկաններին   կհեռացնի ծառայությունից: Գնդապետ Նադարյանի հայտարարեց, որ այդ հին սովորույթով շարժվող մի քանիսին արդեն իսկ հեռացրել է համակարգից:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Այ մարդ էս բալասանյանը էլ ինչ անի, սաղի վրա գործ սարքեց, անգամ ոստիկանապետին է գործի դնում, որ բռնել տա , էլ էս մարդը Գյումրու համար ինչ անի, որ գյումրեցիները գնահատեն, չեմ հասկանում, իրա ֆունկցիան լավ կատարում է էլի, այ ժողովուրդ, եկեք ծափահարենք, որ հետո հարստահարենք իրան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31