Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում առաջիկայում կմեկնարկեն հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման աշխատանքները

Մարտ 28,2014 19:54

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում  հրատապ խնդիրների լուծման նպատակով:  Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով,  հիմնականում  կիրականացվեն դպրոցաշինության,  ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ  աշխատանքներ: Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց սկսել նախապատրաստական աշխատանքների  իրականացումը` նախատեսված ծրագրերը  ժամանակին կատարելու եւ ավարտելու համար:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում  ընդունված որոշումների մասին,  որոնք վերաբերում են   փոխադրամիջոցների գույքահարկին:  Ընդունված որոշումներով սահմանվել են փոխադրամիջոցների համար գույքահարկի  պարտավորություն չունենալու վերաբերյալ առցանց ռեժիմով  տեղեկանքի տրամադրման ձեւը եւ ժամկետը: Նա հույս հայտնեց, որ որոշումների կիրառումը հնարավորինս կնվազեցնի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաեւ կկանոնակարգի գումարների պլանավորման եւ հավաքման գործընթացը:

Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի, մասնավորապես, հողօգտագործողներին  մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուի բաշխման ընթացքի մասին: Փոխվարչապետն առաջարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցաբար աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի հատկապես դիզվառելիքի եւ պարարտանյութի  բաշխումն իրականացվի ժամանակին եւ առաջնահերթ կերպով  այն մարզերում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկում :

Անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման ընթացքին: Նշվեց, որ Արմավիրի  մարզում արդեն 50 կայանք  տեղադրվել է, առաջիկայում նոր կայանքներ կտեղադրվեն նաեւ Արագածոտնի, Արարատի, Լոռիի մարզերում: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ առաջիկա օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հնարավոր ցրտահարությունների խնդրին  եւ առաջարկեց համապատասխան աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ քննարկվեցին համահայկական  որոշ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախարարը  մարզպետներին  մանրամասներ  ներկայացրեց  «Արի տուն» ծրագրի եւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի վերաբերյալ` նշելով, որ  այս տարի եւս ակնկալվում է  մարզերի աջակցությունը ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ մարզային  խմբերի մասնակցությունը «Իմ Հայաստան» փառատոնին: Քննարկվեցին նաեւ սիրիահայերի  աջակցության հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մայիսյան տոների կապակցությամբ մարզերում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հարցերին:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Karen says:

    Ամեն տարի մարզերի, մասնավորապես Տավուշի համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման համար միլիարդներ են հատկացվում ու աննպատակ ծախսվում, իսկ առաջնահերթ հարցերը մնում են չլուծված: Ով է որոշում հարցերի հրատապության աստիճանն ու դրանց լուծման հերթականությունը՝ իհարկե Տավուշի մարզպետը, ով առաջնահերթությունը տալիս է այն ոլորտներին, որտեղից գումարների մսխման տարբերակներն առավել հեշտ են ու ՎՊ-ի կամ իրավապահների կողմից դժվար վերահսկելի: Մասնավորապես Տավուշում դա քաղաքաշինության ոլորտն է, որտեղ նույնատիպ ծրագրերով 2013թ. 21,5 մլրդ դրամ գումար է ծախսվել, որին ցավոք ՎՊ-ն այդպես էլ չանդրադարձավ: Պարոն Գևորգյան ինչ վերաբերվում է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուի բաշխմանը, ապա ճիշտ կլինի, որ դուք մինչ որոշում կայացնելը նախորդ տարիների թվերն ուսումնասիրեք ու համոզվեիք, որ Տավուշի համար նախատեսված պարարտանյութը, վառելիքն ու սերմացուն իրացվում են հենց բազաներից առավել թանկ վճարողներին: Այս իրավիճակի վառ ապացույցը մարզի վարելահողերի մոտ 80%-ի արոտավարերի վերածվելն է, չնայած մարզպետարանի հաշվետվություններում այդ տարածքների զգալի մասը վարված և ցանված են: Ի դեպ աննպատակ ծախսերի վառ ապացույց է նաև Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շրջանցիկ հատվածի կառուցումը, որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում նախորդին /պ-ն Գևորգյան նոր կառուցվող հատվածի անվտանգությունն ապահովելու համար 400 մերտր պատնեշ կառուցելու անհրաժեշտության մասին մարզպետը հենց ձեզ է զեկուցել/:
    Ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահը Տավուշ կատարեիք այցի ժամանակ ականատես կլինի մարզի գյուղատնտեսության ոլորտում ծախսված գումարների ու չիրականացված աշխատանքների ՞արդյունքներին՞ ու …:

  2. ivan says:

    Տավուշի մեծ գրպանահատի աչքը լույս:Եթե նպատակը արդարացնում է միջոցները,ապա շատերի նպատակը կբավարարի Տավուշի մարզպետը, ընդ որում խոշոր կուպյուրներով:Մեր մարզպետի մեծ ,,կալիբրը,, թույլ է տալիս համապատասխան ,,օտկատներ,,:Բոլորդ գոհ կմնաք,բացառութ- յան Տավուշի բնակչության:

  3. Garegin says:

    Ժամը 8.45-ի սահմաններում ընդամենը 99 ընթերցող: Հոդվածի ընթերցողների քանակն ինքնին վկայում է, որ ինչպես Տավուշի, այնպես էլ մնացած մարզերի ժողովրդին վաղուց արդեն չեն հետաքրքրում ոչ Ա.Գևորգյանը, ոչ նրա կողմից հնչեցված հրատապ խնդիրների լուծման համար նախատեսված գումարները, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առյուծի բաժինն ուղղակի փոշիացվելու է: Եթե Ա.Գևորգյանն ու Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանն իրենց աշխատած տարիներին հրատապ խնդիրների լուծման գումարների գոնե 50 % ծառայեցրել էին բուն նպատակին, վաղուց այլ իրավիճակ կունենաինք: Անհուսալի վիճակ և իշխանությունների նկատմամբ բացարձակ անտարբեր վերաբերմունք՝ սա ձեր աշխատանքի արդյունքն է, պարոնայք իշխանավորներ:

  4. karp says:

    Ցայտնոտի մեջ գտնվող Ա.Ղուլարյանը բլից պարտիա կխաղարկի
    ,,հրատապի,, հետ:Հիմնականում ասֆալտ անձրևի ու ձյան տակ,
    հազարավոր ասֆալտե կարկատաններ ջրափոսերում:Անհրաժեշտ
    է խնամու հետ միասին մազապուրծ լինել Վազաշեն-Պառավաքար
    արկածախնդրությունից,որը փրկարար օղակ չդարձավ իր ընտանեա-
    կան կլանի համար և ոչ էլ անվտանգ ճանապարհ Բերդի տարածա-
    շրջանի բնակիչների համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31